Գիտակրթական, մշակութային-տեղեկատվական կենտրոնը Հայաստանի Ազգային գրադարանը 175 տարեկան է


2007-ը հոբելյանական էր Հայաստանի Ազգային գրադարանի համար. լրացավ գրադարանի հիմնադրման 175-ամյակը: Հոբելյան, որն առիթ էր անդրադառնալու գրադարան երևույթին և հանրությանը համախմբելու այնպիսի կարևոր գիտակրթական, մշակութային-տեղեկատվական կենտրոնների շուրջ, ինչպիսիք գրադարաններն են: Հոբելյանական միջոցառումները գրադարանում մեկնարկեցին միջազգային երկօրյա կոնֆերանսով, որին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Վրաստանից, ԼՂՀ-ից, Հայաստանի մարզերից: 175-ամյակին գրադարանը պատրաստվել էր ըստ պատշաճի. հանրությանն է ներկայացվել գրադարանի նոր դրոշը, օրհներգը, իրականացվել են հոբելյանական հրատարակություններ` ՀԱԳ ուղեցույցը, «Հայաստանի Ազգային գրադարանի գանձեր» բացիկների ժողովածուն, «Հայաստանի գրադարանները 2006թ.» վիճակագրական աշխատությունը, «Հայաստանի Ազգային գրադարանի հրատարակությունները 1937-2007թթ.» մատենագիտությունը, հոգևոր և աշխարհիկ ուղղվածության մեղեդիներ պարունակող էլեկտրոնային խտասալիկ, գիրքը խորհրդանշող հուշանվերներ. լույս կտեսնի «Հայաստանի Ազգային գրադարանի պատմության ուրվագծեր» աշխատությունը: Հոբելյանի շրջանակներում Ազգային գրադարանում կազմակերպվել են բազմապիսի միջոցառումներ` շնորհանդես ներ, ցուցահանդեսներ, մեծարվել են արվեստի և գրականության մի շարք նվիրյալներ: Գալյա Նովենցը, Երվանդ Ղազանչյանը, Վանուշ Խանամիրյանը, Ստեփան Պողոսյանը, Հրաչյա Մաթևոսյանը հայ մշակույթին մատուցած ծառայությունների համար Ազգային գրադարանի կողմից արժանացել են հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալի: 2007 թվականի ընթացքում Ազգային գրադարանի գործունեությունն ակտիվորեն լուսաբանելու համար «Երկիր Մեդիա», «Ար», «Ավետիս», «Դար 21», «Արմենիա», «Նոր ալիք», «Հ2» հեռուստաընկերություններն արժանացել են պատվոգրերի: ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում կայացած գրադարանի 175-ամյակին նվիրված հոբելյանական նիստի ժամանակ 175-ամյա մշակութային հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Ազգային գրադարանը արժանացավ «Հայ դպրություն» հասարակական կազմակերպության պատվոգրի: 2007-ը մշակութային այս օջախի համար նշանավորվեց մեկ այլ կարևոր իրադարձությամբ ևս. գրադարանը հնարավորություն ունեցավ ներկայացնելու հայոց տպագիր ժառանգությունը Ֆրանսիայի Մարսել և Ստրասբուրգ քաղաքներում: 2008-ը գրադարանի և նրա ընթերցողների համար նույնպես խոստումնալից է. կսկսվեն գրադարանի թամանյանական մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, ինչը սակայն չի խանգարի ոչ աշխատակազմի, ոչ էլ առավել ևս ընթերցողների աշխատանքին: Ընդհանուր ընթերցասրահի բոլոր ուսանողները այսուհետ կարող են ընթերցել գրադարանի վարչական մասնաշենքի տաք ու հարմարավետ ընթերցասրահներում: Սա գրադարանի տնօրինության ամանորյա թերևս ամենալավ նվերն է նրանց` մաղթանքով, որ 2008-ը բոլորիս բերի առողջություն, համբերություն, ընտանեկան ջերմություն, երջանկություն և նորանոր հաջողություններ…

Արմինե ՂԱԶԱՐՅԱՆ