Արտառոց դիպված


Ցանկացած փաստաթղթի պատճեններ, պատճենների պատճեններ, որքան ուզեք ու երբ կամենաք` կարելի է ունենալ: Բայց բնօրինակը, սկզբնագիրը միակն է լինում: Մանավանդ` երկրի մայր օրենքի սկզբնօրինակն ուրիշ խորհուրդ ունի և պարտադիր պահպանման անհրաժեշտություն: Իսկ Ղրղզստանում ահա` վերցրել ու կորցրել են իրենց թիվ 1 օրենքի թիվ 1 ու միակ բնօրինակը: Ե՞րբ, ո՞վ և որտե՞ղ` ոչ ոք չգիտե: Կորստի մասին էլ, երևի, երբևէ չէին իմանա, եթե պետության հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հանրաքվեի չնախապատրաստվեին:

Անցյալ շաբաթավերջին խորհրդարանում հանրաքվեի մասին օրինագիծը քննարկելու ժամանակ պարզվել է, որ գլխավոր փաստաթղթի բնագիրը չկա ո´չ նախագահական, ոչ էլ պետական այլ մարմիններում (հաղորդել է «Կազինֆորմ»-ը): Հիմնավոր առիթ` քաղաքական ճգնաժամի հասունացման համար:

Կորստյան փաստն ի հայտ գալու հաջորդ օրը բարձրացվել է պետական իշխանության օրինականության հարցը:

- Հիմնական օրենքի սկզբնօրինակը պետք է գտնվի ոչ թե արդարադատության նախարարությունում, ոչ թե գլխավոր դատախազությունում, այլ նախագահի նստավայրում: Եթե չկա սահմանադրություն, ապա մեխանիկորեն բարձրանում է իշխանության բոլոր ճյուղերի լեգիտիմության հարցը` նախագահի, խորհրդարանի, կառավարութ յան,- հայտարարել է պատգամավոր Ալմամբեթ Շիկմամատովը:

Օրինաչափ է հարցադրումը, սակայն անհասկանալի է խորհրդարանի որոշումը. սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն դեկտեմբերի 4-ից տեղափոխվել է դեկտեմբերի 11-ին: Այսինքն` հավելյալ 7 օ՞ր է պետք` կորցրած մայր օրինակը գտնելու համար:

Ղրղզստանի ընդդիմությունն էլ այլ պատճառ ունի` դեմ լինելու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեին: Ընդդիմադիրները գտնում են, որ այդ փոփոխություններն առաջարկող խորհրդարանական 5 խմբակցությունները խախտում են մինչև 2020 թ. սեպտեմբերի 1-ը երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու անթույլատրելիությունը (newsru.coΗ):