ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ


Լավ է տպավորվել. առաջին խորհուրդը, որ շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան պաշտոնյա տալիս էին միմյանց դեռևս տնտեսական ճգնաժամի սկզբնահատ վածում, գոտիները սեղմած ապրելու կամ, որ նույնն է, ամեն ինչի հետ խնայողաբար վարվելուն էր ուղղված: Թեև, ինչպես նշեցինք, անհաջողությունների վերջն արդեն երևում է, այդուհանդերձ հիմա էլ ամրագոտիներ կապելու ժամանակն է եկել: Համենայն դեպս, պաշտոնապես նշվել է, որ ճանապարհային պատահարների առումով մեզանում առկա սարսափազդու վիճակագրությունը համախառն ներքին արդյունքի վրա բացասական ազդեցություն է թողնում: Մի պահ կարող է թվալ, թե սույն որոշմամբ միանգամից նապաստակների մի ողջ «խմբաքանակ» է խփվելու, որից գոհ ու երջանիկ պետք է լինեն բոլորը: Նախ «ռեմենի» շնորհիվ պատահարների թիվը կկրճատվի, ինչի ակտիվ քարոզչությանը բոլոր հեռուստաընկերություններն են լծվել: Հետո ՀՆԱ-ն այդքան չի տուժի, լոպազներն ստիպված կլինեն չտարբերվել մյուսներից, իսկ 5 հազար դրամանոց ակտի շնորհիվ բյուջեն հա կլցվի ու կլցվի: Բայց չէ. գրեթե գյուտ հիշեցնող այս նորարարությունը, եթե իսկապես այդքան նման լիներ հրաշքի, վստահ լինենք` շատ ավելի վաղուց պաշտոնական հրամանի տեսք ստացած կլիներ: Ինչ-որ մեկը, ում անունը ոչ շատ հետո հաստատ կիմացվի, հավանաբար, հեռավոր ինչ-որ երկրներից լուրջ քանակությամբ «ռեմեն» է որոշել ներկրել, ու այս օրերին ամենապահանջվածը դարձած այդ անկարևոր պահեստամասը իրացնելու խնդիրն է հեշտությամբ լուծելու: Եվ իրոք, եթե գործը միայն ոչ պիտանի ամրագոտին նորով փոխարինելով ավարտվեր, գլուխը քարը, բոլորն էլ այդ մի քանի հազար դրամը կտային-կպրծնեին: Բայց բանն էլ հենց այն է, որ նույն բյուջեից սնվող ճանապարհային ոստիկանության բազմանդամ ընտանիքը «ռեմենային» նորամուծության հաշվին փող շինելու նոր ու հարմար առիթ է գտնելու: «Ձևաչափն» ավանդականն է մնալու. «Հինգ հազարանոց «ակտը» չգրեմ, փոխարենը, ասենք, երեք հազարը գրպանս դիր»: Ու սա տարածվելու է հատկապես տաքսիստների ու, ասենք, «06»-ով կամ հնամաշ մեքենայով երթևեկող մեր համաքաղաքացիների վրա: Իսկ արտոնյալների լավ մեքենաների ապակիների գույնը նախ թույլ չի տալու մեկեն կարևոր դարձած ամրագոտու բացակայությունը կամ առկայությունը նկատել, իսկ դրա տեղում ստուգելու ցանկացած փորձ համարձակ պետավտոտեսուչի համար կարող է անցանկալի ավարտ ունենալ: Քիչ չի պատահում, որ արտոնյալների և պետավտոտեսուչի հանդիպման արդյունքում կամ վերջինս «պագոններից» է զրկվում, կամ էլ հայրական ապտակի արժանանում: Այնպես որ, եթե գոտիները ձգած ապրելու խորհուրդը միանգամայն ընդունելի էր, և բոլորն էլ ինչ-որ կերպ համակերպվեցին իրենց նոր սոցիալական կարգավիճակին, ապա ամրագոտուց առայժմ ոչինչ չի հասկացվում: ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՍՔ Ճգնաժամի օգտակարությունը (՞) թերևս դրա վերջնական չեզոքացումից հետո է°լ ավելի ցայտուն կերևակվի: Դժվարությունները, հիրավի, կարգին եկամուտ ստանալու փայլուն հնարավորություն են, ինչն առավել ընդգծվում է խոշոր ու մանր հարկատուների վճարումները համադրելիս: Սա այն դեպքն է, երբ ձեր բակում խստաշունչ ձմեռ է, իսկ հարևան փողոցում` թեժ ամառ: Եթե նման անոմալիա ընդհանրապես հնարավոր է, ուրեմն միանգամայն տրամաբանական է նաև հաշվետվությունից հաշվետվություն է°լ ավելի ընդգծված արտացոլվող անհամամասնությունը: Իսկ ընդհանրապես միշտ էլ այնպես է ստացվել, որ մեր նվաղող խոշորները իրենք իրենց երկրի տերն են համարել (իհարկե, արտոնյալ լինելու, ինչ-որ բանից օգտվելու, ղեկավարների հետ ոտք մեկնելու, տալ-առնելու ու շատ ուրիշ նման հարցերում): Սակայն իրողությունն այն է, որ արդեն 18,5 տոկոսի հասած տնտեսական անկումը նրանց քիչ է մտահոգում: Համենայն դեպս, ասվածն ավելի լավ, քան վիճակագրությունը, ուրիշ ոչինչ չի կարող ապարուցել: Այսպես, խոշորներն այս տարվա առաջին կիսամյակում ուղիղ 24 տոկոսով նվազեցրել են հարկային ու մյուս պարտադիր վճարումները: Մյուսների համեմատաբար (իսկ եթե ավելի ուշադիր հետևենք վիճակագրությանը, անհամեմատ) փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողների պարագայում շատ ավելի համեստ 15 տոկոսի անկման ցուցանիշ է արձանագրվել: Թե հիմնականում ում ուսերին է մնացել այդքան ծանր դարձած հարկային բեռը, կարծում ենք` դժվար չէ կռահել: Իսկ թե ովքեր և ինչու են դժգոհում հարկային տեռորից, ու թե այստեղ ովքեր են արտոնյալները, վստահ ենք` դա էլ է բոլորին հայտնի… Հարկերի հավաքագրման, կանխավճարների խրախուսման քաղաքականությունը ներկայում ու ամենաբարձր մակարդակներում այս շրջանի տնտեսական առաջնահերթություններից է համարվում: Մինչդեռ օղակը, որ բարձր հարկերի հետ զուգահեռվող պարտադիր (՞) տուգանքների տեսքով սեղմվում է անհամեմատ ավելի պարտաճանաչ փոքր հարկատուների կոկորդին` մեր երկրում մանր բիզնեսը վերջնականապես խեղդելու, ոչնչացնելու ամենակարճ ճանապարհն է: Թեկուզև ստիպողաբար, բայց ճգնաժամի հաղթահարման դժվարին գործը նույնպես փոքր ու միջին բիզնեսի առանձնաշնորհն է դառնալու: Այսպես, անցյալ ամսին մանրածախ առևտրում արձանագրված աճը` 15,8 %, մեծածախում ընդամենը 6,3 տոկոս է կազմել: Եթե ասվածին հավելենք ստվերի 16 տոկոսով կրճատված լինելու կարևոր իրողությունը, ապա էական մեկ այլ հարց այնուամենայնիվ անպատասխան կմնա… Եվ իրոք, իրականում որտե՞ղ է ստվերը կրճատվել. տրամաբանորեն և վիճակագրության հավաստիացմամբ` գերազանցապես փոքր բիզենսում: Այլապես, անկախ ամեն ինչից, ոգևորիչ 16 տոկոսանոց ցուցանիշը նույնիսկ անգամներով ավելի մեծ կլիներ: