ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱԶԴԱԿԱՆՉԵՐԸ


Քիչ ժամանակ է մնացել տարվա ավարտին: Ինչպես ասում են` աննկատ, շտապելով անցավ տարին ու արդեն հավակնում է դառնալ պատմություն: Պատմություն դարձող տարվա գումարելիների մեջ իրենց տեղն ունեն նաև մշակութային իրողությունները, որոնք ոչ միայն նշանակալի էին, այլև` ուշագրավ, երբեմն բացառիկ...

Բնականաբար, տարվա գլխավոր իրադարձության վրա պիտի սևեռվեին բոլորի հայացքները, իսկ այդ գլխավորը Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելն էր: Իհարկե, ի սկզբանե այս որոշման մեջ կար տուրք ձևին, բայց ոչ երբեք բովանդակությանը:

Տարին Արամ Խաչատրյանինն ու Սայաթ-Նովայինն էր: Երևի ինչ-որ խորհրդանշական բան կար սրա մեջ, որովհետև մեծն Խաչատրյանն իր ակունքները կապակցում էր Սայաթ-Նովային, արևելյան այն լադին, որի կրողն էր Սայաթ-Նովան: Մի շարք միջոցառումներ, համերգներ նվիրվեցին Արամ Խաչատրյանին, նորից հանրահռչակվեց 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը, որը շատ վաղուց է դարձել աշխարհինը: Երաժշտական հանճարին նվիրված միջոցառումների աշխարհագրությունն ընդլայնվեց, սակայն, հավանաբար գումարների և հնարավորությունների բացակայության պատճառով, այդպես էլ չկազմակերպվեցին մեծ հանդիսություններ: Ուրախալի էր, որ Մոսկվայում հանդես եկավ Սերգեյ Սմբատյանի գլխավորած երիտասարդական նվագախումբը` հնչեցնելով խաչատրյանական երաժշտություն, մասնավորաբար Ջութակի կոնցերտը: Մոսկվայում ընթացող Արամ Խաչատրյանի միջազգային երաժշտական փառատոնը համախմբել էր մեծ թվով երաժիշտ կատարողների, ճանաչված նվագախմբերի: Այս փառատոնն առիթ էր մեկ անգամ ևս անդրադառնալու 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկին, ում ստեղծագործությունն իր մեջ առնելով դասական սիմֆոնիզմի լավագույն ավանդույթները` նաև հաստատեց նորարարություն, ազգային երաժշտության հենքի վրա ձևավորեց նոր սիմֆոնիկ մտածողութ յունը:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ Արամ Խաչատրյանի տարում մեր Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը ևս մեկ անդրադարձ կատարեր մեծ կոմպոզիտորին, նորից հանդիսատեսին ներկայացներ «Դիմակահանդես» բալետը` այսպիսով իր խաղացանկում ունենալով խաչատրյանական բոլոր բալետները: Ցանկալի էր, որ տարվա ընթացքում մի քանի անգամ ներկայացվեր «Սպարտակը», որին հանդիսատեսը կարոտել էր: Սակայն մեր բալետն իր լավագույն օրերը չի ապրում, օրավուր կազմաքանդ վում է բալետը` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Բալետի արտիստների ցածր աշխատավարձերը, ներկայացումների սակավությունը, հստակ գեղարվեստական ծրագրի բացակայությունը շատերին ստիպում են հեռանալ մեր բալետից:

Սայաթ-Նովան էլ չմոռացվեց, չնայած ակնկալվում էին շատ ավելի մեծամասշտաբ միջոցառումներ: Ուշ միջնադարի մեծ բանաստեղծի ու աշուղի ծննդյան 300-ամյակը յուրովի նշեց ՀՀ մշակույթի նախարարությունը` ստեղծելով մեծակտավ երաժշտա-դրամատիկական մի ստեղծագործություն, որը դեկտեմբերի 4-ին և 5-ին ներկայացվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: «Սիրո կամուրջ» էր կոչվում այս ստեղծագործությունը, որի բեմադրությունն իրականացրել էր բեմադրիչ Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն էին Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը, Էմմա Ասատրյանը և Արմեն Մարտիրոսյանը, բեմադրության խորեոգրաֆն էր Վալերի Արխիպովը: Այս թատերական-երաժշտական նախագիծը դարձավ տարվա ամենաթանկարժեքը. ահռելի միջոցներ ներդրվեցին...

Իհարկե, ինքնին ուշագրավ է նրա գոյությունը. այն հարստացնում է մեր մշակութային կյանքը, սակայն առավել հետաքրքիր կլիներ, եթե այս նախագիծը ստեղծվեր Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում, շատերին հնարա-վորություն ընձեռեր հանդիսատես դառնալու, ոչ թե պարփակվեր Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում` վերածվելով մի տեսակ «էլիտար» իրողության:

Սայաթ-Նովայի հոբելյանը պիտի առիթ լիներ կազմակերպելու ժողովրդական և աշուղական երգի փառատոն, նպաստելու ազգայինի քարոզչությանը, հեռուստաէկրան վերադարձնելու հայ երգը, Սայաթ-Նովային նվիրելու գիտաժողովներ ու զանգվածային միջոցառումներ... Բայց ամեն ինչ պարփակվեց «անձուկ» միջոցառումների շրջանակներում` անգամ չպարտավորեցնելով ժողովրդական նվագարանների և Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլներին կազմակերպելու հատուկ համերգներ...

Ինչևէ, այս երեք կանգառը բավական է ասելու, որ ինչ-որ կարծրատիպեր փշրվեցին, ձեռքբերումներ արձանագրվեցին, երբեմն բովանդակությունն առաջ ընկավ ձևից:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ