Ո՞վ է հաշտության պատրաստ


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը օգոստոսի 20-ի իր հայտարարությամբ ուղղակիորեն հաստատեց, որ «Եվրատեսիլ 2009»-ի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհիների կատարմանը ձայն տված Ադրբեջանի 43 քաղաքացիներն, իրոք, հրավիրվել են ազգային անվտանգության նախարարություն և ենթարկվել նվաստացուցիչ հարցաքննության: Ընդսմին, ավելացրեց, թե դրանում «ոչ մի վատ կամ դատապարտելի բան չկա. ուղղակի հայկական լրատվամիջոցները դրա շուրջ քաղաքական շահարկումներ են անում»: Հեռարձակողների եվրոպական միությունը ցնցված է կատարվածից և այդ առթիվ հետաքննություն է սկսել: Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն այնքան է վրդովվել, որ այդ միջազգային կառույցի առաջ հարց է բարձրացրել «Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը փոխելու մասին», մինչդեռ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան բարբաջում է «հայկական լրատվամիջոցների քաղաքական շահարկումների» մասին: Մի՞թե իրոք չեն հասկանում, որ Եվրատեսիլի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհիներին ձայն տված Ադրբեջանի քաղաքացիներին ազգային անվտանգության նախարարություն հրավիրելը և նրանց նվաստացուցիչ հարցաքննության ենթարկելը մարդու իրավունքների խախտման աղաղակող դրսևորում է: Իսկ քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելը, նրանց հեռախոսահամարները ապօրինաբար գաղտնազերծելը և դրանց հիման վրա մարդկանց հանդեպ քաղաքական հալածանքներ կամ առնվազն ճնշումներ սանձազերծելը` համաշխարհային խայտառակություն է: Այդ փաստն ուղղակիորեն հաստատում է, որ Ադրբեջանն այնպիսի բռնակալական պետություն է, ուր երկրի քաղաքացիները և նույնիսկ նրանց երաժշտական ճաշա¯կը գտնվում են պետական մեքենայի տոտալ վերահսկողության տակ: Իսկ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը վկայում է, որ իրենք բնական են համարում նման վիճակը և նույնիսկ ընդունակ չեն հասկանալու, թե դա ինչքա¯ն վատ է բնութագրում իրենց պետությանը: Նովրուզ Մամեդովի վերոհիշյալ հայտարարությունը տարակույսի տեղ չի թողնում, որ «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթում Հայաստանի երգչուհիների օգտին քվեարկած ընդամենը 43 քաղաքացիների հանդեպ քաղաքական հետապնդումներ սկսելու նախաձեռնությունը ուղղակիորեն գալիս է նախագահ Իլհամ Ալիևից: Անտարակույս, Ալիև Կրտսերն է հրահանգել ազգային անվտանգությանը` պարզելու, թե ովքե՞ր և ինչո՞ւ են քվեարկել Հայաստանի կատարողների օգտին: Այլ պարագաներում Ադրբեջանի «հանդուրժողականությա¯ն, ժողովրդավարությա¯ն, հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու անկե¯ղծ ձգտումների» մասին բարբաջող Իլհամ Հեյդար-օղլին դրանով դիմակը վերջնականապես դեն է նետել: Ալիև-Կրտսերին նույնիսկ կարելի է… խղճալ: Մարդը բացահայտորեն տառապում է պարանոյայով, հակված է թշնամիներ տեսնել կամ որոնել նույնիսկ իր երկրի այն քաղաքացիների մեջ, ովքեր զուտ գեղագիտական մղումներով` նախապատվություն են տվել հայ երգչուհիների կատարմանը: Ընդսմին, այդ 43-ից միայն 2-ն են քաջություն ունեցել խոստովանել, որ հայուհիների երգն իրենց ամենից ավելի շատ է դուր եկել: Մյուս 41-ը հրաժարվել են իրենց իսկ քվեարկությունից` ավելի մեծ անախորժությունների մեջ չընկնելու համար: Եվ ահա այսպիսի երկրում, ուր տիրում է համընդհանուր սարսափի մթնոլորտ, համարձակվում են բարբաջել խոսքի ազատության, քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի և հազար ու մի այլ բաների մասին: Եվ դա այն դեպքում, երբ նույն «Եվրատեսիլ 2009-ում» Ադրբեջանը ներկայացնող երգչուհու օգտին քվեարկել էին հազարավոր հայաստանցիներ, ինչը նրան միավորներ բերեց, քանզի ամեն միավորը տրվում է մի քանի հազար կողմնակիցների դեպքում: Մինչդեռ Ինգա և Անուշ Արշակյանները Ադրբեջանից միավորներ չստացան, թեև Թուրքիայից` ստացան: Եվ ի՞նչ: Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիայում ոչ մեկի մտքով նույնիսկ չանցավ ազգային անվտանգության ծառայությունների միջոցով պարզել, թե իրենց քաղաքացիներից ովքե՞ր են ձայն տվել ամենևին էլ ոչ բարեկամ երկիրը ներկայացնող երգչուհուն: Այդ քվեարկությունները վկայեցին, որ Հայաստանում քաղաքացիները ոչ միայն ազատ են իրենց կամարտահայտման մեջ, այլև շատ ավելի հասուն են, լայնախոհ, հանդուրժող, խաղաղասեր: Նրանք չեն առաջնորդվում ոչ թուրքերի, ոչ էլ ադրբեջանցիների նկատմամբ ազգային կույր ատելության զգացմունքներով, հստակորեն տարանջատում են քաղաքական համակրանքն ու հակակրանքը գեղագիտական նախասիրություններից: Եվրատեսիլի մրցույթների ջատագովների թվին չեմ պատկանում: Չեմ գտնում, թե ամենալավ կատարողը նա է, ում օգտին հեռուստալսարանն է քվեարկում: Եթե իջնենք հեռուստալսարանի մակարդակին, ապա ամենավերջին «ռաբիս» երգիչը շատ ավելի ձայն կարող է ստանալ, քան համաշխարհային երգարվեստի արհեստավարժ ներկայացուցիչներից որևէ մեկը: Ուստի հեռուստատեսային քվեարկության արդյունքները գեղագիտական տեսակետից չափանիշ լինել չեն կարող: Իսկ ահա քաղաքական տեսակետից այդ քվեարկությունները շատ բաների մասին են վկայում` հասարակությունների և քաղաքացիների ազատության չափի, տվյալ երկրում քաղաքական հանդուրժողականության մակարդակի, իշխանությունների ժողովրդավարության աստիճանի, խաղաղության պատրաստակամության և այլ բաների մասին: Ուստի միանգամայն ճիշտ կլինի, եթե միջազգային կառույցները, այդ թվում ոչ միայն Եվրամիությունը, այլև ԵԱՀԿ-ն ու նրա Մինսկի խումբը, որն անմիջականորեն զբաղվում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով, անհրաժեշտ եզրակացություններ անի, թե ո՞ր պետությունը և ո՞ր հասարակությունն է իրոք պատրաստ հաշտության և ո՞ր երկրում կարող են հիրավի երաշխավորված լինել ազգային ինքնորոշման իրավունքը և մարդկային հիմնարար ազատությունները:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ