Պոչիկներով և անպոչիկ «փսլնքոտներն» ու մեր ապագան
Եթե հիշում եք, մեր թերթի 2011 թ. տարեվերջյան համարում սահմանված ՏԱՐՎԱ ԻՐԱՎԱԾԱԽՎԱԾԸ անվանակարգին էր արժանացել «տարվա թիվ 1 գրանտակեր ու թիվ 1 հայրենադավ» ճանաչված Արթուր Սաքունցը, որն այդ պախարակելի խարանը վաստակել էր ինչպես վերջերս ՆԱՏՕ-ում ունեցած հայտնի ադրբեջանապաշտ ելույթով, այնպես էլ հայրենատյաց ու եղկելի մի շարք այլ ձեռնարկումներով, որոնց մի զգալի մասին արդեն տեղեկացրել ենք:
Սաքունցյան հայրենադավության գագաթնակետը, սակայն, այն հայտնի բացահայտումն էր (այդ մասին իրազեկեց նաև մեր թերթը), որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին անթաքույց տեղեկացնում են, թե իրականում ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը. «Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի (դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ) իրավունքների պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ նրա գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ պատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների խմբեր:
Հարևան տարածաշրջաններից ժամանած կամավոր-վարձկաններին Սաքունցի գլխավորած գրասենյակում ուսուցանում են «հեղափոխությունների արվեստը», որպեսզի հետագայում հակակառավարական քարոզչության և իշխանությունների վարկաբեկման միջոցով հնարավոր լինի ազգայնական հիսթերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես և Թուրքիային զիջումներ կատարելը` 1915 թ. Հայոց Ցեղասպանության ընդունման պահանջից հրաժարվելու տեսքով:
Եվ ահա մեր թերթի` վերը հիշատակված անվանակարգի «դափնեկիրը» վերջին օրերին վերստին լայն հանրության կիզակետում է: Ինչպես տեղեկանում ենք մամուլից` հունվարի 24-ին Երևանի Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Սաքունցի ներկայացրած դատական հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի: ԶԼՄ-ները նաև հիշեցնում են, որ Սաքունցը դատարան է դիմել, քանի որ Գասպարյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ մի քանի հարցազրույցներում իբր «զրպարտել» էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կամ որ նույնն է` «գունավոր հեղափոխությունների դարբնոց-օրրանը»:
Փորձեցինք լրատվամիջոցների արխիվներում ծանոթանալ Սաքունցի մատնանշած «զրպարտություններին»: Այդ հրապարակումներից տեղեկանում ենք, որ Վլադիմիր Գասպարյանը հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է. «Ես երբեք չեմ հանդուրժելու, երբ Հելսինկյան կազմակերպությունների բերած պոչիկներով փսլնքոտ լակոտները երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում են լկտի բացականչություններով...»:
Մեկ այլ հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է. «Ո՞նց կարող է ցավել մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ո՞նց կարող է մարդու սիրտ ցավել, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ի՞նչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցա՞նկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք...»:
Հիմա հարց ենք տալիս. այդ ինչի՞ց է այդպես նեղսրտել «հեղափոխությունների արվեստի» մոլեռանդ ջատագովն ու ջերմ պաշտպանը, ինչո՞ւ է հանկարծ նրան պատել «ջերմ լալու փափագը», և տրտմած բռնել է դատարանի ճամփան: Այս երկրի անկախության համար կռիվ տված մարդո՞ւ, այս երկրի անվտանգության և ապագայի համար մտահոգ հզոր անհատականության կողմից ասված ճշմարիտ խոսքերի՞ց է նա այդպես վիրավորվել ու ձեռքն առել հայցադիմումը...
- Չնչին, ինչպես Արարատին նետած քար,-կբացականչեր հանճարեղ բանաստեղծը:
-Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան,-կարձագանքեր մեկ այլ մեծահանճար...
«ԱՎԱՆԳԱՐԴ»