Ջրային դիետա


Ամերիկացի դիետաբանները խորհուրդ են տալիս ավելորդ քաշից ազատվել ջրի օգնությամբ: Ի դեպ, այս մեթոդը հետզհետե ավելի տարածուն է դառնում Արևմուտքում: Օրգանիզմում հեղուկի անբավարարության դեպքում ուղեղը քաղցածության ահազանգ է ստանում` մեզ մղելով ուտել` խմելու փոխարեն: Բնականաբար, այդ պահին օրգանիզմի համար ավելորդ սնունդը ճարպի տեսքով տեղավորվում է մեր մարմնի տարբեր մասերում: Կամ, ոմանք հրաԺարվում են ճաշերից և քաղցը հագեցնում են կաթնային շոկոլադով, քաղցրավենիքով, հետո ֆիթնես պարապմունքների վազում… Մինչդեռ ավելորդ կիլոգրամներից ձերբազատվել կարելի է ջուր օգտագործելով: Հայաստանաբնակների բախտը գոնե այդ հարցում բերել է. խմելու մաքուր ջրի համար լրացուցիչ ծախսեր պետք չեն: Օրական 2-2,5 լիտր ջուր խմելով (չհրաժարվելով նաև հյութերից, թեյից ու սուրճից), մարդը կարողանում է հաղթահարել քաղցը` կրճատելով սննդաքանակը: Ինչ խոսք, հարկավոր է նվազագույնի հասցնել յուղոտ մթերքների օգտագործումը: Ընդգծենք` ոչ թե ընդհանրապես հեղուկների մասին է խոսքը, այլ` հատկապես ջրի, որովհետև նույնիսկ թեյն ու սուրճը պարունակում են օրգանիզմի քիմիական բաղադրությունը փոփոխող ակտիվ նյութեր: Իսկ քիմիական վտանգավոր միացություններով «հագեցած» գազավորված ըմպելիքները լրացուցիչ ջրազրկում են առաջացնում: Մի խոսքով` այս դիետայի օգտակարության գրավականը նախ ջրի մաքրությունն է: Մաքուր ջուր խմելով մենք ոչ միայն ավելորդ կիլոգրամներից կխուսափենք, այլ նաև կապահովենք մեր մաշկի թարմությունը: Ավելին, սառնամանիքն ու արևի ճառագայթները նույնպես չեն ազդի մեզ վրա: