Լոռվա հինավուրց թատերատոնը

«Թատերական Լոռի». արար 23-րդ

Փառատոնային նախերգանք

Մարզային փոքր քաղաքում անցկացվող 37-ամյա փառատոնի հարյուրավոր մասնակիցների բազմամյա գնահատականով` իր հոգևոր ներուժով «Թատերական Լոռին» ամենևին չի զիջում աշխարհի հեղինակավոր որևէ փառատոնի: Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին նվիրված 21-րդ «Թատերական Լոռու» արդյունքներով` Գյումրիից հետո Ալավերդին ճանաչվեց «Տարվա լավագույն ՀՀ մշակութային համայնք»:

Գեղարվեստական նշաձողի շեշտակի բարձրացմանը, մարզային ընդգրկման ընդլայնմանը զուգընթաց հաջորդիվ ի հայտ բերած միջազգայնացման միտումն էլ շուտով ամրապնդվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին նվիրված 22-րդ փառատոնում: Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-ամյա հոբելյանին նվիրված 23-րդ «Թատերական Լոռու» խաղացանկն արդեն ձևավորված էր 5 երկրների տարաժանր «թատերադաշինքով»: Հայաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Իրանի և Հյուսիսային Օսեթիայի 14 թատերախմբեր 10 օր անընդմեջ 3 տասնյակ ուշագրավ ներկայացումներով հոկտեմբերի 4-ից 14-ը հանդես եկան ՀՀ Լոռու մարզի 5 քաղաքներում` Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում և սահմանամերձ Նոյեմբերյանում:

Թումանյան ծնած աշխարհի հեռավոր անկյունում` հեքիաթային Լոռու անտառապատ լեռնալանջին ծվարած Ակներ գյուղում, հայ բեմի երախտավոր Ռուբեն Հակոբյանի ջանքերով 1979 թվականին ինքնաբուխ ծնունդ առած թատերական տոնախմբությունը շուտով հաստատվեց Ալավերդի քաղաքում: Աննկատ ընդլայնվեցին «Թատերական Լոռու» տարածական սահմանները որպես ոչ պրոֆեսիոնալ, ապա` ժողովրդական թատրոնների ամենամյա ստուգատես: Ալավերդին, որի թատրոնածին սերմերը դեռևս 1880-ականներին, իրենց ընտանիքներին մշակութային ժամանց ապահովելու միտումով, շաղ էին տվել այստեղ հայտնված ֆրանսիացի հանքագործ ինժեներները, այնուհետ աճեցրել Թիֆլիսի տարազգի թատերախմբերը, ի զորու եղավ համախմբելու Հայաստանի և աշխարհի մեկ-վեցերորդ մասը կազմող ԽՍՀՄ տարածքում կղզիացած ստեղծագործող հարյուրավոր մարդկանց: «Թատերական Լոռի» փառատոնը, ալիքվելով բնօրրանի սահմաններից դուրս, դյուրությամբ մնայուն տեղ գրավեց հայաստանյան մշակութային կյանքում` որպես Լոռվա աշխարհի թատերական այցեքարտ: 2006 թվականից համայնքային թատրոններին զուգահեռ «Թատերական Լոռին» իր տիրույթում ներգրավեց նաև պրոֆեսիոնալ ճանաչված թատրոններ Հայաստանից և արտասահմանյան երկրներից: Եվ, թատրոնի մոգական լեզվով, տարբեր երկրների ժողովուրդների միջև շարունակվեց ծավալվել ազգամիջյան բարեկամական փոխըմբռնմանը նպաստավոր միջմշակութային երկխոսություն: Ինքնատիպ այդ բազմամարդ թատերազրույցի կայացման գրավականը դարձավ լոռեցիների տաքսիրտ հյուրընկալությունը, որից անմասն չմնաց Ալավերդի ժամանող որևէ թատերախումբ, հայտնի ու անհայտ որևէ թատերագործիչ: Անուրանալի է այս փառատոնի դերն ու նշանակությունը նաև մարզի բնակչությանը մշակութային բարձրարժեք հոգևոր սնունդով պարբերաբար գոտեպնդելու և պատմահնագիտական անկրկնելի գանձերով հարուստ երկրամասի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը բորբոքելու տեսակետից:

«Թատերական Լոռի». արար 23-րդ

Ներկայացուցչական հանդիսասրահում «Ռուսական թատրոնի օրեր» միջանկյալ ծրագրի հին ու նոր հուսալի գործընկերներն են` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կալինկինը, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը, Ռուսաստանի գիտության և մշակույթի Երևանի կենտրոնի պատասխանատու աշխատակից ներ, ՀՀ Լոռու մարզի ու Ալավերդու ներկա ճակատագիրը տնօրինող պաշտոնատար անձինք: Նրանց ողջերթի մաղթանքների համար «փառատոնի տանտերը»` Ալավերդու քաղաքային թատրոնը, ապահովել է մեր նորանկախ հայրենիքի քառորդդարյա հոբելյանին հարիր բեմական միջավայր: Մեկնարկային հուզմունքը բեմից հորդում է մշակույթի տան լեփլեցուն դահլիճ:

- Ինքս 2 միջազգային թատերական փառատոն եմ հիմնադրել,- ողջույնի խոսքում անկեղծանում է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը,- և բարձր եմ գնահատում մոտ 40 տարվա պատմություն ունեցող «Թատերական Լոռու» բոլորովին վերջերս ի հայտ բերած զարգացման միտումները: Նորացված բովանդակությամբ, հարակից ծրագրերով է այս փառատոնն ամեն անգամ ներկայանում մարզային հանդիսատեսին: Կենդանի հաղորդակցությամբ Երևանից 170 կմ հեռու ապրող արվեստասեր հանրությանն իրազեկում է արդի բեմարվեստի բնութագրական դրսևորումներին, խորացնում, ճշգրտում ու թարմացնում տպավորությունները: Դժվարությամբ, բայց ավելի ու ավելի վստահ ջանում է մեր ժամանակների հարափոփոխ պահանջներին համաքայլ ընթանալ: Իմ խո­րին հա­մոզ­մամբ, այս­պի­սի նա­խան­ձե­լի կեն­սու­նա­կութ­յան գրա­վա­կա­նը ՀՀ ­Լո­ռու մարզ­պետ Ար­թուր Նալ­բանդ­յա­նի ար­վես­տա­մե­ծար մար­տա­վա­րութ­յունն է, ով դեռևս­ Ա­լա­վեր­դու քա­ղա­քա­պետ ե­ղած ժա­մա­նակ խե­լամ­տո­րեն սա­տա­րեց մար­դու հո­գե­կերտ­վածքն ան­մի­ջա­կան ներ­գոր­ծութ­յամբ ազն­վաց­նող թա­տե­րար­վես­տի ար­ժա­նա­վա­յել կեն­սու­նա­կութ­յու­նը:

Նոյեմբերյանից ու Ալավերդուց հետո թատերական ջահերը վառվեցին փառատոնային մյուս հանգրվաններում: Կրկնակի հոբելյար «մալյանցիներին» Ստեփանավանում դիմավորեցին փողային նվագախմբով` ավանդական մեղր ու հացով ուղեկցելով Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տուն (տնօրեն` Անուշ Ղարաքեշիշյան): Ճեմասրահում, նորաբաց գեղանկարչական ծաղկազարդ ցուցահանդեսի տիրույթում, առաջին անգամ Լոռու մարզում հանդես եկող թատերախմբին սրտառուչ կատարումներով հյուրընկալեց նորաստեղծ լարային քառյակը: Իրենց մասնագիտական տոնի առթիվ հրաշալի նվեր ստացան քաղաքի ուսուցիչները` Աղասի Այվազյանի 5 պատմվածքների օրգանական շաղախով Նարինե Մալյանի տաղանդավոր ռեժիսուրայով և դերասանախմբի կատարողական համախոհությամբ միս ու արյուն ստացած «Ցեղի ֆիզիոլոգիան»: Նրանք, ովքեր մինչ այդ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանին ճանաչում էին միայն որպես հայկական կինոն համաշխարհային էկրան բարձրացրած կինոռեժիսոր, բացահայտեցին նրա թատերաշինության անշփոթելի գրավչությունը` 35 տարի առաջ հիմնադրած թատրոնի մեն մի ներկայացմամբ: Միևնույն ժամին մանուկներին անչափ հարազատացած երևանյան տիկնիկային թատրոնի «Ոսկե ճուտիկի» լուսավոր հեքիաթով գոտեպնդված ալավերդցի հանդիսատեսն ուշի ուշով վերծանում էր արտերկրից ժամանած առաջին հյուրի` ճապոնուհի Շոկո Իտոյի «Սամուրայ տատիկ -2» մենախաղը:

Փառատոնային երկրորդ հոբելյարը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանն էր: Բնիկ ալավերդցին, ով հայտնություն էր ներկաներից շատերի համար, իր ծննդյան 70-րդ տարեդարձը նշում էր մի թատրոնում, որի տարեգրության մեջ մնայուն հետագիծ էին թողել նրա շնորհաշատ ծնողները` դերասանուհի մայրը և դերասան-բեմադրիչ-տնօրեն հայրը: Համաքաղաքացիներին հպարտություն ներշնչեց նաև տաղանդավոր որդին, երբ, ի նշանավորումն իրենց Ուսուցչի հոբելյանի, Համազգայինի սիրված դերասանները հարաճուն խանդավառությամբ ներկայացրեցին Կլոդ Մանյեի «Բլեզի»` նրա կենսաթրթիռ, սիրահենք մեկնաբանությունը: Որոտընդոստ ծափերով ու ալ վարդերով ողողվեց Համազգայինի փառատոնային երրորդ բեմելը:

Ասենք, որ փոխըմբռնման ու ջերմագին ընդունելության պակաս չզգաց Լոռիի հինավուրց թատերատոնի 23-րդ արարին մասնակցող ոչ մի թատերախումբ: Այս մասին չզլացան խոստովանել նույնիսկ Թեհրանի «Կրեատիվ» թատերախմբի երիտասարդ արտիստները, ովքեր թերահավատորեն էին ընդունել Հայաստանի հեռավոր մարզում լայնամասշտաբ փառատոնի արժանավորությունը` չնայած ներկայացել էին 2 բեմադրությամբ: Դասական հանրածանոթ երկերի` Շեքսպիրի «Օթելլոյի» և Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Մամա Յերմայի» մոտիվներով Ֆարզին Նոբարանիի համարձակ փորձարարությամբ բեմադրած թատերախաղերի մարզային հանդիսատեսը գրեթե անվրեպ վերծանեց իրանցիների բեմական նորաոճ դրսևորումները: Հարկ է խոս­տո­վա­նել, որ մշա­կու­թա­յին տ­ևա­կան հան­դի­սա­շա­րե­րի կա­րոտ մար­զա­յին հան­դի­սա­տե­սը գրե­թե հա­մար­ժեք ջեր­մութ­յամբ էր ող­ջու­նում 14 թա­տե­րախմ­բե­րի 17 տա­րար­վեստ բե­մադ­րութ­յուն­նե­րի 3 տասն­յակ ներ­կա­յա­ցում­նե­րը: Անվ­րեպ որ­սում էր բե­մից ի­րեն հղված պա­տում­նե­րի գլխա­վոր ա­սե­լի­քի նրբե­րանգ­նե­րը` եր­բեմն հա­ճե­լիո­րեն զար­մաց­նե­լով ա­մե­նա­փոր­ձա­ռու ար­վես­տա­գետ­նե­րին: Ա­ռանց բար­դույ­թա­վոր­վե­լու, ծա­փե­րի տա­րա­փը դեռևս չ­մա­րած, բա­րե­կա­մա­նում էր ստեղ­ծա­գոր­ծա­կան բո­լոր խմբե­րի հետ` խտրութ­յուն չդնե­լով վա­ղուց կա­յա­ցած հան­րա­հայտ­նե­րի ու թա­տե­րար­վես­տում ա­ռա­ջին քայ­լերն ա­նող­նե­րի միջև:

- Հա­մոզ­ված եմ, որ ա­լա­վերդ­ցի­նե­րի տրա­մադ­րութ­յունն ա­վե­լի բարձր է այս 10 օ­րե­րին, - գո­հու­նա­կութ­յամբ նշում է ՀՀ ­Լո­ռու մարզ­պետ Ար­թուր Նալ­բանդ­յա­նը, - քա­նի դեռ կա, ըն­թաց­քի մեջ է «Թա­տե­րա­կան Լո­ռի» փա­ռա­տո­նը, բնա­ծին թա­տե­րա­մո­լութ­յու­նը հոգևոր-բա­րո­յա­կան նե­ցուկ կգտնի Լոռ­վա գրկում... Վստահ եմ, որ նո­րա­նոր սե­րունդ­ներ դեռ պի­տի դաս­տիա­րակ­վեն մեր հնա­գույն փա­ռա­տո­նով: Նոր ներ­կա­յա­ցում­ներ, նոր հան­դի­սա­տես, նոր սե­րունդ...

Վերջաբանի փոխարեն

Ամենևին պատահական չէր, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մարզային իր շրջայցի ուղեծրում ներառել էր նաև Ալավերդին: Մշակույթի ոլորտի առողջաց ման ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի անթաքույց նպատակասլացությամբ նորանշանակ նախարարը «ԷՅ ՍԻ ՓԻ» ընկերության գրասենյակում սրտաբաց զրույց ծավալեց Ալավերդու մտավորականների, մշակութային գործիչների հետ: Հանդիպման գլխավոր թեման «Թատերական Լոռի» փառատոնն էր:

Համբերատար իրազեկվելով հիմնական խնդիրներին` դահլիճների և դրանց տեխնիկական հագեցվածություն, հայթայթված և տրամադրված միջոցների անբավարա րություն, նախարարն առանձնակի կարևորեց մեկենասական խոշոր ներդրումները մշակույթի ոլորտում և պետական հետագա աջակցության պատրաստակամություն հայտնեց` ոչ միայն փառատոնի կազմակերպման ու անցկացման, այլև հանրահռչակման գործում: Համայնքների ներկայացուցիչներին նա հորդորեց նորարարական գաղափարների վրա խարսխված կառուցողական ուշագրավ նախագծեր ներկայացնել` ի նպաստ մարզի մշակույթի համաչափ զարգացման: Հավաստիացրեց, որ դրանք լայնորեն կքննարկվեն հեղինակների հետ, կլրամշակվեն ու կյանքի կկոչվեն:

- Իմ կարծիքով, մշակույթի զարգացման իրական ակունքները հենց մարզերում են, պետք է մշակույթի առողջացման նոր ծրագրեր մշակել,- ընդգծեց Արմեն Ամիրյանը:- Այս պահի դրությամբ դեռ հստակված չեն ամենաարդյունավետ կոնկրետ ուղղությունները, բայց ընդհանուր ծրագրերը, որոնք պիտի գործեն` ֆիլմարտադրություն, թատերարվեստ, գրադարաններ, գրախանութներ, ներգրավված են մարզի, քաղաքի համաժամանակյա զարգացման ծրագրում:

Թատերական տոնի 10-օրյա վայելքը խանդավառել էր ալավերդցիներին: Ափսոս, որ այդ խանդավառությունը նկատելիորեն մարմրեց` մեկուկես տասնյակ մրցանակակիրների զգալի մասի բացակայության պատճառով: Ֆինանսական դժվարությունների պատճառով` այս տարի կիսով չափ սահմանափակվել էր ոչ միայն փառատոնի մասնակիցների կազմը, այլև նրանց տևականորեն հյուրընկալելու հնարավորությունը: Այդուհանդերձ...

- Ինձ թվում է, որ փառատոնը կայացավ, - հանրագումարում է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ով ամենից ավելի հիացավ «մալյանցիների» մանրամշակ ու վառվռուն թատերային «Ցեղի ֆիզիոլոգիա»-ով: - Հատուկ շնորհակալություն եմ հայտնում տնօրեն Հրաչյա Պապինյանին, բոլոր մասնակիցներին ու աջակիցներին: Դատելով հանդիսասրահների ջերմ ընդունելությունից` ալավերդցիները գոհ մնացին 23-րդ «Թատերական Լոռու» բարձրարժեք բովանդակությունից: Ամեն հաջորդ փառատոնին հանդիսատեսը ավելի բարդ պահանջներ է ներկայացնում կազմակերպիչներին: Քաղաքի հիմնախնդիրները կարգավորելուն զուգահեռ պիտի ջանանք բարձր պահել նաև մեր երկրի սահմաններից դուրս ճանաչելի դարձած նրա թատերական այցեքարտի վարկանիշը:

Վահե Շահվերդյանի թեթև ձեռքով ու լավատեսություն ներշնչող բարեմաղթանքներով զրնգաց փառատոնի ավարտն ազդարարող ավանդական զանգը: Հուսանք, որ 2018-ին անհամեմատ հուսալի լծակներով կիրագործվի Լոռվա հինավուրց թատերատոնի 24-րդ արարը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ