ՃԳՆԱԺԱՄԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ ՔԻՉ ՄՆԱՑ… ԲԱՅՑ ԻՆՉԻ՞Ն


Կան անհեթեթ թեմաներ, որոնց շարունակական քննարկմամբ առանձին շրջանակներ միշտ են շահագրգիռ: Դրանք քիչ չեն, բայց ամեն մի ժամանակահատված, կախված ինչ-ինչ հանգամանքներից, առանձնակի հրատապություն է հաղորդում դրանցից որևէ մեկին: Այս առումով աշնանամուտը մշտապես լրջագույն փոփոխություններ է նախանշում, թեև դժվար է հիշել, թե ընդհանրապես քաղաքական իրադարձություններով հարուստ աշուն հայոց աշխարհում ե՞րբ է եղել: Եթե համարենք, որ մի քանի հազար մարդու մատենադարանյան հանրահավաքներն այս անգամ մեկեն բովանդակալից են դարձնելու հանրապետության հասարակական -քաղաքական կյանքը, հաստատ սխալված կլինենք… Սա նույնն է, թե երևանյան թատրոններից մեկի թատերաշրջանի բացումը երկրի կյանքում առանցքային համարենք: Չէ՞ որ աշնանը, թե տարվա մեկ այլ եղանակի, ամեն մեկն ի°ր գործն է անում կամ գոնե փորձում է այդպես ներկայանալ: Բայց հարցն էլ հենց այն է, որ տնտեսական ճգնաժամը հաստատապես նոր թարմություն էր հաղորդելու արդեն միապաղաղ դարձող «պայմանական սպասելիքներին»: Ահավասիկ, այս աշունը դիմավորում ենք կառավարության հրաժարականի կամ առնվազն գործադիրում կատարվելիք արմատական փոփոխությունների մասին ասեկոսեներով: Հենց այն, որ աներես ճանճի պես տզզացող «հավատընծա» աղբյուրն այդպես էլ չի կարողանում հստակեցնել սպասվող փոփոխությունների աշխարհագրությունը, «պայմանական սպասելիքների»` երևակայական լինելու առաջին ու ամենահիմնավոր ապացույցն է: Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող շրջանցվել նաև այս առումով, քանի որ պղտոր ջրում ձուկ որսալու ավելի լավ առիթ, ինչպես ասում են, հազարից մեկ է ընձեռվում: Այնպես որ, մինչև հազարը հաշվելու փոխարեն` հենց այդ լավ առիթից օգտվել է պետք: Հանրապետության տնտեսական վիճակն, իհարկե, խիստ անմխիթարական է, և այս իրողությունը չեն թաքցնում ո°չ Հանրապետության Նախագահն ու Վարչապետը, ո°չ էլ նույն կառավարության ամենաշարքային չինովնիկները: Սակայն ճգնաժամի պայմաններում (ինչպես վերջին ամիսներին բազմիցս ենք համոզվել, և ինչն այսօր ակտիվորեն գործադրվում է նույն խնդրի առաջ հայտնված ողջ քաղաքակիրթ աշխարհում), բացի աղետին դիմակայելու և այն հաղթահարելու փորձերից, ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել: Թեպետ ավանդական «բացառիկ» տրամաբանությամբ մերոնք այս անգամ էլ են ձգտում փայլել: Մինչդեռ համոզված կարելի է լինել, որ եթե Տիգրան Սարգսյանի, նախարարների, մյուս պաշտոնյաների դիմումները ճգնաժամն անվերադարձ հեռացնեին հայոց աշխարհից, ապա վերջիններս վայրկյան անգամ չէին հապաղի: Ի վերջո, գործող կառավարության բախտն այս առումով առանձնապես չբերեց. գործադիրի նոր կազմի ձևավորումն ու տնտեսական աննախադեպ դժվարությունների խառնափնթոր ներխուժումը գրեթե համընկան: Այլ հարց է, որ այդ գրողի տարած անհաջողության հիմնական (՞) ծննդավայրում ամենաբարձր մակարդակներում արդեն խոսվում է ֆինանսատնտեսական դժվարություն ների հաղթահարման առաջին նախանշանների մասին: Իսկ եթե նույնիսկ չհավատանք ամերիկացի պաշտոնյաններին, ապա հանրահայտ բարսաներում թանկարժեք մետաղների ու վառելիքի գների աստիճանական բարձրացումը, կամ, որ նույնն է` վերականգնումը, խոշորագույն ձեռնարկությունների վերագործարկումը ասվածի ամենաառարկայական վկայությունն են: