Հուսո մի կայծ` մինչ հավատի վերադարձը


Հույսը երբեք չի ամաչեցնում: Ճշմարտության նման` տկարանում է մեկ-մեկ, նվաղում, բայց չի մարում: Շատ նվաղելուց` այն հավատն է սպանում ու դրանից ինքն ավելի է տկարանում: Բայց բավական է փոքրիկ մի կայծ, որպեսզի նորից արթնանա հույսը, բավական է փոքրիկ մի քայլ, որպեսզի ամրապնդվի ու գնա` սպանված հավատը վերակենդանացնելու…

Այդպիսի մի կայծ դիպել է մեր հույսին: Նորից ինչ-որ սպասում է արթնացել. բայց դեռևս ոչ թե «ամեն ինչ լավ է լինելու» համոզմունքով, այլ` «կարծես մի բան փոխվելու է» թեականով: Խոստովանենք, որ վաղուց մեր սպասումները դրականի ակնկալիքով չէին: Կառավարության նոր ղեկավարի հանդեպ օրավուր փոխվում է վերաբերմունքը` դրական միտումներով: Ու քանի դեռ հույսն այնքան չի ամրապնդվել, որ գնա` կորսված հավատը հետ բերելու` ժողովուրդը երկյուղածությամբ սպասում է իր կյանքի հունի փոփոխման առաջին գործնական քայլին: Առողջ բանականությունը հուշում է, որ խոտորված ոչ մի հուն մեկեն չի շրջվի. մարդիկ գիտակցում են, որ էլի´ մի փոքր ժամանակ է պետք: Եվ հուսադրող այդ գիտակցությամբ էլ սպասում են գործնական առաջին քայլին: Դիցուք. Կառավարության ծրագրով նախատեսված «Միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացու մեջ արմատավորելու հավատ` իր երկրում վաղվա օրվա, հպարտության զգացում` հայրենիքի նկատմամբ» դրույթի իրագործումը լիարժեք հեղաշրջում կարող է դառնալ: Հոգևո´ր հեղաշրջում, հավատի վերադարձ: Նոր կառավարությունից միանգամից դրա լուծումը ոչ մեկը չի ակնկալում, բայց հավասար պայմաններ ստեղծելու գոնե «հիմնարկեքը» պիտի կատարվի:

Մի հետաքրքիր հոգեվիճակ է ստեղծվել մեզանում. վաղվա օրվա հանդեպ ծվատող հուսահատությունից չարացած` մարդը չի դադարում դեպի ապագա տանող ուղիներ որոնել: Հայրենիքը լքում ենք, ցանկացած ուր դրախտ է թվում, բայց պաշտամունքի հասնող առանձնակի գորով ենք տածում հայրենիքի պաշտպան զինվորների հանդեպ: Գուցե հենց այս փաստարկներն էլ անհուսության ճահճից ազգը դուրս բերելու հենքե՞րը դառնան:

Այո, նոր վարչապետի հանդեպ դրական վերաբերմունք է ձևավորվել: Իհարկե, ժողովուրդն այնքան իրատես է, որ իրեն թույլ էլ չի տա մտածել, թե «մի ծաղկով գարուն կգա»: Հասկանալի է, որ վարչապետի կողքին երկրի նախագահն է, մասամբ` օրենսդիր իշխանությունը, և համատեղ ջանքերով, փոխադարձ վստահությամբ համաձայնաց վում են անելիքները: Ու եթե շատ անկեղծ` ապա, որպես առաջիկա ընտրությունների նախադուռ, ներկա իրավիճակն ամենից ավելի շահեկան է գործող իշխանությունների համար: Ինչո՞ւ չէ, հենց նրանք կարող են դառնալ իրենց իսկ վրիպումների ու սխալների ընդդիմախոսը: Ու քանի որ իշխանություններն այսօր շատ ավելի միաբան են, քան միավորումից մահու չափ վախեցող ընդդիմադիրները, ուրեմն բարեպատեհ այս պահը պիտի մղի նրանց` նույն միաբանվածությամբ հայացքները դեպի ժողովուրդը հառել:

Ժողովրդի հույսը կայծ է առել, նրան հիասթափության ճահճից դուրս բերելու գործնական մի քանի քայլ, և կայծկլտացող հույսն իսկույն կշտապի` մեռնող հավատը վերականգնելու: