Իսկ ինչո՞ւ չերգել ընտրողների համար


 

Մանավանդ` երբ ընտրողների հետ հանդիպման առիթը նախընտրական արշավի համար միջոցներ հանգանակելու համերգն էր: Այդ համերգին պաշտոնապես նախագահական ճառ արտասանելով` Բարաք Օբաման անսպասելիորեն երգել է սիրո մասին (տեղեկացրել է Life News-ը):

Հառլեմի աշխարհահռչակ «Ապոլլո» թատրոնում Միացյալ Նահանգների նախագահը, ընդհատելով իր խոսքն ասել է.

- Ես գիտեմ, որ այսօր այստեղ ներկա է երգիչ Էլ Գրինը...

Եվ կարճատև լռությունից հետո կատարել է «Եկեք միասին լինենք» երգը: Հատկապես «Ես այնպես սիրահարված եմ քեզ» տողը նա այնքան վարպետորեն է կատարել, որ ապշահար ներկաները որոտընդոստ ծափերով ողջունել են նրան: Իսկ Նախագահն ուրախացած անկեղծացել է.

- Իմ տղաները չէին հավատում, որ ես այսպիսի ընդունակություն ունեմ, իսկ ես դա արեցի:

Այդ երեկո Օբամային իրենց վստահությունը հայտնելու էր եկել 1500 ամերիկացի:

Տարբեր տվյալներով` հաջողվել է հանգանակել առնվազն 3 միլիոն դոլար: