Գառզու - 100 «Գույնեն առաջ գիծը կտեսնիմ»


Ենթադրվում էր, որ 2007-ը առանձնահատուկ իմաստավորվելու էր համաշխարհային ճանաչման ու բարձր գնահատության արժանացած անշփոթելի ստեղծագործական ձեռագրի տեր այս արվեստագետի մշակութային վաստակի լայնամասշտաբ ու պատշաճ արժեքավորմամբ: Ինչ-ինչ կոնկրետ նախաձեռնություններ, իհարկե, իրագործվեցին. «Հայփոստ»-ը թողարկեց նամականիշներ` Գառզուի մեկդարյա հոբելյանի առիթով, Կենտրոնական բանկը` հուշադրամ: Բայց այդ մասին արվեստասեր հանրության փոքրաթիվ մի խումբ տեղեկացվեց, փաստորեն, տարեվերջին Ազգային պատկերասրահում կազմակերպված հոբելյանական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ միայն: Հետահայաց անդրադառնում ես երկրորդ տարեկեսը հեղեղած մշակութային միջոցառումների խայտաբղետ բազմազանությանն ու դժվարանում ես գտնել մտատանջող գլխավոր հարցականի հիմնավոր արդարացումը, բացահայտման բանալին. ինչո՞ւ հայ մշակույթի մեծերի, ավելին` տիտանների, անունն ու գործը այդպես էլ հանիրավի չեն արժանացվում բացառիկ ուշադրության, արժանապատիվ մեծարանքի: Այս առումով, թող որ կրկնվեմ, ամենատխուրը Սիրանույ շի 150-ամյա հոբելյանի նշանավորման «հետաձգման», ըստ էության արժեզրկման, աղաղակող փաստն է` իմ խորին համոզմամբ: Գառզուն Սիրանույշից փոքր-ինչ «բախտավոր» եղավ… …Շարլ Ազնավուրի երգի ուղեկցությամբ սկսում ես պատկերասրահի երկու ցուցասրահներում ամփոփված հոբելյանական նկարահանդեսին ներկայացված 50 աշխատանքների` անձամբ ընծայված 305-ից ընտրված ամենաբնու թագրականների, մանրազննումը: Այլ կերպ չես ընկալի գույներով հանդերձավորված գառզուական ինքնահատուկ գծերով արտահայտվածի խորին խորհուրդը: Աննկատ տեղափոխվում ես համամարդկային խնդիրների տագնապով խմորված անհանգիստ մտքի և բանաստեղծական ներաշխարհում դրանց թելադրանքով արթնացած տրոփուն հույզերի համադաշնությամբ կազմավորված աշխարհի խորխորատները: «Կոնկուռնոյի նավահանգստի» (1960), «Պատրանքների պալատի» (1968), Պրովանսի միջնադարյան ավերակների (1966) պատկերներից մինչև խորհրդավոր գունամշուշում իրականի ու երազայինի ներթափանցմամբ ուրույն գրավչություն ու իմաստ ստացած Արարատն ու եկեղեցին, գեղանկարի ու ջրանկարի խաբկանք ստեղծող վիմագրությունները, Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» (1964), Քամյուի «Հուշատետրը» (1964), Մորուայի «Ֆրանսիա» (1959) և Դոդեի «Նամակներ իմ հողմաղացից» (1959) գրքերի նկարազարդումներն ու տարբեր տարիներին վրձնած «Ապոկալիպսիս» (1957), «Էսկալես» (1958), «Երկրային դրախտ» (1959), «Պրովանա» (1960), «Նոր հայացք» (1963) շարքերից ընտրված մյուս աշխատանքները: Նորից ու կրկին շրջում ես ցուցասրահներում, խորամուխ լինում Գառզուին ներշնչանքի աղբյուր հանդիսացած կենսական լիցքերի բազմազանության գեղանկարչական տարաոճ մարմնավորում ստացած արտահայտությունների բովանդակային շերտերում: Համամարդկային արմատական խնդիրների անդրադարձումներից մինչև մարդ արարածի ներանձնական տարբեր հոգեվիճակները: Եվ համոզվում ես, որ Աշխարհի քաղաքացու հետ ինքնաբուխ սկսված ներքին երկխոսությունդ, հմայելով, հարստացնելով ու զգաստացնելով քեզ, դեռ երկար շարունակվելու է Ազգային պատկերասրահի պատերից այն կողմ: …Դյուրին չի եղել դեպի մշակութային Պառնաս վերընթացը համեստ լուսանկարիչ Հարություն Զուլումյանի և անվանի ընտանիքի դուստր Հայկանուշ Թաշչյանի` Հալեպում ծնված Գառնիկ որդու համար: Վաղաժամ որբացած, Կահիրեում վերաբնակություն հաստատած ուշիմ պատանու հետագա ճակատագիրը, այդուհանդերձ, բարենպաստ է եղել: 1925-ին, իր անհատական ցուցահանդեսի առիթով, Սարգիս Խաչատրյանը ծանոթացել է նրա գեղանկարչական թոթովանքներին և հորդորել` անպայման կրթել բնատուր շնորհը: Ապահովելով կրթաթոշակով` նրան գործուղել են Փարիզի ճարտարապետական դպրոց` եգիպտական մայրաքաղաքին հմուտ շինարարներ էին հարկավոր: (Ի դեպ, Գառզուի մորական պապը Դիարբեքիրի հայկական եկեղեցու ճարտարապետն է եղել): Իր նախասիրությանը հավատարիմ` երիտասարդ նկարիչը հաճախում է Մոնպառնասի «ազատ ակադեմիաները»: Անդրանիկ հաջողությունը` ֆրանսիական նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարի շահած առաջին մրցանակը, չի հարթում կայացման ուղու հետագա խութերը: Հետևելով նկարչության արդի միտումներին` ստեղծում է կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներով ու մութ ֆոներով նատյուրմորտներ, դիմանկարներ ու բնանկարներ, որոնք ցուցադրվում են «Գերանկախներ»-ի սալոնում` «վաստակելով» մեծահամբավ քննադատների քմծիծաղն ու արհամարհանքը` իբր որպես «ապերասան» և «արտառոց»: Նրա թարմ ու ինքնատիպ տաղանդի արժանիքների համընդհանուր ճանաչումը սկիզբ է առնում առաջին իսկ անհատական ցուցահանդեսից, որին հետևում են տասնյակ ուրիշները: Իր ուժերին ու ընտրած գեղագիտական հավատամքին («Ազգայինը նկարչի ոտքի տակի հողն է: Բայց քայլել և չշնչել` անկարելի է: Շնչելու օդը Աշխարհինն է»)` Գառզուն զարգացնում է իր յուրատեսակ մտածողությունը, հղկում արտահայտչամիջոցներն` արժանանալով մի շարք հեղինակավոր մրցանակների` Հալմարկի (եռակի), Իլ դը Ֆրանսի, «Ժամանակակից արվեստ»-ի, Տոկիոյի միջազգային ցուցահանդեսի Մեծ մրցանակին… Եվ` պարգևների` Պատվո Լեգիոնի շքանշան (1956), «Մարտիրոս Սարյան» մեդալ (1980): «Արվեստի և գրականության ասպետ» կոչված նկարչի աշխատանքով ֆրանսիական փոստը նամականիշ (1976) է թողարկում, ինչը բացառիկ պատվի ու համաշխարհային ճանաչման վկայություն է: Առանձնահատուկ դրվատանքի է արժանանում Գառզուի բեմանկարչությունը` որակվելով որպես «հանդերձանքի ու դեկորների իսկական փառատոն»: Կերպարվեստում ասելիքի կուտակումները, սակայն, հաղթող են դուրս գալիս` հարկադրելով հրաժարվել աշխատատար այդ արարումից, չնայած Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ»-ի (1952), Ադանի «Ժիզել»-ի (1953), Ռասինի «Աթալի»-ի (1955) ու բազում այլ ներկայացումների նրա անզուգական նկարչական, վառ թատերային լուծումները համընդհանուր ակնածալից խանդավառություն են հարուցել: Վերջին երկու տասնամյակներին ստեղծած նրա ջրաներկ նկարներում, գունավոր վիմագրություններում և դեկորատիվ խեցեգործական աշխատանքներում գերիշխողը կարմիրի, նարնջագույնի և կապույտի հնչեղ երանգավորումներն են` ինքնահատուկ գծերով ամբողջացված. «Գույնեն առաջ գիծը կտեսնիմ. գիծերը բաժանելու փոխարեն կմիացնեն»: Ապրելով ու արարելով օտարի դրոշի ներքո, մայր հայրենիքում լինելով ընդամենը երկու անգամ` արմատներով Գառզուն միշտ էլ հայ է մնացել, առավելապես օտարների արժանի գնահատականը վաստակած բազում աշխատանքները կերպավորել Կոմիտասի անմահ երաժշտության նվագակցությամբ, Մեծարենցի պոեզիան հոգում անթեղած: 15-ամյա «Փոքրիկ երգիչներ»-ը Պատանեկան հասակ թևակոխումը անցումային շրջանի վտանգներով է լի հատկապես երգիչների համար. ոմանք, հնարավոր է, զրկվեն ձայնից ու այլևս երբեք չկարողանան երգել: «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի (հիմնադիր նախագահ` Տիգրան Հեքեքյան) և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո 1992-ին ստեղծված մանկապատանեկան այս երգչախումբը, 1993-ից մինչ օրս կայացման դժվարությունների հաղթահարման հավաստիք բազմաթիվ արծաթե ու ոսկե մեդալներ, պատվավոր մրցանակներ շահած ու միջազգային ճանաչման արժանացած, նշում է իր տասնհինգերորդ տարեդարձը: Եվ ամենասիրված ստեղծագործություններից հանպատրաստից կազմված ծրագրով հանդես գալով «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, ոչ թե հավակնում է ինքնամեծարանքի հանդիսության, այլ յուրատեսակ քննություն է հանձնում: Առաջին բեմելի նույն սրահում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» -ի ստեղծագործական հաշվետվությունը, մաեստրո Հեքեքյանի անմիջական խոսք ու զրույցով, տպավորիչ կատարում ներով, շուտով հանդիսասրահում ընտանեկան տոնակատարության ջերմ մթնոլորտ է հաստատում: Հոգևոր երաժշտությանը հաջորդում են ժողովրդականն ու ջազայինը, հինավուրց դասականին` ժամանակակիցը: Երգչախմբային արվեստում համաշխարհային հռչակ վայելող, մի շարք միջազգային և ազգային մրցույթների, փառատոների նախաձեռնող և գեղարվեստական ղեկավար, «Եվրոպայի մշակույթի դեսպան» Տիգրան Հեքեքյանը հնարամտորեն առաջնոր դում է իր «փոքրիկ երգիչների» կատարումներն այնպես, որ հոբելյանական զվարթ տրամադրությունը դառնում է գերիշխող: Կենսուրախ ռիմթերը ասես ինքնաբուխ հորդում են բեմից Ռոբերտ Պետրոսյանի «Պոլիֆոնիկ կատակ»-ով, Թումանյանի խոսքերով Արթուր Ահարոնյանի գրած «Գյուղական պատկերներ»-ով, Ռոբերտ Ամիրխանյանի հանրահայտ «Դինգ-դոնգ»-ով, Յակոբին Պոյատի կտրուկ անցումներով աշխուժացող կատակերգով… Քաղաքական պամֆլետի հնչողությամբ են մատուցվում Արմինե Կարապետյանի «Տերև» ու Ռոբերտ Պետրոսյանի «Ագռավները մեր քաղաքում» գործերը, թատերականացված ապրումներով ու լավատեսական շեշտադրությամբ առանձնահատուկ ընդունելություն գտնում վերստին քաղաքական խմորումներում ներգրավված ունկնդիրների կողմից: Սիրելի երգչախմբի տարեդարձին իրենց երաժշտական ընծան են բերում նրա առաջնեկները` մեծացած «փոքրիկ երգիչները»` մի քանի կատարումներով վկայելով, որ այս համերաշխ ընտանիքում ստացած հոգևոր-բարոյական մղումներով, երգարվեստի հանդեպ խնամքով պատվաստված սիրով են շարունակում իմաստավորել տարազբաղ առօրյան, եթե անգամ, ինչ-ինչ հանգամանքների բերումով, հեռացել են ասպարեզից: Ստվարանում է երգչախումբը ավագներին միացած փոքրերով: 10 տարուց ավելի «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կատարողական վարպետության բյուրեղացմանը նպաստած, աշխարհապտույտ համերգային շրջագայությունները դաշնամուրային նվագակցությամբ ամբողջացրած Նարինե Մարդոյանի և անսպասելի բեմ բարձրացած Մարտին Վարդազարյանի համատեղ նվագով հնչում են հանրածանոթ ջազային ստեղծագործություններ: Բուռն ընդունելության է արժանանում Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան»-ը. Նարինե Մարդոյանը նվագակցում է երգեհոնով, երգաչխմբի ներկայիս կոնցերտմայստեր Էլլա Մելիք-Հուսյանը` դաշնամուրով: «Փոքրիկ երգիչներ»-ի նախորդ երկու սերունդներին միանում է կրտսեր հերթափոխը` թոթովախոս, բայց դեպի երգարվեստ հաստատակամ ընթացող մանուկները: Եվ այս խորհրդանշական եռամիասնութ յամբ կատարումն ընկալվում է որպես սիրո տուրք հարազատ քաղաքին: Ամենքը ենթադրում են, թե հոբելյանական համերգը մոտեցել է իր խոսուն ու շքեղ ավարտին: Բայց… Ի՞նչ տարեդարձ առանց պարգևների: Լեփ-լեցուն դահլիճը գոհունակությունից ցնծում է, երբ իրարահաջորդ հեղինակավոր պարգևների են արժանանում երգչախմբային այս հանրաճանաչ ընտանիքը սիրով, մանկավարժական ու մասնագիտական խորագիտությամբ կայացնողներն ու պահպանողները` Տիգրան և Էլմիրա Հեքեքյանները` Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր) կողմից ստանալով Մանկապատանեկան խմբերգային արվեստի զարգացմանը ի նպաստ իրենց բեղուն գործունեության իրեղեն գնահատականները. պատվոգրեր, ոսկե մեդալներ, Եվրոպայի արվեստների ակադեմիայի անդամության դիպլոմ, «Լեոնարդո դա Վինչի» արծաթե մեդալ, «Սենատի աստղ» պատվավոր կոչում…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ