ՇԱՐԺԻՉ ՈՒԺԻՑ` ՍԵՊ


Ո՞ւմ մտքով կանցներ, որ ոչ վաղ անցյալում հանրապետության տնտեսության աճի գլխավոր (շատերի համոզմամբ էլ` հիմնական) շարժիչ ուժը դարձած գյուղատնտեսության ոլորտը կսկսեր սեպ դառնալ` հիմա էլ առաջընթացի ճանապարհին£ Այնպես է ստացվել, որ հետճգնաժամային շրջանում նույնպես տնտեսական աճի երբեմնի գլխավոր խորհրդանիշն այդպես էլ ուշքի չի գալիս£ Ավելին, Ազգային վիճակագրական ծառայության սեպտեմբերյան ամփոփումը շինարարության համար նույնպես անկումային թվեր է նշել` այս անգամ արդեն 5,2 ոչ այնքան համեստ տոկոսներ արձանագրելով£ Կարելի է կարծել, որ թեկուզ ոչ լիարժեք սեզոնի փակումը մինչև տարեվերջ է°լ ավելի կմեծացնի նշված թիվը£ Ընդ որում, հարկ է նաև հաշվի առնել, որ հետճգնաժամային տարին շինարարության համար աչքի ընկավ մի շարք բարենպաստ գործոնների ի հայտ գալով ու դրանց համադրմամբ. պետական և վարկային միջոցների հաշվին իրականացվող ձեռնարկները նախատեսվող ծավալներով շարունակվեցին, մասնավոր կիսավարտ կառույցների աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին և այլն£ Այսինքն, կասկածից վեր կարելի է համարել, որ եթե ոլորտի վրա չլիներ նշված գործոնների ազդեցությունը, ապա պատկերը շատ ավելի անմխիթար կդառնար£ Սակայն դրական ազդակների կարևորությունից կամ ազդեցության չափից անկախ` անվիճելի է, որ մեր հանրապետությունում շինարարության բումն անդառնալիորեն անցյալում է մնացել£ Հետևաբար, գոնե առաջիկա տարիներին անկարելի կլինի այն տնտեսության գլխավոր ոլորտներից մեկը համարել կամ, առավել ևս հուսալ, թե նոր ձեռնարկներ են ի հայտ գալու ու դրանք նախկինի նման կարողանալու են նպաստել երկնիշ թվաճերին£ Իսկ այս շրջանը լավ, թե վատ իմաստով կարելի է շինարարության «հետևանքների» հաղթահարման փուլ համարել£ Ինչպես հայտնի է, գյուղատնտեսության հետ «համատեղ» հենց շինարարությանն էր բաժին հասնում ՀՆԱ ձևավորման 30 տոկոսը£ Եվ բնական է, որ եթե երկու ոլորտները միասնաբար, այն էլ այսպիսի շոշափելի անկում են արձանագրում, ապա ընդհանուր առմամբ տնտեսական աճի միտումը որքան էլ զգալի լինի, և տարբեր ճյուղեր որքան էլ առաջընթաց արձանագրեն, միևնույն է` շինարարության ու գյուղատնտեսության բացասական ազդեցությունն անհնար է շրջանցել£ Նշված ոլորտները որքան էլ մեկը մյուսից անմխիթար վիճակում են հայտնվել, բայցևայնպես, ի տարբերություն առաջինի` գյուղատնտեսության հեռանկարներն անհամեմատ լավատեսական կանխատեսումներով են առանձնանում£ Թեև նույն վիճակագիրների պնդմամբ` սեպտեմբերին անկումն այստեղ հավելվել է ևս 18 տոկոսով, այդուհանդերձ, լավատեսորեն, թե օրինաչափորեն կարելի է պատկերացնել, որ, ասենք, հաջորդ տարի ներկայիս աննախադեպ համարվող երաշտի կրկնության հավանականությունը չափազանց փոքր կլինի£ Սրանով հանդերձ` չի բացառվում, որ նույնիսկ տոկոսային անկումն առաջընթացով փոխարինվելու դեպքում այս տարվա աննախադեպ գնաճային վերելքը ոչ միայն պահպանվի, այլ մինչև անգամ գյուղմթերքներն է°լ ավելի թանկանան£ Ի վերջո, այն, ինչ արդեն տեղի է ունեցել, ոչ միայն երաշտի, այլ նաև ոլորտի աստիճանական մոնոպոլացման հետևանք է£ Այսինքն, այն մարդիկ, ովքեր հսկայական հողատարածքներ ձեռք բերելու մոլուցքով են սկսել տառապել, հետզհետե ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստանում` կոնկրետ ապրանքատեսակների համար կոնկրետ գներ թելադրելու£ Այսինքն, եթե նույնիսկ հաջորդ տարին գյուղատնտեսության համար չափազանց բարենպաստ լինի, ապա դարձյալ չի բացառվում, որ գյուղմթերքների գները որոշակի մարդկանց քմահաճույքներին ենթարկվելով, արհեստականորեն մի քանի անգամ բարձր մնան£ Վատագույն (իսկ միգուցե լավագո՞ւյն) դեպքում նրանք կարող են վատ իրացվող բանջարեղենն ու միրգը արտահանել, և, ինչպես երևում է` հողագործությանը տրվելու նրանց շահախնդրությունն արդեն իսկ նաև նման հեռանկարներով է պայմանավորվում£ Այսինքն, վիճակագիրների կողմից տնտեսության տվյալ ճյուղում արձանագրվելիք աճից անկախ` հանրության համար այս առումով ոչինչ չի փոխվելու, և հաջորդ տարին ընթացիկից բացարձակապես չի տարբերվելու£ Այսքանով հանդերձ, և հակառակ տնտեսական անկման ընդհանրացված տոկոսին` ԱՎԾ տեղեկագրում ընդհանուր առմամբ քիչ չեն նաև անսպասելիորեն ոգևորող ցուցանիշները նույնպես£ Դիցուք, հետաքրքիր է, որ արդյունաբերությունում արձանագրված շոշափելի աճը շարունակվում է պահպանվել, իսկ սպասվող սեզոնային ակտիվացմանն «ընդառաջ» էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն են մեկեն սկսում աճել£ Նախորդներից համեմատաբար ակտիվ համարվող սեպտեմբեր ամսին վիճակագիրները որոշակի առաջընթաց են գրանցել նաև առևտրի և ծառայությունների աշխուժացման առումով£ Ավելի շոշափելի համարվող ծավալը, թեև իրական հնարավորություն չի տալիս որոշակի պատկերացում կազմել, հատկապես այս ոլորտների իրական շրջանառության մասին, բայցև առաջընթացը, իսկ նախատոնական ամիսներին աճող տոկոսների բազմապատկումն անխուսափելի կարելի է համարել£ Այնպես որ, տնտեսական աճի ցուցանիշը տարեվերջին հաստատ հնարավոր կլիներ շատ ավելի մեծ, ընդհուպ մինչև նորից երկնիշ թվով ամփոփել, եթե շինարարության ու գյուղատնտեսության բացասական ազդեցությունն այս անգամ այդչափ ընդգծված ու շոշափելի չլիներ£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ