ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը կարող է օգտակար լինել


ԱՊՀ-ին անդամակցող երկրների թիվն անցյալ շաբաթ 12-ից դարձավ 11: ԽՍՀՄ-ին փոխարինող այդ կառույցից Վրաստանի դուրս գալն անսպասելի չէր, և լիովին տեղավորվում է ռուս-վրացական հարաբերությունների, ներկա իրողությունների տրամաբանության շրջանակներում: Հատկանշական է, որ ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցելը (1990-ականների սկզբներին) և այսօր այդ կառույցը նրա կողմից լքելն առնչվում են միևնույն երկրներին` Հարավային Օսիային ու Աբխազիային: 90-ականների սկզբներին երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Հարավային Օսիան ու Աբխազիան իր երկրի կազմում պահելու նպատակով Վրաստանին առաջնորդեց դեպի ԱՊՀ: Իսկ Միխեիլ Սահակաշվիլին փաստացի ԱՊՀ գլխավոր երկիր համարվող Ռուսաստանի գործուն միջամտությամբ Վրաստանից այդ երկրների պոկվելով ու նույն Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելով է պատճառաբանում ԱՊՀ-ն լքելը: Ընդհանրապես, այս կամ այն առիթով, երբ հիշատակվել է այս կառույցը, գրեթե միշտ նշվել է, որ նրան անդամակցող երկրների, մասնավորապես Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Ռուսաստանի շահերն ու նպատակները երբևէ չեն համընկել: Այս առումով, քաղաքագետների, փորձագետների մի մասը հակված են կարծելու, թե որոշ ժամանակ անց Վրաստանին կհետևի նաև Ուկրաինան: Սակայն, հարկ է նկատել, որ այս երկու երկրների միջև առկա է շատ էական մի տարբերություն: Ուկրաինական հասարակության մեջ քիչ չեն ռուսական կողմնորոշում ունեցողները, ինչը մեծ խոչընդոտ կարող է հանդիսանալ ԱՊՀ-ից այս երկրի դուրս գալուն: Ինչ վերաբերում է Վրաստանի հետագա գործելաոճին, ապա հարկ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք` պաշտոնական Թբիլիսիին առավել քան բացահայտ հասկացրել են, որ մոտ ապագայում նրան ՆԱՏՕ-ում չեն սպասում: Այսուհանդերձ, Միացյալ Նահանգները պահպանում է ջերմ հարաբերությունները Վրաստանի հետ` շարունակելով նրան ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերել: Սա իր հերթին, թերևս, նշանակում է, որ Արևմուտքը ցանկանում է Թբիլիսին տեսնել որպես Հարավային Կովկասում Ռուսաստանին հակակշռող ուժ: Իրերի այդպիսի դասավորության պարագայում մեր հյուսիսային անմիջական հարևանին այլ անելիք չի մնում, բացի Հարավային Կովկասում իր տեղը, հարևանների հետ հարաբերությունները ճշտելուց ու վերանայելուց: Ընդ որում, Թուրքիայի հետ հարաբերությունները նոր որակ կարող են ձեռք բերել, բայց ոչ դրական իմաստով: Թուրքիան այսօր տարածաշրջանում սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ: Իսկ Թբիլիսին դժվար թե մոռացած լինի, որ ժամանակին` երկու-երեք տարի առաջ, Անկարան առաջարկել էր Վրաստանը դարձնել դաշնային պետություն: Այդպիսով Վրաստանի կազմի մեջ եղած ազգային փոքրամասնությունները, ազգային միավորումներն ինքնուրույնություն ձեռք կբերեին, և նրանց վրա Թուրքիան իր ազդեցությունը մեծացնելու հնարավորություն կարող էր ստանալ: Նկատի էր առնվում հատկապես Աջարիան: Չի բացառվում, որ որոշակի սառեցում նկատվի նաև Բաքվի հետ հարաբերություններում: Խնդիրն այն է, որ Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման համար Վրաստանին, Ադրբեջանին հատկացած վարկը կարծես չի բավարարում: Բացի այդ, Թբիլիսիում հասկացել են, որ այդ երկաթգիծն ավելի շատ հարկավոր էր Բաքվին: Այնպես որ, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության մեծ շուքով` Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի դրոշներով ու նախագահների մասնակցությամբ ազդարարված սկիզբը սպառնում է անփառունակ վախճան ունենալ: Սրանից զատ ոչ պակաս կարևոր հանգամանք էլ կա: Երկրում եղած հակահայ տրամադրությունների պատճառով որոշ բնակավայրերում հեռացած հայերին փոխարինել են ներգաղթած թուրքեր: Սա թուրք-ադրբեջանական քաղաքականության արդյունք է: Վրաստանի հիշյալ բնակավայրերում հաստատվելու համար թուրքերին շահագրգռելու նպատակով Թուրքիայում և Ադրբեջանում հիմնադրամներ են գործել: Այս ամենին հակառակ, չնայած ծագող տարաձայնություններին, հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեն նաև ավանդական կապեր: Այսօր, առավել ևս մոտ ապագայում, Հայաստանը կարող է ավելի շատ հետաքրքրել Վրաստանին: Գործելով միևնույն տարածաշրջանում, Մոսկվան և Թբիլիսին, բնականաբար, չեն կարող ընդհանրապես չշփվել: Իսկ փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում այդ երկուսի միջև կապող օղակ է հանդիսանում Հայաստանը: Իսկ մոտ ապագայի առումով` Հայաստանի նկատմամբ Վրաստանի հետաքրքրությունը կարող է աճել, երբ կսկսի գործել Հայաստան-Իրան երկաթուղին, որի միջոցով նաև Վրաստանը կարող է դուրս գալ Պարսից ծոցի երկրներ: Իրերի այսպիսի զարգացման պարագայում, թերևս կարող է Հայաստանի նկատմամբ աճել նաև Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի հետաքրքրությունը` մեր երկրին բերելով քաղաքական և տնտեսական շահաբաժիններ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ