ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-47-ում) -…Պարզվեց, որ նրան օդանավակայանում ձերբակալել են, անձնագիրն ու դրամապանակը խլել, բայց քաղաք գալու ճանապարհին այդ սատանան կարողացել է փախչել ու տեսնել Ռիտային: Պյոտրը ասաց, որ ողջ Կիևը հիմա փնտրում է նրան, առանց անձնագրի, դրամի նա վաղ թե ուշ կբռնվի: Խորհուրդ տվեց աղոթել աստծուն, որ նա հարցաքնությունների ժամանակ Ռիտայի անունը չտա: Պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը... Մի շաբաթ հետո Պյոտրը նորից այցելեց ինձ ու հայտնեց, որ այդ սատանան ոչ միայն կարողացել է հասնել Երևան, այլև հետը զենքի հսկայական խմբաքանակ է տարել... - Իսկական Ջեյմս Բոնդ, խելագարվել կարելի է,- ապշահար ասաց Լենան: Քիչ անց նա մտահոգ շարունակեց. - Բայց այդպիսի մարդը, որ կյանքը վտանգելով եկել էր սիրած կնոջ ծնունդը շնորհավորելու, հղի կնոջը չէր կարող լքել... - Քո մասին նա այդպես էլ չիմացավ, ես կարողացա համոզել մորդ, որ նրան ոչինչ չհայտնի... - Բայց ինչո՞ւ, տատիկ, ինչո՞ւ,- նեղսրտած հարցրեց Լենան: - Որովհետև եթե նա այդ մասին իմանար, կխափաներ մորդ ամուսնությունը Իգորի հետ, պատկերացրու թե ի՞նչ ապագա էր սպասում մորդ մի մարդու հետ, որին փնտրում էին ողջ Խորհրդային Միությունում...,- ձայնը բարձրացրեց տատիկը, հետո ավելի մեղմ շարունակեց,- կարծում եմ, որ նա էլ էր դա լավ հասկանում, երևի դրա համար էլ մերժեց մորդ, երբ Ռիտան մեկնել էր Երևան... սիրել` առաջին հերթին նշանակում է զոհաբերել ինքդ քեզ հանուն սիրելիի... - Բայց ինչո՞ւ նա այդ ամենը չի բացատրել մայրիկին… - Ես չգիտեմ, բայց ասա ինձ, եթե քեզ ամուսնությանդ նախօրեին նման բան ասեին, դու կհավատայի՞ր: - Երևի ոչ,- ասաց Լենան ու գլուխը հակեց: Լռությունը սկսեց ճնշող դառնալ, Լենան մտահոգ լռում էր, տատիկը մեղմ շոյեց նրա գլուխը. - Մի տխրիր, թոռնիկս, դա կյանքն է… - Տատիկ, մտածում եմ, Անդրեյը նույնը կանե՞ր ինձ համար... - Հիմա ուրիշ ժամանակներ են... - Տատիկ, ժամանակները միշտ էլ նույն են, մարդիկ են ուրիշ, որտեղի՞ց են հայտնվում այդպիսիք, որտե՞ղ փնտրել նրանց, ահա թե որն է հարցը,- բարձրաձայն մտորեց Լենան: - Նա Նինայի հայ ամուսնու ազգականն էր: - Նինա՞, ի՞նչ Նինա: - Դե, Լենինգրադի իմ զարմուհու, դու նրան չես հիշի` փոքր էիր, երբ մահացավ: Նինան Վոլոդյայի մորաքույրն էր: - Պիտերի քեռի Վոլոդյայի՞: - Հա, նրանք մանկության ընկերներ են եղել, Նինան բաժանվելուց հետո կապերը չէր խզել ամուսնու հարազատների հետ, առանձնապես կապված էր Գագիկի մոր հետ: Արձակուրդներն հաճախակի էր անցկացնում Երևանում, նրանք էլ գալիս էին Լենինգրադ, հենց Լենինգրադում էլ մայրդ ու Գագիկը ծանոթացան: - Տատիկ, մայրիկն ասաց, որ նրա բոլոր լուսանկարներն ու նամակները ոչնչացրել է, ասաց, որ հնարավոր է քեզ մոտ մի լուսանկար մնացած լինի... նա ասում էր, որ մի լուսանկար կար, որտեղ դուք երեքով էիք... - Կարծում եմ, պիտի մնացած լինի, ինչ-որ տեղ խցկած կլինեմ, աչքից հեռու: Ուշ է, արդեն գնանք քնելու, վաղը կփնտրենք: - Տատիկ, խնդրում եմ, դու աշխարհի ամենալավ տատիկն ես, արի հիմա նայենք... - Ա¯խ դու փոքրիկ շողոքորթ, լավ, արի նայենք,- ժպտաց տատիկը: Երկուսով մտան հյուրասենյակ: Տատիկը պահարանի վերին դարակներից մի քանի ալբոմներ ու թղթապանակներ հանեց. - Լենա, հոգյակս, դու թղթապանակներում նայիր, ես կնայեմ ալբոմներում,- երեք տռուզ թղթապանակ մեկնելով Լենային` ասաց տատիկը: Լենան թղթապանակները վերցնելով` դրեց սեղանին, հետո աթոռը մոտեցնելով սեղանին` նստեց, բացելով առաջին թղթապանակը` սկսեց նայել: Առաջին թղթապանակում փաստաթղթեր էին, կոմունալ վճարումների անդորրագրեր: Լենան բացեց երկրորդ թղթապանակը` այստեղ նամակներ էին: Լենան, թեթևակի աչքի անցկացնելով նամակները, մեկը մյուսի հետևից մի կողմ էր դնում: Նամակների մեջ լուսանկարներ կային, բայց դրանցից ոչ մեկը այն չէր, ինչ ինքն էր փնտրում: - Ահա, գտա,- լսվեց տատիկի ձայնը: Լենան գլուխը բարձրացրեց ու անհամբեր նայեց տատիկին: Սա Լենային մեկնեց մի խունացած լուսանկար: Լենան խլեց լուսանկարը: Լուսանկարում երեքն էին` տատիկը, մայրիկը և Գագիկը: Տատիկն ու մայրիկն այնտեղ երիտասարդ էին, գեղեցիկ, բայց Լենան նրանց չէր նկատում, նա կլանված նայում էր Գագիկին: Լուսանկարը սիրողական էր, ժամանակի ընթացքում խունացած, արված Ռիտայի նախկին բնակարանում: Տատիկը ներողամիտ ժպիտով նայում էր թոռնիկին: - Դե, ի՞նչ կասես, բավարարվա՞ծ ես: - Չգիտեմ, լուսանկարը հին է, այստեղ համարյա բան չի երևում,- ուսերը թոթվելով` մտահոգ ասաց Լենան,- ափսոս, մայրիկը ոչնչացրել է նրա նամակները… - Այն ժամանակ նա չկարողացավ ոչնչացնել դրանք և տվեց ինձ` խնդրելով ոչնչացնել: Ես վերցրեցի, բայց երբ կարդացի, չկարողացա ոչնչացնել… - Ինչպե՞ս, դրանք պահպանվե՞լ են, դրանք քեզ մո՞տ են… - Պատկերացրու, այո,- խորամանկորեն ժպտաց տատիկը: - Տատիկ, սիրելիս, դու դրանք կտա՞ս կարդամ… - Իսկ քեզ չե՞ն ասել, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի… - Տատի¯կ…,- թնկթնկաց Լենան: - Լավ, միևնույն է, դու ինձ հանգիստ չես թողնի, մինչև ուզածիդ չհասնես,- հոգոց հանելով` ոտքի կանգնեց տատը: Նա նորից մոտեցավ պահարանին և պահարանի ներքևի դարակից մի տռուզ թղթապանակ հանեց մեկնելով ընդառաջ եկած Լենային: Լենան բացեց թղթապանակը, այնտեղ նամակներ էին` գրված դպրոցական տետրի թերթերի վրա: «Թանկագին Մակո» կարդաց նամակի սկզբում, Լենան արագ վերցրեց նամակը և շուռ տալով թերթը` կարդաց վերջին տողը. «Քո Գագիկ»: - Տատիկ, դու հրաշք ես,- շնորհակալությամբ տատիկին գրկելով և այտը համբուրելով` ասաց Լենան,- դու պառկիր, ուշ է արդեն, ես խոհանոցում արագ կկարդամ ու կպառկեմ: (Շարունակելի)

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ