«Հայրս հպարտ է, որ զինվոր որդի ունի»


 

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին ընդառաջ այցելեցինք Տավուշի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: Նորակոչիկ Կարեն Տոնոյանը պատրաստակամորեն կիսեց մեզ հետ իր ոգևորությունը: Անսահման է հայրենյաց պաշտպանի հպարտությունը, քանի որ 20-ամյա Հայոց բանակի զինվոր է:

- Հպարտ եմ, որ Հայոց բանակի զինվոր եմ: Առավել հպարտ` որ ծառայում եմ հենց ա´յս զորամասում, որտեղ միայն ջերմ, բարի և տղամարդկային հրամանատարներ եմ տեսել: Սպաներ, ում գերխնդիրը իսկական հայորդիներ ու հայրենյաց պաշտպաններ դաստիարակելն է: Վաղը մեր Բանակը կդառնա 20 տարեկան: Դա մեծ հպարտություն է: Շատ դժվարություններ ենք հաղթահարել ու հասել բարձունքների: Զինվոր լինելը նաև պարտավորեցնող է: Ես ինքս 2 տարվա ընթացքում ամեն ինչ կանեմ, որ իմ թեկուզ փոքրիկ ներդրումն ունենամ մեր բանակի հզորացման գործում: Մի քանի օր առաջ հայրս ասաց, թե հպարտ է, որ զինվոր որդի ունի... Այդ խոսքերը երբեք չեմ մոռանա և կփոխանցեմ զավակներիս ու թոռներիս: Թող բոլոր ծնողներն այդպես ոգևորեն զավակներին և հպարտանան իրենց զինվորներով: Իսկ մեզանից շատ բան է կախված, սակայն չի պահանջվում անհնարինը, պարզապես պետք է գիտակցենք, թե հանուն ինչի ենք ծառայում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չեն խնայել մեր Բանակի կազմավորման ու կայացման գործում: Շնորհավորում եմ բոլորին: Զինվորներին ցանկանում եմ անփորձանք ծառայություն. թող իսկապես ծառայեն` ամբողջությամբ գիտակցելով դրա կարևորությունը: Պատվով կատարեն իրենց պարտքը հայրենիքի և խղճի առաջ: Շնորհավորում եմ նաև բոլոր սպաներին: Նրանք ևս մեզ նման ծառայում են` հանուն հայրենիքի: Մաղթում եմ ընտանեկան ջերմություն: Ինչպես մեր պապերն են ասել` հայ մարդը թող 7 որդով սեղան նստի, և 7-ն էլ դառնան հայրենիքի զինվոր: