Սփյուռք-Հայաստան


Գևորգ ՄԻՆԱՍՅԱՆ Բելգիայի Անտվերպեն քաղաքի «ՆՈՒԱՐԴ» հայկական մշակութային միության նախագահ, «ԼՐԱԳԻՐ» ամսաթերթի գլխավոր խմբագիր ՀԵՌԱՎՈՐ ԱՆՏՎԵՐՊԵՆՈՒՄ «ՆՈՒԱՐԴ» հայկական մշակութային միությունը հիմնվել է Բելգիայի Անտվերպեն քազաքում 2000թ. հոկտեմբեր ամսին: Նպատակ ունենալով համախմբել տեղի հայերի (ոչ միայն) մտավոր, կազմակերպական, ստեղծագործական հնարավորությունները, միությունը մշակեց գործունեության ծրագիր և ձեռնարկեց առաջին քայլերը: Իսկ առաջին քայլերը եղան շաբաթօրյա դպրոցի և հայկական ժողովրդական պարերի անսամբլի հիմնումը: Երկու կառույցն էլ գործում են ցայսօր, երկուսն էլ ունեցել են դժվարություններ, խնդիրներ, բայց մեծ ջանքերի շնորհիվ կայունացել են: «Հին սփյուռքահայերը» ունեցել են դպրոց, Բելգիայում գործել են նաև այլ հայկական կրթօջախներ, բայց պարի անսամբլը առաջին անգամ էր պարահետքեր թողնում բելգիական բեմերի վրա: Ի դեպ, անսամբլը (ղեկավար` պարուսույց Ենոք Ստեփանյան) ճանաչվել է որպես Ֆլանդրիայի լավագույն երիտասարդական անսամբլ: Անսամբլը ունեցել է բազմաթիվ ելույթներ, մասնակցել է (այդ թվում նաև Բելգիայի անունից) մի շարք միջազգային փառատոների, մի քանի անգամ ելույթ է ունեցել տեղի կենտրոնական հեռուստատեսությամբ. այս ելույթները զուգակցվել են Հայաստանի տեսարժան վայրերի ցուցադրումով, այսպիսով դառնալով հայաճանաչման մեծ միջոց: Անտվերպենում, ոչ պաշտոնական տվյալներով, ապրում են շուրջ երկու հազար հայեր, Բելգիայում` մոտ 10.000 հայեր, շրջանառվում է նաև 20.000 թիվը: Անցած դարի 70-80-ական թվերին Բելգիայում ապրել է մոտ 700 հայ: Այստեղ Հայաստանից եկել են 90-ականների սկզբին և 90-ականների վերջերին: Հայերի մի մասը զբաղվում է ադամանդա գործությամբ, ոմանք ընդգրկված են այլ կառույցներում (ի դեպ` Անտվերպենի քազաքապետարանի կառույցներում հիմա աշխատում են 13 հայեր). մի մասն ունի Բելգիայի քաղաքացիություն, մեծամասնությունը` կենալու և աշխատելու թուլտվություն, կան նաև «անթուղթ» հայեր, որոնք օր-օրի սպասում են իրենց կարգավիճակի որոշակիացմանը: Կան կուսակցական, հայրենակցական խմբավորումներ: Մեր աշխատանքներում հիմնականում ընդգրկված են վերջին «հոսքի» հայերը, առայժմ լիարժեք չէ հարաբերությունը հին հայերի հետ: Նոր հայերը նոր շունչ ու թարմություն բերին, թեկուզ նաև խորթ բարքեր: Անշուշտ, մեր աշխատանքները առավել արդյունավետ կլինեն, եթե մեր թիկունքին ավելի շատ զգանք հայրենիքի շունչը: Գործնական հարաբերություններ ունենք Գրահրատարակչության գործակալության պետ` Էդվարդ Միլիտոնյանի հետ, որի աջակցությամբ երկու անգամ կազմակերպել ենք գրքի ցուցահանդես: Իմ շնորհակալական խոսքն եմ ուզում ուղղել կրթության և գիտության նախարարության սփյուռքի բաժնին` անհրաժեշտ դասագրքերով, այլ նյութերով մեզ օգնելու ու չափազանց բարի վերաբերմունքի համար: Այս տարիներին մեր ջանքերով Անտվերպենում հայաստանցի ճանաչված երգիչների ուժերով կազմակերպվել են համերգներ, հանդիպում է կազմակերպվել Գլխավոր ոզնի Արամայիս Սահակյանի հետ, նկարահանվել է «Ծիծաղի տունը Անտվերպենում» հաղորդումը, երկու անգամ կազմակերպել ենք գորգի, ձեռքի ստեղծագործությունների, գոբելենի, տեղի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ: Ավանդաբար, ամեն տարի մեծ շուքով նշում ենք Հայաստանի անկախության տարեդարձը` կազմակերպելով հայկական մշակույթի օրեր: Ակտիվ են միության կանանց, երիտասարդության, սպորտային բաժինները: 2003 թ. մեր նախաձեռնությամբ Անտվերպենում տեղադրվեց Բելգիայում երկրորդ խաչքարը (հովանավոր` Հովհաննես Բարսեղյան): Խաչքարը, որ ապահովության համար գտնվում է կաթոլիկ եկեղեցու ներսում, դարձել է աղոթատեղի: Շուտով կլրանա յոթ տարին, ինչ իմ խմբագրությամբ հրատարակվում է «ԼՐԱԳԻՐ» ամսաթերթը: Մեծաթիվ չէ ընթերցողներիս քանակը, բայց Բելգիայում միակ հայատառ թերթը դարձել է ընթերցողների սիրելի թերթը: Ամսաթերթն ունի նաև ֆլամանդական էջեր, ուր տեղադրում ենք նյութեր մեր պատմության, մշակույթի մասին: Անտվերպեն 20.08.09 թ.