ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ԵՐԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԵՐ


Սպարտակ և Վիոլետա Ավետիսյանների որդին` Էդուարդ Ավետիսյանը (1961-1992), արմատներով Բիթլիսցի էր: Այդ հայրենասեր զավակը ծնվել էր Երևանում: Շատերը եղան, ովքեր այդ ծանր տարիների խճճված թատերաբեմ դուրս գալով` չէին ուզում ինչ-որ բան ապացուցել, և դարձան մասն ու մասնիկը մայր հայրենիքի: Հեռավոր երկրում հայրենիքի կարոտն ավելի հուժկու է, և ակամա չի ուշանում ինքնահարցումը` ինչու՞ այնտեղ չեմ: Նա այլևս մտադրություն չուներ հանդուրժել ժամանակի կորուստը և բռնեց տունդարձի ճանապարհը: Հարկավոր է միայն ցանկանալ, և հեռավորությունն անսանձ ժամանակի մեջ կձուլվի, ի չիք կդառնա անհնարինությունը: Այնտեղ` երկրում, տառապանքի սարսափից կքած մարդիկ իր օգնության կարիքն ունեն: Հապաղելու, մտածել-տատանվելու տենդը նրանից շատ էր հեռու: Յարոսլավլի ռազմաֆինանսական բարձրագույն ուսումնարանն ավարտել էր գերազանց առաջադիմությամբ, լեյտենանտի կոչում ստացել ու ծառայել Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում: Ֆիզիկապես կոփված ու տարբեր զինատեսակների տիրապետող կադրային սպան մեկնել էր նաև Աֆղանստան: Եվ որպեսզի թեթևացնի մոր անհանգստությունն ու սպասումը, ասում էր` ամեն ինչ լավ է. այն դեպքում, երբ շուրջը միայն պատերազմ էր ու մարդկային զոհեր: Իհարկե, ողջ փորձությունների, անցած ճանապարհի տվայտանքների մասին մայրն հետո կիմանար: Հրամանատարական պարտականությունները պատվով կատարելով` կարժանանա բազմաթիվ պատվոգրերի, որոնք ամեն Աստծո օր կշոշափի մայրն ու խանդաղատանքով կասի` որդի°ս, դու հերոս ես… Աֆղանստանից հետո ևս մի տարի Զապորոժիեում ծառայելուց հետո Էդուարդը դիմում է հրամանատարությանը` հայրենիք վերադառնալու խնդրանքով: Իր պարտքը պատվով կատարած փորձառու սպան 91-ին արդեն գնդի հրամանատարի տեղակալ էր` թիկունքի գծով: Կամավոր ազատամարտիկների հետ նա էլ մասնակցեց սահմանամերձ գոտիների պաշտպանական մարտերին: Ինչպես ժողովուրդն է ասում` նրա գլխով շատ փորձություններ են անցել, բազում ալիքներ է ճեղքել, մինչև հայրենիք կհասներ: Իսկ Արծվաշենի ու արծվաշենցիների համար կենաց սարսափն է ահազանգում: Առմիշտ դաջվեց պատմության մշտամորմոք դեմքին` մինչև օրս էլ չհասցնելով ճշմարտանման վերլուծության ենթարկել: - Երբ կարոտը խեղդում էր, էլ չէի հապաղում, մեկնում էի Զապորոժիե` որդուս տեսնելու: Նա միշտ խուսափում էր նեղություն տալուց, իսկ ընկերների համար կյանքը կտար. շատ նվիրված էր: Երբ ուզում էի մի բան անել իր համար, ասում էր. «Մամ, թող մնա հետո, երբ ժամանակ լինի»: Իսկ էդ ժամանակն էդպես էլ չեկավ, չհասցրի…Երբ կյանքում չէի սիրում սպասել, դա էլ ճաշակեցի: Այսօր ապրում եմ որդուս հուշերով. այն ծնողները, ովքեր զավակ են կորցրել, սպասում են ջերմ խոսքերի. էդ խոսքերը մեզ ուժ են տալիս: Մեր զավակները գիտակցաբար գնացին` հայրենիքի համար զոհվելու: Սրտատրոփ սպասում ենք այդ օրերին, որպեսզի մենք էլ մխիթարվենք: Արդարանման լուրերից հոգնած` մնաց ինքն իր հուշերի հետ, իսկ ճշմարտությունն առերեսելու համարձակությունը նրա բռնկուն հոգում չմարեց: Արծվաշենը դարձավ իր որդու երկրային կյանքի անմոռաց ընթացքի վերջնականգառը… Հետո եղան մարդիկ, որ գրեցին իր որդու ու շատերի մասին… - 92-ի օգոստոսի 6-ն էր, որ զանգահարեց ու ասաց. «Գնում եմ Կրասնոսելսկ, երկու օրից ետ կգամ, մամ ջան»: Այդ օրը ուրիշ էր. նա սովորաբար երկու օրից վերադառնում էր, բայց անսովոր ձգվեց ոչ միայն ինձ համար: Նա ուշանում էր… Կատարվում էր անսպասելին. ներքին անհանգստությունը կեղեքում էր, մի անսովոր լռություն էր տիրում ամենուրեք, հետո միանգամից ամեն ինչ փոխվեց: Այդ ամենին գումարվեց հարևանների մտահոգ հարցումները: - Նրանց լուր էր հասել, որ որդիս Սևանի հիվանդանոցում էր: Շտապեցի հասնել հիվանդանոց, վիրավորների մեջ չէր: Ինքնամոռաց նայում էի մահացածների ցուցակը, բայց… Հետո լուր հասավ, որ մերոնք շրջափակման մեջ են ընկել: Նրանց պիտի օգնության հասնեին… Չէ, նրանք մնացել էին ներսում. 12 հոգի էին: Հետո շատերից կցկտուր պատմություններ լսեցի: Ովքեր որ դուրս էին եկել, պատմեցին, թե ինչ է կատարվել ներսում: Սկզբում նրանք 4500 բնակչության անվնաս դուրս են բերել գյուղից: Հետո շատերից կլսի, թե ինչպես մի հաղթանդամ տղամարդ օգնել է իրենց… Երբ մայրը լուսանկարը ցույց է տվել, ասել են, որ հենց այդ անծանոթ տղան է իրենց օգնել, բայց այդ ժամանակ չեն կարողացել գոնե անունն իմանալ: Մայրական տառապանքն ու սերն անբացատրելի հոգեցունց միասնություն են` մեկը մյուսի շարունակությունը: Ինչպես ասում են` մայրը միշտ էլ իր հոգուց մի մասնիկ տեղափոխում է զավակի կրծքի տակ: -Շատերի հետ եմ խոսել… Նրանց ամեն մի բառն ինձ համար կենարար էր, ապրեցնելու չափ ցանկալի: Հավաքում-դիզում էի նրանց` փրկվածների խոսք-զրույցը (փրկվածները ԲՄՊ-ի մեջ մնացածներն են եղել): Ովքեր դուրս էին եկել ԲՄՊ-ից, անհայտ կորան… 12-ն էլ անհայտության սարսափելի պատմության մեջ մխրճվեցին: Երևի ով էլ մտներ Արծվաշեն, դուրս չէր գա էնտեղից: Տղաս փորձառու էր, մայոր էր, կենսագրություն ուներ: 31 տարեկանում նա մեծ ճանապարհ էր անցել, կոփված մարտիկ էր, լավ գիտեր իր անելիքը: Հետո իմացա, որ իրենց հետ Արծվաշեն մտնողները շատ անփորձ են եղել: Որդիս սկզբում անհանգստացել է, թե ինչու են նրանց բերել այդպիսի ծանր գործողության համար: Եթե օգնության «շտապող» ջոկատը հասներ` թեկուզ քիչ մարտիկներով, նա գլուխ կհաներ: Երբ հարցրի` ինչ կմաղթի որդեկորույս մայրերին, թվաց, որ իր մաղթանքը` ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ներքին խաղաղությունից չէ, այլ մի ներաշխարհի պոռթկում է, որ շատ ավելի կարիք ունի խաղաղության, որ այլևս կորցրել է: - Մաղթում եմ համբերություն, որ այս անտարբերությանը կարողանան դիմանալ: Արդեն անզոր եմ դարձել: Կյանքի թոհուբոհն ինձ դարձրեց անտարբեր: Դուստրս ու որդիս ամեն ինչ անում են` վիշտս թեթևացնելու համար: Անվերադարձ կորստին հետևեց անողոք անտարբերությունը: Ծանր կորստին չդիմացավ ամուսինս` Սպարտակ Ավետիսյանը, 95-ին մահացավ: Որոշ ժամանակով «Գոյամարտ» միության մայրերի խորհրդի նախագահ էի: Որդեկորույս ծնողների հետ շփումը մի քիչ թեթևացնում է վիշտս: Ամեն զավակ իր բույրն ունի: Վստահ եմ` որդուս դուստրը` Վիոլետան, հոր անունը բարձր կպահի… Իսկ անտարբերության հիվանդությունը գնալով ավելի վտանգավոր է դառնում: ...Երանի չլիներ պատերազմը, երանի իմ ու հազարավորների աչքերն ու սիրտը կորստի, տառապանքի ու հուսալքության արցունքներ չտեսնեին, ապրեինք մեր զավակների աշխարհամ փոփ սիրո ներքո…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ