Արմեն ՄԽԵՅԱՆ

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-15-ում)

Գալստյանը հեռացավ` միանալով քրեագիտական փորձաքննության աշխատակիցների խմբին: Դիակներն արդեն պատրաստ էին տեղափոխման համար: Մեսրոպյանը հայացքն այլ կողմ տարավ` ևս մեկ անգամ չտեսնելու համար այն, ինչին ականատես եղավ մի քանի րոպե առաջ:

-Պարոն Մեսրոպյան,- ձայն տվեցին անվտանգության աշխատակցի սենյակից, - տեսախցիկներից մեկի տեսագրությունը ջնջված չէ, մոտեցեք խնդրեմ:

Էկրանին ժամը ցույց էր տալիս 11:47: Մեսրոպյանը նորից նայեց գրանցամատյանի օրվա ընթացքում արված միակ գրառմանը: Տարբերությունը երկու րոպե էր կազմում և ոչ ավել: Ընդունարանում երեք հոգի էին` երկու կին և տղամարդ: Կանանցից մեկը սպանվածներից մեկն էր, իսկ այն երկուսն անծանոթ էին իրեն:

- Ովքե՞ր են այն երկուսը, - հարցրեց Մեսրոպյանը:

-Կինը սննդի անվտանգության տեսչության պետն է` Տաթև Ստեփանյանը, ով արդեն իսկ հետախուզման մեջ է, իսկ տղամարդը` լրատվական կայքերից մեկի խմբագիր:

- Սատանան գլուխ չի կարող հանել անգամ այս ամենից: Գրողը տանի, ի՞նչ է, նրա՞նք են այս ամենն արել:

Տեսագրությունում պարզ երևում էր` ինչպես են հաջողացնում դուռը բացել: Մինչ տղամարդը կոտրում է փականը, կանայք փորձում են զանգահարել, և կարծես Տաթևը հեռախոսազրույց է ունենում, որից հետո երեքով մտնում են փոխնախարարի աշխատասենյակ: Եռյակը հայտնվում է մյուս էկրանին` արդեն աշխատասենյակում: Տղամարդն ու Տաթևը չհրկիզվող պահարանի մոտ են: Հստակ կարելի է տեսնել` ինչպես է տղամարդը փոխանցում բանալի` պահարանի բանալին: Թեև ձայն չկա, սակայն դժվար չէ նկատել, որ Տաթևը բարկացած տեսք ունի: Մյուս կինը մոտենում է պահարանին ու հավաքում ծածկաթիվը: Վերջին դրվագը պահարանի դռան բացումն է, ու տեսանյութն ավարտվում է:

- Այս մեկն էլ են անջատել հենց այստեղից,- բացատրեց երիտասարդ քրեագետը:

«Եթե այստեղից, ապա ինչպես են միայն մեկ հոգու մատնահետք գտել: Ո՞վ է անջատել, անվտանգության աշխատակի՞ցը, թե հանցագործները: Ձեռնոցները… Մյուս սպանված անվտանգության աշխատակցի ձեռքին ռեզինե ձեռնոցներ կային»,- հիշեց Մեսրոպյանը:

Դռան մոտ երևաց Գալստյանը:

- Պարոն գնդապետ, ականատեսներ կան, ովքեր տեսել են, թե ինչպես են պատուհանից երկու հոգի ոստիկանության ժամանման պահին դուրս եկել: Նրանցից մեկը` տղամարդը, վիրավոր է եղել:

- Երրորդ սպանվածի ինքնությունը չճշտվե՞ց,- շտապեց հարցնել Մեսրոպյանը:

- Դեռ ոչ:

Մեսրոպյանի գլխում արդեն իսկ վարկածեր էին պտտվում:

- Խուզարկեք ողջ հարկաբաժինը: Հնարավոր է հագուստ, պայուսակ կամ նույնիսկ այլ մարդկանց գտնենք: Պարզեք, թե ում են զանգահարել վերջին րոպեին` ընդունարանի հեռախոսից: Շտա´պ:

Գալստյանը համաձայնության նշան ցույց տվեց ու հեռացավ:

Վայրկյաններ անց Հանրապետության գլխավոր ոստիկանապետը նույնպես ժամանեց` տեղում ծանոթանալու իրավիճակին:

***

Սամվելը փորձում էր գտնել բջջայինը, բայց այն չկար:

«Հավանաբար ճանապարհին ընկել է»:

- Պարոն Բադալյան, ձեր բջջայինից մեկ զանգ կարո՞ղ եմ կատարել,- հարցրեց Սամվելը:

- Ա… այո, իհարկե,- եղավ Բադալյանի պատասխանը, սակայն «այո»-ն այնպես ասաց, որ ավելի շուտ «ոչ»-ի էր նման:

Սամվելն առաջինը հավաքեց Արտակի հեռախոսհամարը, ավելի ճիշտ այն միակն էր, որ կարողացավ հիշել: Զանգը գնում էր, բայց պատասխան չկար: Սամվելը մի կերպ էր կարողանում հեռախոսն ականջին մոտ պահել ու ամեն զանգի ազդանշանից հետո քիչ էր մնում դեն նետեր բջջայինը: Վերջապես լսվեց Արտակի ակնհայտ հուզված ձայնը:

- Արտակ, ես եմ,- հազիվ կարողացավ արտասանել Սամվելը, երբ Տաթևը բոթեց նրան` հասկացնելու համար, որ որևէ ավելորդ բառ չասի:

- Արտակ, ես լավ եմ, միայն ասա ի՞նչ է կատարվում այդտեղ:

- Ո՞ւր ես: Լրագրողները մի կողմից, ոստիկաններն էլ մյուս կողմից քեզ են փնտրում: Շտապ պահանջում են ներկայանաս: Բայց հենց նոր լրատվության վարչությունից հայտնեցին, որ հետախուզում է հայտարարվել: Հիմա քո ու այդ կնոջ նկարները բոլոր լրատվական կայքերի առաջին էջերին են: Մամուլն էլ ինչ ասես գրում է: Ի՞նչ անեմ, հերքում տա՞մ:

- Ո´չ, ցանկացած հաղորդագրություն կարող է անսպասելի հետևանքների բերել: Միայն գրիր, որ լուրերը չեն հաստատվել և դեռ ապացույցներ չկան, դե դու ավելի լավ կմտածես, բայց ոչ մի լուր իմ զանգի մասին, լա՞վ: Եթե հարմար լինի` հետո կխոսենք…

Սամվելը սեղմեց անջատման կոճակն, ու Տաթևը հեռախոսը գրեթե խլեց նրա ձեռքից:

- Ինչո՞ւ զանգեցիր: Հիմա ամեն քայլը կարող են վերահսկել,- մի կերպ զայրույթը զսպելով խոսեց Տաթևը:

- Հանգիստ եղեք,- միջամտեց Բադալյանը,- հեռախոսահամարը չի երևում. վերջերս եմ սկսել օգտվել Կառավարությանն ընձեռած այդ հնարավորությունից:

Հայելու մեջ հայտնվեց Բադալյանի խորամանկ ժպիտը, որը տարօրինակ թվաց Տաթևին:

Սամվելի դեմքին գույն չէր մնացել: Իհարկե, կարելի էր հասկանալ, մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, բայց սա հիմնական պատճառը չէր: Ականջներում դեռ Արտակի բառերն էին` հետախուզում են հայտարարել: Աստվա´ծ իմ, այս ինչի մեջ ենք հայտնվել: Տաթևին ասել դրա մասին` իզուր է հավանաբար: Իսկ նախարարի՞ն, արդյո՞ք նա կշարունակի օգնել, եթե իմանա, որ ոստիկանությունն իրենց է փնտրում:

- Պարոն Բադալյան, կարո՞ղ եմ ես էլ օգտվել բջջայինից:

Բադալյանի պատասխանը եղավ` «իհարկե», բայց նորից այն տոնայնությամբ, որ «ոչ»-ի էր նման:

Տաթևը չէր պատրաստվում զանգ կատարել: Նա բջջայինի միջոցով միացավ համացանցին ու փնտրեց մտքին եկած առաջին իսկ լրատվական կայքի հասցեն:

Այն, ինչ կարդաց, ուղղակի ապշեցուցիչ էր և հավանաբար` մի շարք վարկածներից մեկը:

«Փոխնախարարի սպանությունը կապված է խանդի հետ» վերտառությամբ հոդվածում նշվում էր, թե հիմնական կասկածյալն իր ամուսինն է, ով ձերբակալվել է դեպքից քիչ անց:

«Ա´յ թե երևակայություն ունեն լրագրողները»:

Մեկ այլ հոդվածում էլ նշվում էր, որ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն, այն բանից հետո, երբ զինված հարձակում է իրագործվել Կառավարական տան աշխատակիցների վրա: Զոհերի թիվն, ըստ կայքի` երեքն էր, բայց ոստիկանությունը մտավախություն ունի, որ տուժածները կարող են ավելին լինել:

Գտավ մեկ այլ հոդված, որտեղ ներկայացվում էր, թե ականատեսների պնդմամբ մի խումբ զինված անձինք են նկատվել մուտքի մոտ, այնուհետև նրանք հեռացել են, իսկ պատուհանից երկու հոգի դիմել են փախուստի: Ոստիկանությունն արդեն հասցրել է պարզել, թե ովքեր են փախել: Նշված էին իրենց անունները: Հայտարարվել է հետախուզում:

- Աստված իմ, մենք հետախուզման մեջ ենք,- բացականչեց Տաթևը,- պետք է կապվել անմիջապես ոստիկանապետի հետ ու խնդրել հանդիպում: Ուշացնել պետք չէ:

- Մենք արդեն տեղ հասանք,- միջամտեց Բադալյանը,- եկեք հասկանանք, թե ինչ պետք է անենք, նոր զանգահարենք, թեկուզ նախագահին:

Մեքենան կանգ առավ շքեղ առանձնատան դիմաց: Մեկ ակնթարթ հետո դարպասները բացվեցին, ու մեքենան մտավ մեծ կալվածքի սահմաններից ներս:

Սամվելի ու Տաթևի հայացքները հանդիպեցին, ու երկուսի գլխում էլ նույն հարցն էր` «Որտե՞ղ ենք»:

***

- Հայտնաբերվել է երեք դիակ: Երկուսը նախարարության աշխատակիցներ են, մյուսի ինքնությունը ճշտվում է,- զեկուցում էր Մեսրոպյանը ոստիկանապետին:

- Ովքե՞ր են սպանվածները,- ընդհատեց ՀՀ ոստիկանապետը ոստիկանության ծառայության պետին:

- Անվտանգության աշխատակիցն ու սպանված փոխնախարարի օգնականը: Այժմ կատարվում են անհրաժեշտ դատափորձագիտական միջոցառումներ: Նախապես պետք է ասեմ, որ սպանությունները կատարվել են տարբեր զենքերով: Կասկածյալներն են սննդի անվտանգության պետ Տաթև Ստեփանյանը և լրագրող Սամվել Գևորգյանը: Վերջինս լրատվական կայքերից մեկի խմբագիր է:

- Տեսագրություններ կա՞ն,- հարցրեց ոստիկանապետը` նկատելով անվտանգության տեսախցիկը, ապա քայլեց դեպի հանցագործության սենյակ:

- Դրանք նախապես անջատված են եղել, բացի երկուսից: Տեսագրությունում հստակ երևում է` ինչպես են կոտրում հանգուցյալ փոխնախարարի աշխատասենյակի դուռը, ապա մտնում ներս, բացում չհրկիզվող պահարանը…

- Ովքե՞ր,- նորից ընդհատեց ոստիկանապետը:

- Տաթև Ստեփանյանը և Սամվել Գևորգյանը,- թղթին նայելով շարունակեց գնդապետը: - Հենց նրանք են պատուհանից դիմել փախուստի: Երևանի ոստիկանապետի կարգադրությամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանից թղթերը ստացել ենք քիչ առաջ:

- Սպանության տեսագրությունը կա՞,- մի փոքր ավելի խիստ հարցրեց ոստիկանապետը:

- Ցավոք` ոչ: Տեսախցիկները դիտավորյալ կերպով անջատել են:

Փոխնախարարի ընդունարանում նրանց միացավ Երևանի ոստիկանապետը, և Մեսրոպյանը մի փոքր հեռու գնաց: Քրեագետները դեռ շարունակում էին աշխատել: Տեղ-տեղ երևում էին գտնված մատնահետքերի շարքեր, որոնք առանձնացված էին: Անգամ տպագրական սարքի վրա կային հստակ նշված մատնահետքեր: Մեսրոպյանն սկսեց զննել դրանք:

(Շարունակելի)