...Որպեսզի այլևս ոչ մի թիզ հող չկորսվի


Ամեն տարի «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպությունը նշում է Վանի 1915 թվականի հերոսական ինքնապաշտպանական հերոսամար տի տարելից: Այդ ավանդույթի հիմնական նպատակն է երիտասարդների, նոր սերնդի մեջ միշտ վառ պահել Վան-Վասպուրականի ճակատամարտի պատմական նշանակությունը: Այս տարի ևս հայի անկոտրում կյանքի հուշամատյանը թերթելով, հ/կ պատվավոր անդամ` հայկական բանակի փոխգնդապետ Ռաֆիկ Թադևոսյանը, իր հակիրճ զեկույցում վեր հանեց Վան-Վասպուրականի հերոսամարտում վանեցիների տարած հաղթանակի պատմական նշանակությունը: Այնուհետև նա զուգահեռներ անցկացրեց Վան-Վասպու րականի հերոսամարտի և մյուս հայկական օջախներում տեղի ունեցած հերոսամարտերի, այն է` Ուրֆայի, Շապին-Գարահիսայի, Մուսալեռան, Մուշի հերոսամարտերի հետ: - Եթե Վան-Վասպուրականի հերոսամարտի մասին շատերը գիտեն, ապա Վան-Վասպուրականի «Նահանջ Բյուրոցի» մասին հատուկենտ մարդիկ միայն գիտեն: Անցած տարի նշեցինք «Նահանջ Բյուրոցի» 90 ամյակը: Սա այնպիսի մի գործողություն էր, որը կարելի է համեմատել մոտավորապես Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի հետ: «Նահանջ բյուրոց»-ը տևեց 127 օր, որի ընթացքում 17 000 վասպուրականցիներ մաքառեցին, մինչև որ հանգրվանեցին այժմյան Իրաքի Բաքուպա քաղաքի մոտ գտնվող անգլիական վրանա ավանում: Դրանից հետո իրենց գոյատևման համար ցրվեցին աշխարհի տարբեր երկրներ: Վանի հերոսամարտը ռազմական արվեստի մի փայլուն օրինակ է, որը բարձր գնահատականի է արժանացել ռուսական բանակի բարձրաստիճան հրամանատարության կողմից: Երբ ռուսական բանակը մտավ Վան, ծանոթացավ վանեցիների կազմած պաշտպանական պլանին, տեսավ որ այն ժամանակվա մակարդակով հմտորեն կազմակերպած ինքնապաշտպանություն էր: Եվ որ թուրքական 6000-ոց բանակը հագեցված հզոր սպառազինությամբ (12 լեռնային թնդանոթ, միլիոնավոր փամփուշտներ և այլն), որոնց միացել էր բազմաթիվ թուրք և քուրդ խուժան, չկարողացան մտնել Վան: Վանի այն ժամանակվա նահանգապետը` Ջևդետը, մտադիր էր 1-2 օրում ոչնչացնել Վանը, Այգեստանը, բայց տեսավ որ շատ արյուն պետք է թափվի, ստիպված անցավ պաշարման, որպեսզի ժողովուրդը սովամահ լինի, բայց դա չստացվեց: Պատմաբանները շատ են գնահատում այն ռազմական արվեստը, որ կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանության ղեկավարների` Հայկակ Կոսոյանի, Արմենակ Եկարյանի, Արամ Մանուկյանի, Կայծակ Առաքելի, Բուլղարացի Գրիգորի և մյուսների անմիջական մասնակցությամբ, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ: Եթե Վանում թուրքերը հաղթեին, ապա դա կարող էին գնահատել որպես Կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակի դեմ տարած հաղթանակ,- ասում է «Վան-Վասպուրականի» նախագահ Ռոմիկ Հովնանյանը: Վան-Վասպուրականի պատմական նշանակությունն այն է, որ ավելի քան 200 000 մարդ փրկվեց կոտորածներից, տեղափոխվեց Արևելյան Հայաստան, և ովքեր հետագայում իրենց աշխատանքով, իրենց նվիրվածությամբ այժմյան մեր Հայաստանի, մեր հայրենիքի ծաղկման, հզորացման համար կարևոր նշանակություն ունեցան, որովհետև 200 000-ը քիչ քանակի թիվ չէ, դա մեծ թիվ է: Եվ մյուս կողմից` ի՞նչ սովորեցրեց մեզ Վան-Վասպուրականի հերոսամարտը: Մենք դասեր ենք քաղում դրանից: Ամենակարևոր դասերից մեկն այն է, որ ամենաօրհասական պահին էլ ժողովուրդը կարող է դիմադրել բռնությանը` եթե նա համախմբված է: Երկրորդ` մեզ սովորեցրեց, որ չի կարելի հենց այնպես հայրենիքը թողնել ու հեռանալ, պետք է կառչած մնալ հողին. հողը արյունով են պաշտպանում… - Չե՞ք պատրաստվում միջոցառումներ կազմակերպել նաև մեր սփյուռքի համար. ինչպիսի՞ն է Սփյուռքի արձագանքը ձեր ձեռնարկների վերաբերյալ: - Իմ վերջին հեռուստաելույթներից մեկը, որը վերաբերում էր Վան-Վասպուրականի 1915 թ. ապրիլյան հերոսամարտի 94 ամյակին, առաջին ալիքով հեռարձակվել է Լոս-Անջելեսում, սփյուռքի հայկական օջախներում: Նրանց արձագանքը մենք իմանում ենք մամուլից: Լոս-Անջելեսում հրատարակվող «Վարագ» տարեգրում ներկայացվում է մեր ողջ աշխատանքը և տարածվում սփյուռքի գաղթօջախներում: - Հիմնականում ո՞ր հայրենակցական միությունների հետ եք համագործակցում: - Մենք լայն կապեր ունենք Հայաստանում գործող հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի հետ: Հայրենակցական միությունների խորհուրդը միավորում է հետևյալ հայրենակցական միությունները` Ուրֆա, Վան-Վասպուրական, Մուշ և Ադանա. նրանց ևս մասնակից ենք դարձնում մեր միջոցառումներին: Մենք էլ մասնակցում ենք նրանց ձեռնարկումներին: Մասնավորապես` Մուսալեռան, Ադանայի, Ուրֆայի և այլն: - Ձեր պատգամը մեր պատմաբաններին ու երիտասարդությանը: - Նրանք պետք է լավ ճանաչեն իրենց երկրի պատմությունը, դրանից դասեր քաղեն, որպեսզի այլևս ոչ մի թիզ հող չկորցվի: Ընդհակառակը միշտ պետք է նոր ձեռքբերումներ ունենալ. սա յուրաքանչյուր երիտասարդ պետք է հասկանա, չսպասի, թե որևէ մեկը ինչ որ բան կհրամցնի:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ