Նոր սերունդն ի՞նչ է սովորելու մերօրյա «բանաստեղծներից»


Փաստենք, որ մեզանում շատերը (հիմնականում` միջին տարիքից բարձր), չունենալով բանասիրական կրթություն, հիանալի տիրապետում են հայերենի ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքին: Պետք է անկեղծորեն խոստովանել` նրանցից ոմանք թերի գիտեն քերականության կանոնները, բայց խոսում և գրում են անսխալ, գեղեցիկ հայերենով: Էլ չեմ ասում բառապաշարի մասին. նրանց խոսքը հաճախ հասնում է գեղարվեստական երկի մակարդակին: Պարադո՞քս Է: Ո°չ, բոլորովին: Պարզապես այն, ինչ նրանք հնարավորություն չեն ունեցել սովորելու բարձրագույն կրթօջախներում, ձեռք են բերել ընթերցանությամբ: Եղիշե Չարենց, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ, Րաֆֆի,Նար-Դոս… Այո°, մեր դասականները շատերի համար դարձել են իմաստուն ուսուցիչներ: Նրանց ստեղծագործությունները ոչ միայն գեղագիտական հաճույք են պատճառել, այլև, հիրավի, կրթել ու դաստիարակել են տասնյակ սերունդների: Դա° է, կարծում եմ, գրականության առաջնահերթ խնդիրը: Հիմա եկեք մի պահ պատկերացնենք, թե ի՞նչ կսովորեն այսօրվա պատանիներն ու աղջիկները` կարդալով մերօրյա գրականության «գոհարները», որոնցով հեղեղված են գրական մամուլը, ամսագրերը, գրքույկներն ու ժողովածուները: Ահա դրանցից մեկը. բաղնիքում տկլոր աղջիկներին սովորեցնում էին մերկանալու արվեստը Մանե Գրիգորյանի «Անսեռ երազներ» բանաստեղծության առաջին քառատողն է: Դպրոցահասակ երեխան այս տողերն ընթերցելուց հետո, նախ, կհասկանա, որ հայոց լեզվի և գրականության ուսուցիչն իրենց առջև ավելորդ պահանջներ է դնում` նախադասությունը պետք է սկսել մեծատառով: Հետևենք Մանեի խոսքին. աղջիկը աման լվանալ արդուկ անել գիտեր բացի այդ նայում էր այնքան համեստ տուն տանելու ապրանք փեսա ջան բարով վայելես Այս վեց տողից էլ մեր դպրոցահասակ ընթերցողը շատ բան ունի «սովորելու»: Նախ` կետադրական նշանները պարտադիր չեն, երկրորդ` աղջիկը ընդամենը «ապրանք» է: «Մեր Մանեն» ուրիշ բան էլ ունի սովորեցնելու երեխաներին (գուցե նաև` շատ մեծահասակների). սիրահարված սփյուռքահայ սիրիր դու ինձ մինչև մահ տուր ինձ դու քո ողջ սերը ես քո տիրոջ Ա°յ, այստեղ է, որ Մանեն փայլել է իր գրական հերոսուհու «համեստությամբ» ու չի գրել վերջին բառը` երևի հուսալով, որ ընթերցողը հընթացս կլրացնի£ Ու կհասկանա, որ կարելի է նաև հայհոյել (մինչդեռ տանը, դպրոցում ասում են` չի° կարելի): Հիմա տեսնենք, թե ի՞նչ է ասում անահիտ հայրապետյանը (սիրելի ընթերցող, ես գիտեմ, որ անձնանունները գրվում են մեծատառով, բայց այս անգամ հետևեցի «բանաստեղծի» օրինակին): Եվ այսպես, «անահիտի մասին»£ Չգիտեմ ինչում (եթե որևէ մեկը այդ «ժանրից» բան հասկանա, խնդրում եմ` ինձ էլ իրազեկի` պարտական կլինեմ) մեր անահիտը թերթի ամբողջ երկու էջում (տասը մաս, վերջում էլ` մաս հերթական) ինքն իրեն «մերկացնելով»` շորերս էստեղ էնտեղ ցրիվ տալով հասա էն ցեցոտ եսիս էն որ ֆոտոն միջից հանում ես տակն անահիտ չի մնում Եվ այլն, և այլն£ Փորձում է (երևի թե) ճանաչել ինքն իրեն ու աշխարհը և հասկանում (այս պարագայում` իրավացիորեն), որ ես քեզ գուցե արդեն ձանձրացրել եմ իմհայրենիք քեզնից արդեն ձանձրացել եմ իմհայրենիք երևի էլ չեմ լսվում իմ դաղերով դու քեզ համար քո թաղերով բաղերով խաղերով իմ կծու հայրենիք իմ օպերա իմ աբովյան փողոց իմ պոլիտեխնիկ իմռուբեն, իմխանջյան, իմվահան, իմմամա, իմպապա, իմբոլոր… Ներիր, ընթերցող, որ չարաշահում եմ քո համբերությունը: Կարծում եմ, կհասկանաս, թե ինչքան ջանք գործադրեցի, որ մինչև վերջ հաղթահարեմ այս «գլուխգործոցը»` նրանում պոեզիային առնչվող գոնե որևէ բան գտնելու հույսով: Ի դեպ, «իմ» անձնական դերանունը ես չէ, որ մեկ առանձին եմ գրել, մեկ` հաջորդ բառին կցագրված. անահիտի կամքն է… Ինչ մնում է հինգ ստորակետին ու կախման կետին, դրանք «տպագրական վրիպակներ» են, քանզի անահիտը նման «մանրուքները», ինչպես տեսաք, անտեսում է: Այժմ «ձայնը տանք» Թոնդրակին (թոնդրակեցիների հետ չշփոթեք, սա պարզապես երիտասարդի գրական անունն է): Ծովի Աստղ մայրամուտից և մի Անուն որ նայում է խավարի մեջ ու խավարի միջից հազար ու մի Լուսաբաց ունի Որքան էլ երևակայությանս զոռ տվեցի, ոչ մի կերպ չկարողացա գոնե մոտավոր ընկալել այս մայրամուտի, խավարի ու Լուսաբացի (նույնիսկ` անձնավորված` մեծատառով) պատկերը և տեսնել Անունը, որը նայում է «խավարի մեջ»: Լսենք նաև «բանաստեղծի» հորդորը` այս «պատկերի» վերջին երկտողը. Օ թող Սերը քեզ երբեք չսովորեցնի… Այո°, Թոնդրակ, այստեղ դու երիցս իրավացի ես. այսպիսի «սիրուց» ընթերցողը ոչինչ չունի սովորելու: Մի ուրիշ «բնապատկեր», որը, հաստատ, հեղինակի մտահղացմամբ պիտի դառնար անհատի ապրումների` երազի, կարոտի, կորուստների այլաբանությունը: Հասունացող Կեսօր ընդամենը մի քայլ բայց սայթաքում է երազի վրա անցնող մի կարոտ թպրտացող կորուստ սրտի գաղտնիքն է լռության փշրանքներից… Նույն էջում տպագրված իր իսկ մեկ այլ «բանաստեղծության» մեջ Սիզիփոսի քարն է նետել Թոնդրակը այս Կեսօր` խորը ջրհորի մեջ, դե արի ու հանի°ր այդ քարը: Ավարտենք մեջբերումները` արված «Գրեթերթ»-ի 2009թ. N 3-ից (հոկտեմբեր-նոյեմբեր): Ավելացնենք, որ նման «ստեղծագործություններով» շատ հաճախ աչքի են ընկնում նաև հանրապետությունում լույս տեսնող բազում այլ գրական ուղղվածություն ունեցող թերթեր, ամսագրեր. նման գրելաոճը դարձել է այսօրվա ստեղծագործական ուղղությունը, որն, ըստ իս, շատ հեռու է պոեզիա լինելուց և չի կարող դառնալ ա°յն ուսուցիչը, ով պիտի նոր Մարդ կրթի: Համոզված եմ, իմ այս թռուցիկ ակնարկը այսօրվա պոեզիային պիտի հարուցի մեր շատ երիտասարդ ստեղծագործողների դժգոհությունը£ Ու ինձ պիտի մեղադրեն նորը չընկալելու մեջ` ասելով. «Այսօր ընդունված է առանց կետադրության, փոքրատառերով գրված չափածո խոսքը»: Իմ ընդվզումն էլ հենց այդ «ընդունվածի» դեմ է: Եթե պետք է անտեսվի հայոց լեզվի` դարերի ընթացքում բյուրեղացած կանոնակարգը, էլ ի՞նչ իմաստ ունի դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը: Վտարե՞նք այդ առարկան կրթական համակարգից ու ապավինենք մեր մոդեռն բանաստեղծներին: Ե°վ պետբյուջեի ծախսային մասը հսկայական խնայողություններ կունենա, և° մեր երեխաները կազատվեն հայոց լեզվի «ավելորդ» կանոնակարգի տանջալից սերտումից: Ավելին. «վաստակած հանգստի» ուղարկելով նաև «հնաբույր», «մաշված» դասականներին, մեր երեխաներին հնարավորություն կընձեռենք հասու լինելու սիրո, հայրենասիրության, բարու, գեղեցիկի և համամարդկային այլ արժեքների ժամանակակից «մոդելների» գաղտնիքներին: Հարգելի հավանական ընդդիմախոսներ: Նորը միայն ձևի մեջ չէ, ասելի°քն է կարևորը: Հիշո՞ւմ եք, տաղաչափության իր ուրույն ձևերն ու ոճը հաստատած Վահան Տերյանը` մեր մեծագույն քնարերգուն, հեղափոխական երգերում հանդես եկավ բոլորովին նոր ոճով, նոր տաղաչափությամբ` մինչև այժմ իր տեսակի մեջ մնալով անգերազանցելի: Նաև` Եղիշե Չարենցը: Ոմանք կարծում են, թե գրական հին ձևերն արդեն իրենց սպառել են: Բոլորովին էլ այդպես չէ: Տեսեք, թե իր գրական հերոսի վիշտը ինչպես է ներկայացնում («հնօրյա» տաղաչափությամբ) մերօրյա երիտասարդ բանաստեղծուհի Հերմինե Բաբուռյանը. Լուսամուտից անդ թիթեռապարսն է, Թևերն են շարժում հեկեկոցի պես, Թե` սիրեցյալից բառեր ենք բերել: Օրհնյալ անեծք է, անիծյալ օրհնանք, Որ երկնքինն եմ հար այսուհետև. Ապակիներս թող լույսից զնգան, Փեղկերս բացվեն օրվա պես թեթև: Թե լուսամուտից հեղեղը խուժի, Դին են թողնելու թիթեռախեղդիս. Թող մնացյալը երկինքը հուշի, Երբ հարսնածեսիս տանեն սոսկ հոգիս: Հուրախություն մեզ, այսպես մտածող և գրող բանաստեղծներ էլ շատ կան: Մնում է, որ մեր գրական մամուլը անհարկի տուրք չտա «Երիտասարդներին` կանաչ ճանապարհ» կարգախոսին և կարմիր լույս վառի չպոեզիայի առջև, որը գրականություն լինելու հավակնություն ունի...

Ջանիբեկ ՂՈՒԿԱՍՅԱՆ