ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ Է


 

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը, թվում է` գրեթե չի առնչվում Ադրբեջանին, քանի որ այն չի հիշատակվում ցեղասպանություն իրականացրած երկրների շարքում: Ֆրանսիայում ադրբեջանական համայնքը մի քանի հարյուր մարդուց է կազմված, և տեղի ազերիներն էլ որևէ մասնակցություն չունեն հանրային կյանքին, ընդգրկված չեն քաղաքական կազմակերպությունների մեջ, հանդես չեն գալիս հրապարակային հայտարարություններով, անգամ չեն համագործակցում իրենց թուրք եղբայրների հետ:

Ուրեմն, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը` սույն որոշման հետ: Պարզվում է` ամենաանմիջական, որովհետև կանգնելով Թուրքիայի կողքին և Հարավային Կովկասում լինելով «ավագ եղբոր» աջակիցը` Ադրբեջանն իր հերթին որոշ քարոզչական աշխատանքներ է կատարում` նպաստելով թուրքական լոբբինգի ընդլայնմանը: Ադրբեջանում անհամբերությամբ էին սպասում, որ ֆրանսիական սենատը կմերժեր օրինագիծը` Թուրքիային հնարավորություն տալով մեկ անգամ ևս հեռանալու պատասխանատվությունից և շարունակելու այն ժխտողականութ յունը, որն այս երկրի համար պետական քաղաքականություն է դարձել: Ադրբեջանական մի շարք իշխանական թերթեր վերջին օրերին լույս էին տեսնում մեծադղորդ վերնագրերով: Այդ վերնագրերը հավաստում էին, թե Ֆրանսիայի իշխանություններն ու Սենատի մի զգալի մասը մերժելու են օրինագիծը, ելնելու են նախագահ Սարկոզիի և նրա կուսակցության դեմ: Որոշ ազերի վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ արդեն էյֆորիայի մեջ էին, նրանք նշում էին Թուրքիայի առաջիկա հաղթանակը... Այդ հաղթանակն, ըստ ազերիների` որոշ «նրբագծեր» էր պարունակում: Հայտնի է, որ Սարկոզին մոլի պայքար է ծավալել, որպեսզի Թուրքիան չդառնա Եվրամիության անդամ: Մինչդեռ ազերի վերլուծաբանների հոդվածներում շեշտվում էր, թե Սենատի կողմից մերժում ստանալով` Սարկոզին կհայտնվի ցայտնոտային վիճակում, կկորցնի հենարանները վերին պալատում` դրանով իսկ տապալելով իր մի շարք նախաձեռնություններ:

Նախաձեռնություններից գլխավոր էր դիտարկվում Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելը: Հետևաբար, ազերի վերլուծաբաններին, որոնք մշտապես արտահայտում են իշխանությունների տեսակետները, թվում էր, որ պարտություն կրելով` Սարկոզին կկորցնի իր հեղինակությունը երկրում և կպարտվի նաև առաջիկա նախագահական ընտրություններում: Սա նաև թուրքական երազանքն է, որովհետև այդ երկրում լավ են հասկանում, որ Սարկոզիի իշխանությունը երբեք թույլ չի տա Թուրքիային` դառնալ Եվրամիության անդամ: Սարկոզին այսօր համարվում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, նրան ընդունում են Եվրոպայի շատ ու շատ առաջնորդներ: Սարկոզիի հետ բանավիճելուց մշտապես խույս է տալիս Բարաք Օբաման` համոզված, որ ունի հզոր ընդդիմախոս: Սարկոզիի ջանքերով ձևավորվեց Գերմանիա-Ֆրանսիա տանդեմը, որն այսօր ուժեղագույնն է ողջ աշխարհում: Տասնամյակներ շարունակ հակասությունների մեջ ապրող այս երկրները վերջապես կարողացան միավորել իրենց ջանքերն ու շահերը և դառնալ եվրոպական արժեքների պահապաններ, պայքար մղել այն ամենի դեմ, ինչը սպառնում է Եվրոպային:

Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան շատ ավելի շրջահայաց և սեփական դիվանագիտությունն ունեցող երկիր է: Ուստի ելնելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ` լավ էր հասկանում, որ այդ օրենքը նոր խոչընդոտ է լինելու դեպի ԵՄ տանող ճանապարհին: Իսկ Ադրբեջանում էլ մեծ հույսեր էին փայփայում, որ դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի իր «կրտսեր եղբայրը» ևս դառնա այդ կառույցի անդամ:

Այսօր, ըստ էության, Ադրբեջանի ձգտումներն ու երազանքներն ի դերև են ելել. այս երկիրը սկսում է հասկանալ, որ ինքն ամբողջապես մենակ է մնալու տարածաշրջանում, որովհետև այժմ արդեն Թուրքիան ստիպված է լինելու սեփական հոգսերը հոգալ` ժամանակավորապես չսատարելով «պուճուր ախպորը»: Ադրբեջանում արդեն հայտարարություն ներով են հանդես գալիս` պահանջելով Ֆրանսիային դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբից` հաշվի առնելով, թե այս երկիրը «կողմնակալ է»: Այս հարցում, բնականաբար, Թուրքիան չի աջակցի Ադրբեջանին, որովհետև ցանկացած հայտարարություն, Ադրբեջանին միանալու ցանկացած նախաձեռնություն կդիտարկվի որպես Ֆրանսիայում ընդունված օրենքի հակազդեցություն: Իսկ աշխարհը չի առաջնորդվում հակազդեցությունների այն տրամաբանությամբ, որը փորձում է առաջադրել Ադրբեջանը: Իր հայտարարություններով Բաքուն ոչ թե օգնում է Անկարային, կամ էլ նպաստամատույց քայլեր անում իր օգտին, այլ ավելի է ցույց տալիս սեփական խանության սուբյեկտիվիզմը... Ադրբեջանի համար Սենատի ընդունած որոշումը շատ ավելի վտանգավոր է այն առումով, որ Ֆրանսիան մի օր էլ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը... Ահա ինչն է այդպես սարսափեցրել պաշտոնական Բաքվին... Իսկ որ Ֆրանսիան իսկապես կարող է առաջիկայում նաև նման պատմական որոշում կայացնել` չի բացառվում, քանզի Ղարաբաղի բռնակցումն արդյունք է նաև ցեղասպանությունների, հայերի նկատմամբ կիրառված բռնությունների...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ