Նարնջագույն հեղափոխության անփառունակ մայրամուտը


Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին. երկրի բարձրագույն պաշտոնյայի աթոռի համար մղվող պայքարին ներգրավված 18 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ընտրություններին մասնակցած շուրջ 67 տոկոս քաղաքացիների ձայների կեսից ավելին: Եվրոպական ժողովրդավարական չափանիշների համեմատ` ընտրողների մասնակցությունը առավել քան նորմալ էր: Աննորմալ էր նախագահի թեկնածուների առասպելա կան շատությունը` 18 մարդ. ընդսմին, ոչ միայն հանրահայտ քաղաքական այրեր, որոնց թվում էին գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, վարչապետ Յուլյա Տիմոշենկեն, խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Գերագույն Ռադայի նախկին խոսնակ, «Փոփոխություն ների ճակատ» կուսակցության նախագահ Արսենի Յացենյուկը, այլև քաղաքական դաշտի մի քանի միանգամայն անհայտ նորելուկներ, որոնցից բնակչությանը քիչ թե շատ հայտնի էր ինքնաառաջադրման կարգով «շուրջպար» մտած կենտրոնական բանկի նախկին նախագահ Սերգեյ Տիգիպկոն: Հենց թվարկված գործիչներն էլ կազմեցին առաջատարների հնգյակը: Ընդսմին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, գործող նախագահը ստացավ ընտրություններին մասնակցածների ձայների նվաստացուցիչ փոքր քանակություն` շուրջ 5 տոկոս: Ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յանուկո վիչը վստահաբար գրավեց 1-ին տեղը` 35 տոկոսից ավելի ձայներով: Երկրորդ տեղը, շուրջ 25 տոկոս ձայներով, զբաղեցրեց գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, երրորդ տեղում Սերգեյ Տիգիպկոն էր` շուրջ 13 տոկոս ձայներով: Փետրվարի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում մրցելու են Յանուկովիչն ու Տիմոշենկոն, և այժմ վերլուծաբանները կանխատեսումներ են անում, թե նրանցից ո՞վ կհաղթի երկրորդ փուլում` դառնալով Ուկրաինայի տիտղոսակիր£ Սակայն մինչ դրան անցնելը հարկ է արձանագրել 1-ին փուլի քաղաքական արդյունքը: Այն է` ընտրությունները երևան հանեցին «նարնջագույն հեղափոխության» գաղափարների կատարյալ ձախողումն ու խայտառակությունը: Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն շառաչուն ապտակ ստացավ սեփական երկրի քաղաքացիներից: Նա միանգամայն պարկեշտ անձնավորության համբավ ուներ սեփական երկրում, թեև իրեն ամենևին էլ չդրսևորեց որպես խելացի ու հեռատես քաղաքական գործիչ: Ընտրվելու օրից մինչև իր գլխավորած «նարնջագույն հեղափոխության» այս անփառունակ մայրամուտը, նա եղավ ու մնաց Արևմուտքի հակառուսական շրջանակների խամաճիկը, և ընտրություններում նրա պարտությունը կանխորոշված էր հենց այդ խամաճիկության գործոնով: Յուշչենկոն հակառուսականություն էր խաղում` հաշվի չառնելով, որ երկրի բնակչության հիմնական մասն ամենևին էլ հակառուսական տրամադրությունների կրող չէ: Ուկրաինացիներին ռուսների դեմ տրամադրելը Արևմուտքի քաղաքական վրիպումն էր, և այդ քաղաքականության իրականացմանը ձգտող Յուշչենկոյի ձախողումը կանխորոշ ված էր: Որևէ ժողովրդի որոշակի մասին կարելի է ժամանակավորապես խաբել, ոտքի հանել և տանել սեփական ազգային շահերի ու ժողովրդի գենետիկ հիշողության դեմ, սակայն տևականորեն ժողովրդին նացիոնալիստական շմոլքով թունավորելն անհնար է: Այդ հասկացել են ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած երկու գործիչները` «Տարածաշրջանների կուսակցության» ղեկավար, խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչն ու գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Յանուկովիչը դեռ «էն գլխից» ռուսամետ գործչի համբավ ուներ, իսկ Տիմոշենկոն դա հասկացավ ավելի ուշ` իր վարչապետության երկրորդ կեսին: Այժմ երկուսն էլ հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները ողջ ծավալով բարելավելու դիրքերից, երկուսն էլ դեմ են արտահայտվում Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Ընտրությունների երկրորդ փուլը ցույց կտա, թե ուկրաինացիները վերջնականապես ներե՞լ են վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին` նրա «նարնջագույն» անցյալի համար, թե՞ ոչ: Չէ՞ որ «հյուսքերով գեղեցիկ տիկինը» ոչ այնքան վաղուց այդ հեղափոխության ոգին էր, Կիևի Մայդան հրապարակում խաղացվող պատմական դրամայի գլխավոր հերոսուհին: Հենց նրա հզոր աջակցությամբ Վիկտոր Յուշչենկոն հայտնվեց Ուկրաինայի նախագահի բազկաթոռին: Բայց Տիմոշենկոն շատ արագ սթափվեց, ձերբազատվեց իր երեկվա ընկերոջ հեղափոխական պատրանքներից: Ավելին, դարձավ նախագահի ամենակատաղի ընդդիմախոսներից մեկը: Քաղաքական ուժերի ի՞նչ նոր կոնֆիգուրացիա կձևավորվի փետրվարի 7-ին: Առաջին փուլում պարտություն կրած գործիչների թեկուզև փոքր ընտրազանգվածը ու՞մ օգտին կկողմնորոշվի: Ընտրությունների 1-ին փուլը բոյկոտած ընտրազանգվածը փետրվարի 7-ին կշարունակի՞ իր բոյկոտը, կգա՞ ընտրատեղամասեր, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխաններն այժմ տալն անչափ դժվար է: Մանավանդ, 1-ին փուլում ձայների անսպասելի մեծ` 13 տոկոսով երրորդ տեղ գրաված Սերգեյ Տիգիպկոն հենց ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո շտապեց հայտարարել, թե ինքը չի սատարում երկրորդ փուլ անցած գործիչներից ոչ մեկին և չի պատրաստվում կոչ անել իր ընտրազանգվածին, թե ու՞մ օգտին քվեարկեն: Եթե նույնիսկ այդպիսի կոչ անի էլ, ապա դրա արդյունավետությանը հավատալը միամտություն կլինի: Ամեն մարդ իր ձայնի տերն է: Եվ եթե մեկը քվեարկել է Տիգիպկոյի օգտին, ապա դա ամենևին չի նշանակում, որ նրա հորդորով իր ձայնը կտա սրան կամ նրան: Այնպես որ` փետրվարի 7-ին Յանուկովիչի ու Տիմոշենկոյի միջև չափազանց լուրջ պայքար է ընթանալու: Յուլյա Տիմոշենկոն շատ ճարպիկ լեզու ունի, անձնական բավական մեծ հմայք, բանավիճելու շնորհք, որոնցով, անկասկած, գերազանցում է մրցակցին: Սակայն Վիկտոր Յանուկովիչն էլ ունի այն առավելությունը, որ գործադիր իշխանության մեջ մինչև այժմ պետական բարձր պաշտոն չի զբաղեցրել և հակառակ գործող վարչապետի` ժողովրդի որոշակի զանգվածի հիասթափությունը դեռ չի «վաստակել», ինչը անպայման ուղեկցում է բոլոր նրանց, ովքեր որևէ բարձր դիրք են ունենում պետական կառավարման համակարգում: Երկուսից ում էլ նախապատվություն տա Ուկրաինայի ժողովուրդը, մենք, ինչ խոսք, կհարգենք նրա ընտրությունը և կողջունենք հաղթողին: Սակայն պարտվողը, ով էլ լինի, նույնպես դուրս չի մնա Ուկրաինայի քաղաքական դաշտից և կշարունակի իր ակնառու դերակատարությունը պետության մեջ: Մի բան, որ գոնե այսօր ամենևին չի կարելի ասել ընտրությունների 1-ին փուլում խայտառակ պարտություն կրած նախագահի մասին…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ