Աղքատները քառապատիկ արագ են ավելանում


 

2011-ի հոկտեմբերին ծնվեց մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը: Ամեն ծնունդ ուրախացնում է, մանավանդ` հերթական միլիարդն ամփոփողը: Սակայն Երկրի հումքային պաշարները, ՄԱԿ-ի տվյալներով` կբավարարեն 60 տարի:

Մինչ այդ պաշարների սպառումն էլ, իհարկե, բոլորը հավասարաչափ չեն կարող օգտվել երկրային բարիքներից. խոսքը հարուստների ու աղքատների մասին է: Ու ոչ միայն մարդկանց, այլ նաև` պետությունների:

Միջազգային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` 2010 թ. աղքատ պետությունների բնակչությունն աճել է 2,1 տոկոսով, իսկ հարուստ երկրների քաղաքացիներն ավելացել են 0,6 %-ով: Այսինքն` 4 անգամ ավելի (կամ պակաս):

Մեր մոլորակում 5 միլիարդ մարդ (72 %) ապրում է միջին մակարդակի եկամուտներ ունեցող երկրներում: Բարձր եկամուտներ ապահովող պետությունների քաղաքացիները 1,1 միլիարդ են (16 %), իսկ մնացյալ 12 %-ն (800 միլիոն մարդ) ապրում է ամենաաղքատ երկրներում:

Պետության բարեկեցության կարևորագույն ցուցանիշներից մեկը բնակչության զբաղվածության մակարդակն է, որն ամենից ավելի բարձր է Չինաստանում: Սակայն 2000 թ.-ից գործազրկությունն այնտեղ էլ սկսել է աճել` այսօր արդեն գերազանցելով 4 %-ը:

Իրավիճակը լարում է սոցիալական անհավասարությունը: Միջին հաշվով` ունևորների ստացած յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց ընչազուրկներին բաժին է ընկնում 1,7 ցենտ:

Գերբնակեցման պայմաններում ծայրահեղ կարևորվում է պաշարների առկայությունը (սնունդ, ջուր և էներգա): Վերջին տարիներին բնական պաշարների մեծ մասն օգտագործել են ԱՄՆ-ը և Չինաստանը, իսկ մոլորակի պաշարների կեսից մի փոքր ավելին` մնացած բոլոր երկրները:

ՄԱԿ-ի տվյալներով`

Մեկ շնչին բաժին ընկնող գյուղատնտեսական հողերի և անտառային տարածքների չափով առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Բրազիլիան ու Ամերիկան:

Առավել սակավացող բնական պաշարներից է քաղցրահամ ջուրը: Ուսումնասիրված պետություններից դրանով ամենաապահովվածը Բրազիլիան է, ապա` ՌԴ-ն:

Ինչ վերաբերում է նավթին, ապա համաշխարհային պաշարների ամենամեծ մասը Սաուդյան Արաբիայում ու Վենեսուելայում են: Ի դեպ` ներկա ծավալներով արդյունահանման պարագայում` մարդկությանը նավթը կբավարարի առավելագույնը 50 տարի:

Բնական գազի պաշարներով աշխարհում առաջին տեղում Ռուսաստանն է, այնուհետև` Իրանը և Կատառը: Գազն էլ կբավարարի 60 տարուց ոչ ավելի: