ԲՀԿ-ն կսատարի գործող Վարչապետին


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր կուսակցությունը զբաղված է ամենօրյա լարված աշխատանքով: Ազգային Ժողովում եւ կառավարությունում մենք աշխատում ենք Հայաստանի hանրապետական կուսակցության, ինչպես նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցության գործընկերների հետ: Խորհրդարանում, նախ եւ առաջ հանրապետականների հետ, ձեւավորված են փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերություններ: Կոալիցիոն հուշագրի վրա հիմնված մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Նաեւ դրա շնորհիվ է, որ խորհրդարանի աշխատանքը ընթանում է բնականոն հունով: Այստեղ իշխանության եւ ընդդիմութ յան հարաբերությունները կարելի է որակել որպես մրցակցային, կոռեկտ եւ հիմնականում կառուցողական: Գործադիր իշխանության համակարգում համագործակցությունը նույնպես արդյունավետ է: Մենք իրագործում ենք Ազգային Ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որտեղ բազմաթիվ խնդիրներ ներառված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթներից: Քաղաքական դաշտում իշխանության գործունեության նկատմամբ մեր հասարակության մեծ մասի դրական վերաբերմունքը թույլ է տալիս մեզ լավատեսությամբ նայելու ապագային: Մենք համոզված ենք, որ մեր ծրագրերը իրականություն են դառնալու: Դրա համար մենք ունենք եւ բավարար կամք, եւ լավատեսություն, եւ գիտելիքների ու աշխատանքի փորձ: Այսօր, այս դահլիճում, մենք հավաքվել ենք լուծելու մի կարեւոր հարց: Բոլորս հիշում ենք, որ կոալիցիոն հուշագրով ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն` Հայաստանի հանրապետական կուսակցության հետ առաջադրել միասնական թեկնածու: Հայաստանի հանրապետական կուսակցությունը իր վերջին համագումարում հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին: Անցած ամիսների ընթացքում մենք բազմիցս հայտարարել ենք, որ հավատարիմ ենք մնալու կոալիցիոն հուշագրի դրույթներին: Այսօր մենք պաշտոնապես պետք է հաստատենք մեր դիրքորոշումը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը ոչ միայն այն պատճառով, որ մենք հավատարիմ ենք մեր ստորագրած փաստաթղթին: Մեր քաղաքական քննարկումները, վերջին շրջանի քաղաքական համագործակցության մակարդակն ու ոգին մեզ թույլ է տալիս համոզված ասել, որ մեր միասնական թեկնածուն կարող է լուծել Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները: Պաշտպանելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մենք պաշտպանելու ենք մեր ծրագրերն ու գաղափարները: Այն ծրագրերը, որոնք քայլ առ քայլ սկսել են իրականություն դառնալ եւ որոնց իրականացման ուղղությամբ մեր ջանքերը շարունակվելու են: Հարգելի կուսակիցներ Այսօրվա մեր քաղաքական որոշումը կարեւոր նշանակություն է ունենալու փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Մեզ ոգեւորում է, որ հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն մեր կուսակցության հեղինակությունը շարունակում է մնալ բարձր: Սա ոգեւորիչ է ցանկացած քաղաքական ուժի համար, առավել եւս խորհրդարանի ընտրությունից հետո երկրորդ հորիզոնականում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների համար: Դուք գիտեք, որ անցած ամիսներին կազմակերպչական աշխատանքը չի դադարել եւ մեր կառույցները, որոնց ղեկավարները այս դահլիճում են, շարունակում են իրենց ակտիվ քաղաքական աշխատանքը Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր խոշոր բնակավայրերում, հարյուրավոր գյուղերում: Մեր կառույցների հնարավորությունները ծառայեցնելով մեր միասնական թեկնածուի հաղթանակի գործին, անելու ենք եւս մեկ կարեւոր քայլ բարեկեցիկ ու բարգավաճ հասարակություն ձեւավորելու համար:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ