Հա՞ որ...


ՏՆՏԵՍԱԿԱՆ մրցակցության պաշտպանության մասին օրենքի փոփոխությունը նշյալ հանձնաժողովի ֆինանսավորման նոր կարգ է սահմանել£ Հետայսու Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն այս կառույցի անդամների համար է նախատեսվում£ Ամիսը 540 հազար դրամ, ինչպես հայտնի է, անգամ Հանրապետության նախագահը չի ստանում£ Սակայն ամեն ինչ այստեղ այնպես են դասավորել, որ պետական բյուջեն առավելագույնս թեթևացվի` ակնհայտորեն չկարևորելով վարձատրության նման չափի իրական հիմքերը£ Ինչպես հայտնի է, հատկապես վերջին շրջանում ՏՄՊՊՀ լուծարման հարցը խիստ հրատապ է դարձել, քանի որ կառույցի գործունեության արդյունավետությունն այդպես էլ չի նկատվում£ Հետևաբար, անհասկանալի է, թե արժե՞ արդյոք պետական միջոցների հաշվին շարունակել նման անգործունակ օղակի ֆինանսավորումը£ Չի բացառվում սակայն, որ նման համոզման են հանգել նաև ՏՄՊՊՀ ղեկավարները, ու աշխատավարձի նման չափը պայմանավորված է հետագա գոյության կարճ շրջանում պետության հատկացումներն առավելագույնս քամած լինելու մարմաջով£ ՆԱԽՈՐԴ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը վերականգնում է շաքար և շաքարավազ արտադրելու հին ու մոռացվող ավանդույթը£ Այս սննդատեսակի ներկրման մենաշնորհը տնօրինող Սամվել Ալեքսանյանը, բնականաբար, չի տխրի, քանի որ նորաբաց գործարանը նույնպես իրեն է պատկանում£ Սակայն որքան էլ տարօրինակ լինի, առանց փոքր¬ինչ ծանրութեթև անելու, այստեղ որոշել ու արտադրանքի առաջին խմբաքանակները միանգամից արտահանել են£ Թեև նշվում է, որ տեղական շաքարավազը դրսի շուկաներում հաջողությամբ է իրացվում, բայց այդպես էլ չի մանրամասնվում, թե հատկապես ո՞ր երկիր է այն ուղարկվում£ Հայտնի է միայն, որ շաքարավազի «մեր արքան» վրացական շուկան նոր է միայն ուսումնասիրում, և առաջին խմբաքանակները հարևան հանրապետություն հաստատ չեն ուղարկվել£ Հավանական է, որ տեղական արտադրանքն ավելի բարձր որակական հատկանիշներ ունենա, քան ներկրվողը£ Համենայն դեպս, այլ կերպ դժվար է բացատրել սպառման դրսի շուկաներ հայտնաբերելու շահախնդրությունը£ Սա էլ հենց ենթադրում է, մեր հանրապետությունը շարունակելու է ներկրվող և խանութներում խոնավացվող շաքարավազի հույսին մնալ£ Ու եթե այս կանխատեսումը շատ չանցած իրականություն դառնա, ապա նորաբաց գործարանի միակ օգուտը Շիրակի մարզում բացված մի քանի հարյուր աշխատատեղերը կարելի կլինի համարել£ ԻՍԿ հարևան Ադրբեջանին սովի վտանգն է սպառնում£ Մինչ այս երկրի ղեկավարությունը տարված է առաջիկա նախընտրական քարոզարշավով, գյուղատնտեսության պատասխանատուները հայտարարել են, թե այս տարի հացահատիկի բերքը կիսով չափ նվազել է£ Հետաքրքիր է, որ նման փաստ այստեղ արձանագրվում է տարեվերջին, երբ հացահատիկային ճգնաժամը հաղթահարելու խնդիրն ամենուր այս կամ այն կերպ արդեն լուծվել է£ Ի դեպ, պարզվել է նաև, որ Ադրբեջանի հողերի 47,8 տոկոսը էռոզիայի է ենթարկվել, և գյուղատնտեսությունն Ադրբեջանում այլևս տնտեսության առաջատար ճյուղ չի կարող համարվել£