ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԽԹԱՆԵԼՈՒ ԵՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Երևի դժվար է գտնել աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ հայտարարեն, թե` մրցանակաբաշխություններ ենք կազմակերպում, որպեսզի խթանենք ազգային կինոարտադրութ յունը, բայց ահա, Հայաստանում մտածել են, թե «Հայակ» կինոմրցանակը, որին արդեն հայկական «Օսկար» են ասում, դառնալու է խթանող ուժ, զարկ է տալու մեր կինեմատոգ րաֆին...

Հոռետեսի և ամեն ինչ ժխտողի կերպարի մեջ չմտնելու համար ասենք, որ, իսկապես, շատ լավ գաղափար է` ունենալ ազգային մրցանակաբաշխություն, ինչպես ասում են` առաջին հերթին ներսում արժևորել մեր աշխատանքները, գնահատել ու իմաստավորել: Ի վերջո, եթե Թատերական գործիչների միությունն ունի «Արտավազդ» մրցանակաբաշխութ յուն, ինչո՞ւ ազգային կինեմատոգրաֆն էլ իր մրցանակաբաշխությունը չունենա...

Ինչպես տեղեկացանք, ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացվելու են նախորդ տարվա բոլոր աշխատանքները` տասներկու անվանակարգերում. լավագույն գեղարվեստական ֆիլմ (գուցե խաղարկային), բեմադրիչ, օպերատոր, սցենարիստ, նկարիչ, երաժշտություն, դերասանուհի, դերասան, կարճամետրաժ, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, դեբյուտ կամ տարվա հայտնություն: Ինչպես` բոլոր մրցանակաբաշխությունների ժամանակ: Ուրեմն, միջազգային ստանդարտներին համապատասխան: Առաջին մրցանակաբաշ խությանը, որը տեղի կունենա մարտ ամսին, բացառություն է արվել. ընդգրկվել են անկախության շրջանում ստեղծված` ընդհանուր առմամբ 92 ֆիլմ. 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 32 վավերագրական: Իսկ ժյուրին գլխավորելու է Սոս Սարգսյանը: Կարծես վատ չէ, չնայած սկսում ես մտածել, թե ինչպես պետք է ժյուրին դիտի 92 ֆիլմ և կարողանա ճիշտ ու սկզբունքային ընտրություն կատարել...

Բայց հիմա մեր խնդիրն այնքան էլ ժյուրիի աշխատանքը չէ: Դե, կհավաքվեն, կդիտեն, ինչ-որ որոշումներ կկայացնեն, ինչ-որ գնահատականներ կտան: Մանավանդ` ժյուրիի կազմը խիստ «կինեմատոգրաֆիական» է, ամեն ինչ պարփակված Հայաստանի կինոյի մասնագետների շրջանակներում:

Խնդիրը բոլորովին այլ է, որը մեզ մտահոգում ու անհանգստացնում է: Եվ դա վերաբերում է կինոարտադրության կազմակերպմանը, կինոյի հանրահռչակմանը, համաշխարհային կինոյին սերտացմանը:

Հայաստանում կինոարտադրությամբ զբաղվում է Ազգային կինոկենտրոնը` սահմանափակ հնարավորություններով, առանց որոշակի տեխնիկական-ստեղծագործական հենքի, զրկված վաղուց վաճառված ու անտերունչության մատնված «Հայֆիլմ» կինոստուդիայի հնարավորություններից: Ուրեմն, գրեթե ամեն ինչ կառուցվում է արհեստավորության վրա` առանց մասնագիտացված կինոտաղավարների, առանց հզոր տեխնիկական բազայի: Ամեն մի բեմադրիչ ինքն է որոնում ու գտնում համապատասխան «տաղավարացու», ինքն է մտահոգվում տեխնիկական միջոցների հայթայթման մասին: Իսկ կինոկենտրոնն ընդամենը ինչ-որ չինովնիկական կառույց է, որը որոշում է նկարահանվող ֆիլմերը` այստեղ հանդես բերելով դատապարտելի սուբյեկտիվիզմ, շատ հաճախ մերժելով իսկապես հետաքրքիր և ուշագրավ նախագծեր... Առանց ժամանակակից կինոստուդիայի` անհնար է ստեղծել ֆիլմեր, որոնք համապատասխանելու են ժամանակակից կինոարտադրության պահանջներին, մինչդեռ Հայաստանում կարծես ոչ ոք դրա մասին չի մտածում` չփորձելով հետաքրքրվել, թե ինչ ճակատագիր ունեցավ «Գաֆեսճեան» հիմնադրամի ծրագիրը, որը խոստանում էր 100 միլիոն դոլարից ավելի ներդրում կատարել և ստեղծել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան կինոստուդիա: Կինոարտադրության կազմակերպման համար անհրաժեշտ են նաև կինոթատրոններ, մինչդեռ Երևանում ընդամենը երկու կինոթատրոն է մնացել, իսկ մարզերում էլ, միասին վերցված, դրանց թիվը չի անցնում երեքից: Որևէ մեկի մտքով չի անցնում, առաջնային դարձնելով պետության գերակա շահը, վերադարձնել «Այրարատ» և «Հայաստան» կինոթատրոնները, ոչ մեկը չի ուզում հոգ տանել, որ վերաբացվեն նախկին փոքր կինոսրահները` այսպիսով կինոն դարձնելով մեր կյանքի բաղկացու ցիչներից մեկը: Ազգային ժողովի մտքովն էլ չի անցնում, որպեսզի վերջապես ընդունվի Կինոյի մասին օրենքը, օրենսդրական դաշտ բերվի այս կարևորագույն ոլորտը, որը կարող է պետությանը հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտներ բերել: Այլևս չենք խոսում այն մասին, որ կինոկենտրոնի գործունեությունն ի բնե կառուցված է սխալ գաղափարախոսութ յան վրա, չեն ստեղծված անհրաժեշտ ենթակառուցվածքները, չի գործում դիստրիբուցիոն համակարգը, չեն մշակվել ինտեգրման և կինոբիզնեսի հիմնասկզբունքները:

Ուրեմն` ինքնագործունեություն պետական մակարդակով, որը, բնականաբար, ոչինչ չի տալու մեր կինոյին: Տեղի կունենա մրցանակաբաշխությունը, ոմանք մրցանակներ կստանան, կուրախանան, իսկ հաջորդ օրը նորից մոլոր-շվար կնայեն իրար` մտածելով, թե որտեղից ձեռք բերեն համապատասխան ֆինանսական և տեխնիկական միջոցներ, ինչպես սկսեն հերթական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Իսկ ավարտելուց հետո` որտեղ և ինչպես կազմակերպեն ցուցադրությունները: Վերջին քսան տարում Հայաստանում մոտ հինգ հարյուր ֆիլմ է նկարահանվել, իսկ գիտի՞ արդյոք հանդիսատեսն այդ ֆիլմերի մասին.... Բնականաբար` չգիտի, որովհետև նկարահանված ցանկացած ֆիլմ ցուցադրվել է մի նեղլիկ շրջանակում, ինչ-որ մի դահլիճում և մոռացության մատնվել, որովհետև չկան այն շահագրգիռ կազմակերպություններն ու կառուցվածքները, որոնք պետք է զբաղվեն կինոցուցադ րությունների կազմակերպման հարցերով...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ