ՀՐԵՇԸ


Համակենտրոնացման ճամբարներում դաժան սպանություններ կատարած այդ ավստրուհին արդեն բավական ծեր է` դատական պատասխանատվության ենթարկվելու համար: Մինչդեռ արտաքնապես անմեղ թվացող 85-ամյա Էռնա Վալլիշին ճանաչողներից քչերը գիտեն, որ նացիստական ռեժիմի ժամանակներում տակավին երիտասարդ այդ կինը անողոքաբար սպանել է (ոչնչացրել է) համակենտրոնացման ճամբարների կալանավորներին: Եվ նրան արդեն չեն դատապարտի. Ավստրիայի արդարադատությունը ստիպված է ներել նրան` կանանց և երեխաների սպանության համար: *** Բրիտանացի պատմաբան և գրող Գայ Վոլտերսն իր կյանքը նվիրաբերել է նացիստ հանցագործների որոնումներին. նրանց, ովքեր այս կամ այն պատճառով հաջողեցրել են խուսափել պատասխանատվությունից: Սիմոն Վիզենտալի իսրայելական կենտրոնի կազմած որոնվող նացիստների ցուցակում 7-րդը Էռնա Վալլիշն է` սադիստուհին Ռավենսբրյուկի կանանց համակենտրոնացման ճամբարից: Պատմաբանը երկար էր որոնել նրան և երբ գտավ` ապշեց: Պարզվում է` նա իսկի չէր էլ թաքնվել: «Հանցագործ` փախուստի մեջ» կարգավիճակով այդ կնոջ դռան վրա ցուցանակ կա` «Վալլիշ Էռնա»: Իհարկե, Դանուբի ափին վիեննական իր բնակարան մտնել նա Վոլտերսին թույլ չտվեց: Բայց անկասկած էր, որ գրողի առջև ավստրիացի սովորական պառավ էր կանգնած: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այն ժամանակ դեռևս երիտասարդ այդ կինը մի քանի ճամբարներում մահվան սարսափ էր տարածում: Էռնա Վալլիշը (օրիորդական ազգանունը` Պֆաննենշտիլ) ծնվել է 1922 թ.` փոստային ծառայողի ընտանիքում: Դեռահաս տարիքում նա ընդունվել է նացիստական բանակ և ստացել վերակացուի պաշտոն` Բեռլինից ոչ հեռու Ռավենսբրյուկի համակենտրոնացման կանանց ճամբարում: Ավելի ուշ նրան տեղափոխել են լեհական Լյուբլին քաղաքի մերձակայքում գտնվող Մայդանեկ գերմանաֆաշիստական ճամբար, որտեղ մեկուկեսամյա աշխատանքի ընթացքում ծանոթացել է ապագա ամուսնու` ճամբարի պահակ Գեորգի Վալլիշի հետ: Մինչ օրս էլ անհայտ է, թե Էռնան ինչու էր հեռացել Մայդանեկից: Ասողներ կան, որ ղեկավարությունը մտադիր էր նրան տեղափոխել Օսվենցիմ: Այստեղ նախկին կալանավորները, ում բախտ էր վիճակվել կենդանի մնալ, Վալլիշին միաբերան հրեշ էին անվանում: Էռնայի դաժանամոլության ականատեսները պնդում են, որ նա «բռնություն էր գործադրում և սպառնում էր ֆիզիկապես ու հոգեպես թույլ կանանց, երեխաներին: Այդչափ դաժանության պատճառը նրա ատելությունն էր այդ մարդկանց ռասայի և ազգության հանդեպ: Բանտարկյալներին նա վերաբերվում էր անմարդկայնորեն»: Նախկին բանտարկյալ Յադվիգա Լանդովսկան հիշում է, թե նույնիսկ հղի վիճակում Էռնան ինչպես էր ծեծելով մահվան դուռը հասցնում մարդկանց. - Այդ հղի հրեշուհին, որը ինքնատիրապետումը կորցրած հարձակվում էր մեզ վրա, այդպես էլ պատասխանատվության չկանչվեց,- ասում է Լանդովսկան:- Մի անգամ նա մտրակով այնքան հարվածեց հատակին ընկած տղային, որ նրա գլխից արյուն ցայտեց. երեխան ընկած էր անկենդան: Ես երբեք չեմ մոռանա հևասպառ հրեշի քրտնած դեմքը: Էռնան մասնակցել է նաև գազախցիկներ տարվող բանտարկյալների ընտրությանը: Սիմոն Վիզենտալի իսրայելյան կենտրոնը, որի շտաբ-բնակարանը տեղակայված է Լոս Անջելեսում, հետամուտ է պատժից խուսափած նացիստական հանցագործ ներին: Դրա տնօրեն Էֆրաիմ Զուդոֆֆը Ավստրիայի արդարադատության նախարարությունից բազմիցս պահանջել էր միջոցներ ձեռնարկել` Էռնա Վալլիշին ձերբակալելու: Նա վստահաբար պնդել է, որ այդ կինն անձամբ է խոստովանել իր մասնակցությունը Մայդանեկում զանգվածային սպանություններին, և մի քանի նախկին բանտարկյալներ էլ պատրաստ են (այդ մասին) նրա դեմ ցուցմունք տալ: Իշխանությունների արձագանքը, սակայն, իսկապես ապշեցնող է եղել. որևէ մեկը չի էլ մտածել հրեշուհուն դատարան կանչել: Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Վալլիշի հանցանքները ենթակա են քրեական հետախուզման վաղեմության մասին օրենքին, և անհնար է նրան պատասխանատվության ենթարկել: Չնայած` Արդարադատության նախարարությունն արդեն քանի տարի ծրագրում է հաշվետվություն պատրաստել կենդանի մնացած նացիզմի հանցագործների մասին. Զուդոֆֆին դա չի ոգևորում. - Տիկին Վալլիշը ծեր է, իսկ նման հաշվետվություններ պատրաստելու վրա ժամանակ է ծախսվում,- բրիտանացի ժուռնալիստներին հայտարարել է Զուդոֆֆը:- Ակնհայտ է, որ իշխանությունները չեն խաթարի նրա հանգիստը: Խնդիրն այն է, որ Ավստրիայում, շատ շատերի կարծիքով, անցյալ դարի կեսերին տեղի ունեցած իրադարձությունները պետք է մնան պատմության գրքերի էջերում: Դա ցնորաբանություն է: Տիկին Վալլիշը պատմություն չէ. նա կենդանի է, և մենք պարտավոր ենք դատապարտել նրան այն մարդկանց (համար) փոխարեն, ում կյանքը վաղաժամ նա պատմություն է դարձրել: «ԾԽ»