ՔԱՐՈԶՉԱՏԵՌՈՐ


Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրած քաղաքական «թեժ» աշնան գլխավոր նախադրյալն ըստ երևույթին ղարաբաղյան հիմնախնդիրն է դառնալու: Ակնհայտ է, որ կոնգրեսա կաններն արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկում` աշնանային սպասվող հանրահավաքներում մարդկանց այս անգամ ահաբեկելով ներգրավելու գործում հատկապես: «Ղարաբաղը տվել, պրծել են»,- թիմի առաջնորդի մակարդակով արվող անհասկանալի այս պնդումն իրականում ոչ այլ ինչ է, քան հանրության դեմ ուղղված քաղաքական -քարոզչական տեռորի փորձ, ինչի պատճառելիք անհանգստությունը և իբրև հետևանք հանրահավաքների մարդաշատությունը, Լ. Տեր-Պետրոսյանը հուսով է, որ երկար չեն սպասեցնի: Իր հերթին` հաշվարկը, թե ղարաբաղյան հիմնախնդիրը զանգվածներին ոչ միայն Մատենադարան, այլ, եթե հարկ լինի, մինչև անգամ խրամատներ կհասցնի, որոշակիորեն հիմնավոր լինելով հանդերձ, բավական պարզունակ է: Բացի այդ, այն գերազանցապես 90-ականների առաջին կեսի տրամաբանության վրա է խարսխված, թեև անտեսված է ամենագլխավորը` ի տարբերություն վերևում հիշատակված ժամանակների` դյուրահավատների թիվը մեր օրերում շեշտակիորեն նվազել է: Ասել է թե` շեշտադրումը նույնիսկ 90-ականներից ի վեր չհանգուցալուծվող թնջուկի վրա կատարելով` դարձյալ ակնհայտ է արմատականների երազած ինքնահաջողության անհասանելիությունը կամ լավագույն դեպքում ու իբրև հետևանք` համակիրների է°լ ավելի նոսրացած շարքերը: Ստեղծված իրավիճակը նախ և առաջ փրկել է պետք: Հետևաբար միանգամայն տրամաբանական ու հասկանալի է դառնում, թե ինչու են այս շրջանում ՀԱԿ ղեկավար կազմի մի շարք ներկայացուցիչներ շարունակաբար հավաստիացնում, որ ցանկացած պարագայում շարժումը Լևոն Տեր-Պետրոսյանն է առաջնորդելու: Մի կողմից հանրությունն ու առավել ևս Կոնգրեսի համակիրները գոնե արտաքուստ նման կասկածներ չունեն, բայցևայնպես առնվազն քարոզչական ճակատում ամեն գնով դիմադրել է պետք` ամեն վայրկյան վերջնականապես հաստատվելուն մոտ այն տեղեկություններին, որոնք, ի թիվս այլ անցանկալի լուրերի, ՀԱԿ-ում առկա և խորացող տարաձայնությունների փաստն են հաստատում: Դժվար չէ նկատել, թե որքան կարճ ժամանակ պահանջվեց` Դաշնակցության ու Ժառանգության հետ միավորվելու օրակարգային համարվող ծրագիրը քննարկումների հետնաբեմ մղելու համար: Ավելին, այս առումով նույնպես սենսացիայի սպասելն անիմաստ է, քանի որ «զարմանալիորեն» նույն ղարաբաղյան թեմայով հանրահավաքների շարք է նախատեսում նաև ՀՅԴ-ն: Իսկ Ժառանգությունն էլ առայժմ համեստորեն սպասում է վաղուց առաջադրված համագործակցության ի°ր պլատֆորմի շուրջ համախմբվելիք` մինչև վերջերս հավանական համարվող գործընկերներին… Ու թերևս` անհուսալիորեն, քանի որ հայրենի ընդդիմադիրների գնացքները վաղուց այլևս մեկնել են: Ընդ որում բոլորովին տարբեր, հակառակ ուղղություններով: Բայց այս ամենում տարօինակ ոչինչ չկա. ընդդիմությունը սիրում է և «պարտավոր» է դժգոհել ամեն ընտրությունում կրած շարունակական պարտություններից ու այդպես էլ նույնպես շարունակական թվացող աշխատանքի չի լծվում: Եվ ոչ մի հանրահավաքում այդպես էլ խելքին մոտ որևէ փաստարկ չի հնչում, թե ինչով և ինչու են մեր արմատականներն իշխանությունից գերադասելի, որքանով է տրամաբանական մեկին մյուսով փոխարինելը, ո՞րչափ հիմնավոր է իշխանափոխության այն հավերժական դարձող պնդումը, որն այդպես էլ իրականության չի վերափոխվում: Իսկ պարզ շանտաժով, ընտրազանգվածին ղարաբաղյան, հայ-թուրքական հարաբերությունների կամ նմանատիպ ծանոթ ու մաշված թեմաներով ահաբեկելով` կոտրած տաշտակը, որն այդպես էլ չի նորոգվում արմատականների համար, նորով չի փոխարինվելու: