ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ


 

Թեև խորհրդարանը օլիգարխներից զտելու խնդիրը հին ու հայրենի քաղուժերի համար արդեն հարազատ դարձած թեմա է, սակայն մեծահարուստների ու քաղգործիչների տարանջատման հարցում կուսակցությունները հետզհետե ավելի զգուշավոր են դառնում: Միգուցե դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ միջընտրական ժամանակահատվա ծում` խորհրդարանում օլիգարխների ներկայությունից ահագնացած դժգոհություններն էլ ապարդյուն են. առաջադրվողը, միևնույն է` առաջադրվում է:

Նկատենք նաև, որ խորհրդարան անցած մեծահարուստներից դժգոհ լինելը կուսակցական շրջանակներում սովորաբար պայմանավորվում է ոչ միայն օրենսդիրում նրանց անգործությամբ, այլ նաև շատ փող ունենալով: Հայրենի քաղուժերը բացահայտ խոստովանում են, որ քարոզարշավների շրջանում նրանց ծախսած անհաշվելի գումարներն անհավասար պայմաններ են ստեղծում իրենց համար:

Օլիգարխները քաղուժերի հորդորներն իհարկե չէին էլ լսելու: Սակայն մեծահարուստների հետ «հավասար» պայմաններում քարոզարշավն սկսելու հնարավորություն արդեն իսկ ստեղծվել է: Հայտնի է, որ միայն ընտրություններին մասնակցելու հայտը 8 միլիոն դրամ արժե: Ոչ բոլորի գրպանին հարմար այս գումարաչափից կուսակցապետերը դժգոհեցին, բայց միաժամանակ խոստովանեցին, որ ուզած-չուզած` վճարելու են: Վերջիններիս հանդարտությունն ու պատրաստակամությունը հուշում են, որ եթե սահմանված վճարաչափը ասենք տասն անգամ ցածր լիներ, քաղուժերը նույն տրամադրվածությամբ բողոքելու էին ու նույն տրամադրվածությամբ ամեն դեպքում ընտրություններին մասնակցելու հայտարարություններ էին տարածելու: Վճարվելիքը 8 միլիոնից շատ լինելու դեպքում էլ վերաբերմունքը հաստատ նույնն էր լինելու:

Իսկ հավաստիացումները, թե նույնիսկ մեկ առանձին մեծամասնական ընտրատարածքում շատ թե քիչ երևալու համար 20 հազար դոլարի կարգի գումարը մի մեծ բան չէ, ճշմարտանման է թվում: Նախընտրական ծախսեր ասվածը, ըստ ուրիշի գրպանի փողերը հաշվել սիրողների հավաստիացումների` երբեմն մինչև նշված վճարաչափի հարյուրապատիկն էլ կարող է գերազանցել: Այնպես որ, ԿԸՀ-ում կարող են միանգամայն հանգիստ լինել. անվճարունակներ չեն լինելու...