«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների խորհուրդը եւ նախագահությունը շնորհավորում են Սերժ Սարգսյանին` Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Հետամուտ լինելով իր 19-րդ համաժողովում ընդունված քաղաքական բանաձեւին, ՍԻՄ-ը ողջունում է դեպի անցյալը վերադառնալու փորձի մերժումը ժողովրդի կողմից: Հույս ունենք, որ այս հաղթանակը կդառնա Հայաստանի կայուն զարգացման, երկրի անվտանգության ապահովման, ազգային արժեքների պահպանման, ժողովրդավարության տարածման, արդարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պահպանման, հայ ժողովրդի բարեկեցության եւ սոցիալական ապահովության աճի գրավականը: ՍԻՄ-ը, մնալով կառուցողական ընդդիմության դիրքերում, պատրաստ է իր գործուն նպաստը բերել վերոհիշյալ ազգանվեր նպատակներին հասնելու եւ խնդիրները լուծելու ճանապարհին: Վերջին ընտրությունները, հայտնի թերություններով հանդերձ, գնահատում ենք որպես մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարական սկզբունքների հաղթանակը` միաժամանակ նշելով, որ մեր կուսակցության մասնակցությունը դրանց սահմանափակված էր դեռեւս մեկ տարի առաջ մեր դեմ կատարված հակաօրինական քայլերով: Կարծում ենք նաեւ, որ ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ ԶԼՄ-ներում բարձրացված հարցերը, դիմում-բողոքները պետք է հստակ ուշադրության արժանանան իշխանությունների կողմից եւ գտնեն իրենց պատասխանները: Կուսակցությունը նաեւ արձանագրում է, որ Հայստանում դեռեւս առկա է անվստահության եւ անկումային մթնոլորտ, որն իր ակունքներում ունենալով նախկին վարչակարգի հիմնադրած ոչ ազգանպաստ մոտեցումները, դարձել է ոչ միայն ազգի տարանջատման, այլեւ պետության վրա դրսից ճնշումներ իրականացնելու միջոց: Այս հանգամանքը պատճառ է դարձել մեր անցյալի նկատմամբ կարոտախտային երեւույթների զանգվածային դրսեւորման, ինչին, այլ լուծումներ չգտնելով, իրենց մասնակցությունն են բերում նաեւ ազնիվ մարդիկ, ինչը անթույլատրելի է Ղարաբաղյան խնդիր ունեցող ազգի համար: Մտահոգություն են առաջացնում երկրի մթնոլորտը ապակայունացնելուն միտված, ընտրություններում պարտված թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի թիմի փորձերը: Ընտրությունների արդյունքների վիճարկումը կարող է կատարվել միմիայն օրենքով նախատեսված կարգով, որը բացառում է այն ուժային եւ հոգեբանական ճնշումների կիրառումը, որոնք առկա են ցանկացած գնով ռեւանշի հասնելու ձգտող Լ. Տեր-Պետրոսյանի թիմի տրամադրվածության մեջ: Նշենք, որ զավեշտական է, երբ ընտրակեղծիքների, ընտրական հանցագործությունների, բիրտ ուժի մասին խոսում է Լ. Տեր-Պետրոսյանը, որը այդ մեթոդների եւ հանցանքների կնքահայրն է Հայաստանում: ՍԻՄ-ը հստակ ընդգծում է, որ որոշ ուժերի ձգտումը` Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կարծիքը ներկայացնել որպես ամբողջ ընդդիմության տեսակետ, չի կարող համապատասխանել իրականությանը: ՍԻՄ-ը կտրականապես անհամաձայնություն է հայտնում Լ. Տեր-Պետրոսյանի «նարնջագույն» հեղափոխության ծրագրին, որը նա փորձում է անցկացնել «ընտրական կեղծիքների» դեմ բողոքի շղարշի տակ: Երկրի եւ պետության առջեւ ծառացած բազմաբնույթ մարտահրավերները պարտավորեցնում են ազգին սթափ գնահատել երկու տասնամյակների անցած ոչ միանշանակ ճանապարհը եւ տարանջատել ազգային արժեքները ներկայիս իշխանությունների ակնհայտ բազմաթիվ բացթողումներից: ՍԻՄ նախագահ` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՍԻՄ քարտուղար` ԱՐԹՈՒՐ ՍԻՐԵԿԱՆՅԱՆ