ՆՐԱՆՔ ԽԱԹԱՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՆԴՈՐՐԸ
Ամփոփագրերից
Կողոպտիչը հայտնաբերվեց
Հունվարի 24-ին, ժամը 08.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը, ժամը 07.45-ի սահմաններում, Սվաճյան փողոցում` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հետնամասում, անհայտ անձը ձեռքով հարվածել է դեմքին և քաշել-պոկելով` բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար և բանալիներ:
Նույն օրը, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտը կատարելու կասկածանքով, Սվաճյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Արթուր Կարապետյանին, որը խոստովանել է հանցանքը:
Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Բռնվեց հանցանքի պահին
Հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 39-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող մի առևտրի տաղավարից բացահայտ հափշտակել է անկողնու սպիտակեղեն, բայց հեռանալու պահին բռնվել ոստիկանների կողմից:
Կատարվում է նախաքննություն:
Բախվել է կամրջին
Հունվարի 25-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց` բախվել է Կոմիտասի պողոտայից դեպի Զեյթուն տանող ճանապարհի կամրջին ու հայտնվել հենասյան վրա:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Մեքենան ընկել է ձորը
Հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել Քասախ գետի հարևանությամբ գտնվող ձորում:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: