«Մեր գործն արդար է» կարգախոսով


Հիրավի, այսօր արդեն մեր առօրյան դժվար է պատկերացնել առանց «Արզնի» ԲԲԸ որակյալ ու սննդարար պարենամթերքի: Առհավատչյան` սպառողի համակրանքն ու վստահությունը: «Արզնի» տոհմային թռչնատավարախոզաբուծական ընկերության հիմնադիր նախագահ Մարատ ՋԱՆՎԵԼՅԱՆԸ տարիների տքնաջան աշխատանքով է վաստակել բարի համբավը: Արցախցի ապուպապերից և լոռեցի ծնողներից է ժառանգել աշխատասիրությունը, պատիվ ու հարգանք վայելելու նախանձախնդրությունը: «Արզնի» ՏԹՏԽ ընկերությունը շուրջ 10 տարի է, ինչ զբաղվում է հիմնականում կաթի, ձվի և խոզի մսի արտադրությամբ: Ի դեպ, այն տարածաշրջանում գործող ամենախոշոր գյուղատնտեսական համալիրն է, որն ապահովում է հանրապետության ներքին պահանջարկի 25-30 %-ը: Թռչնամսի արտադրությունում հիմնականում բուծվում են գերմանական Լոման կլասիկ և կանադական Շեյլեր թռչունների տեսակները: Եվ պատահական չէ, որ արձանագրվել են միջազգային չափանիշներին համապատասխան ցուցանիշներ: 2008 թ. ընթացքում արտադրվել է 120 միլիոն ձու: Հարկ է նշել, որ հանրապետությունում սպառվող տարեկան մինչև 300 միլիոն ձվի 40 %-ն ապահովում է «Արզնի» տոհմային ֆաբրիկան: Տնտեսության մյուս զարգացած ճյուղը տավարաբուծությունն է: Ավստրիայից Օշտեյն և Սիմենտալ բարձրակիթ ցեղատեսակների ներմուծումով կտրուկ աճել են ֆաբրիկայի արտադրական ցուցանիշները և սպառողի պահանջարկը: Արդյունքում կրկնապատկվելու է կաթնարտադրության տարեկան ցուցանիշը: Տնտեսությունում իրականացվում են նաև ծավալուն տոհմասելեկցիոն աշխատանքներ` խառնացեղ տավարի տեսակ ստանալու համար: Ֆաբրիկայի հիմնադիր նախագահը հպարտությամբ է փաստում, որ «Արզնի»-ի կաթը և դրանից ստացվող շուրջ 15 տեսակի կաթնամթերքներն էկոլոգիապես մաքուր են, զերծ կաթի փոշու, կամ որևէ այլ խառնուրդներից: Կաթի որակական հատկանիշները բարձր են` խոշոր եղջերավորներին նաև ալպիական արոտավայրերում սնուցելու շնորհիվ: Իր բարձր արդյունավետությամբ մյուս ճյուղերին չի զիջում խոզաբուծությունը նույնպես (այստեղ առկա է 5000 գլուխ խոզ): 2008 թվականին հանրապետությանը վաճառելով 3000 գլուխ հղի առաջնածին խոզամայր, ենթադրվեց 24-25 հազար խոճկորի ավելացում: Սա բավական մեծ թիվ է և ակնկալվում է, որ առաջիկայում խոզերի վերարտադ րության պակաս չի լինելու: Ինքը` Մարատ Ջանվելյանը, իրենց հաջողությունների նախապայմանը համարում է նախնիներից ժառանգած աշխատասիրությունը, նվիրվածությունը և, իհարկե, հավատարմությունը` ավանդույթներին: - Մենք գիտենք մեր տոհմի պատմությունը: Գիտենք, թե որտեղից ենք եկել, ովքեր են մեր նախնիները: Ի դեպ, նրանց մեջ շատ են եղել մեծ հայրենասերներ, ազգի նվիրյալներ: Կոթիում պահպանվել է մեր նախահոր` Ջանվար Ղարաբաղցու գերեզմանը, որը սրբավայր է դարձել մեզ համար: Մեր մեծերն իրենց օրինակով սերմանել են ազգասիրություն, անմնացորդ նվիրում` հայրենիքին ու ժողովրդին, նեղյալին կարեկցելու և աջակցելու բարի կամք: Այդ կերպ, թերևս, ավելի բացատրելի է դառնում, թե ինչպես է, որ ամենուր կարելի է գնահատանքի խոսքեր լսել հայ գործարար Մարատ Ջանվելյանի մասին: Անհատ, ով իր գործերով և ապրելու կերպով բազմիցս է փաստել, որ արժանապատիվ աշխատանքով կերտվող կենսագրությունը շիտակ էության հայելին է: Եվ արժանապատիվ կենսակերպի իր «բանաձևը» նա փոխանցել է Գեղամ և Արմեն որդիներին, Գայանե դստերը: Ի դեպ, Գայանեն «Ջանվելյան և որդիներ» բարեգործական հիմնադրամի նախագահն է: Նա անվերապահորեն հավատացած է, որ բարեգործությունն աստվածահաճո գործ է, և այդ մասին չի կարելի բարձրագոչել: Կարիքի մեջ գտնվող մարդուն այնպես պետք է օգնել, որ չցավեցնեն, չխաթարեն նրա հուզական աշխարհը: Ի դեպ, Ջանվելյանների բարեգործական ձեռնարկումներն, ինչպես ասում են` տեղայնացված չեն. Տավուշի մարզից մինչև Սյունիք` խնդրատուներից ոչ մեկի դիմումն անարձագանք չի մնում: Մարատ Ջանվելյանը միանշանակորեն կարևորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի բնակչությանը նվազագույնը 70 %-ով տեղական արտադրանքով ապահովելու ծրագիրը և չի թաքցնում գոհունակությունը երկրի Նախագահի և Վարչապետի վարած քաղաքականությունից: Այդուհանդերձ, գործարարին մտահոգում է տեղական արտադրողի շահերի ոտնահարումը: Նա հավաստիացնում է, որ հարկային դաշտում բոլորը պետք է հավասար լինեն և հավասարաչափ պատասխանատվություն կրեն: - Յուրաքանչյուրիս պարտքն է ուժերի ներածին չափով նպաստել պետական բյուջեի հարստացմանը: Իսկ տնտեսական ճգնաժամի առաջադրած խնդիրներին և դրանց հաղթահարման մասին հարցին անդրադառնալիս` միայն հաճելիորեն կարելի է զարմանալ Մարատ Ջանվելյանի անսահման լավատեսության վրա. - Ճգնաժամն իր մարտահրավերն է նետել ամբողջ աշխարհին: ՀՀ Նախագահն էլ ընդգծեց, որ պետք է ազգովի դիմակայենք դժվարություններին և չընկրկենք: Աշխատող մարդու համար ցանկացած տնտեսական խնդիր չի կարող գերխնդիր համարվել: Ավելին, կարող եմ հպարտորեն փաստել, որ մեզ մոտ այս պայմաններում ստեղծվել է 100 նոր աշխատատեղ, դեռ 50-ն էլ նախատեսվում է ստեղծել: Հիրավի, միայն հայրենիքը սիրող մարդը կարող է այսպիսի լավատեսությամբ ու վստահությամբ շարունակել ազգանպաստ ձեռնարկումները: Դիցուք` հոգատարությունը հայ ժողովրդի անվտանգության երաշխիք Հայոց Բանակի հանդեպ: - Հազարամյակների պատմություն ունեցող հայի համար Ազգային Բանակի կայացումն ու զորացումը նվիրական երազանք էր: Կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացու, ցանկացած պաշտոնյայի սրբազան պարտքն է հնարավորինս աջակցել մեր բանակին: Հայ զինվորը պետք է լինի ամենքիս հոգածության և ուշադրության կենտրոնում: Այդ մտայնությամբ էլ մենք լավորակ սննդամթերք ենք մատակարարում Հայոց Բանակին և Հայաստանի սահմանները պաշտպանող մյուս զորամասերին: Ու անկարելի է վստահ չլինել, որ այսուհետ ևս շարունակվելու է երկուստեք արժևորված կենսագրությունների` «Արզնի» ֆաբրիկայի և նրա հիմնադիր-նախագահ Մարատ Ջանվելյանի համատեղ ու հաստատուն ընթացքը` դեպի մեր երկրի բարգավաճող ապագան: Առհավատչյան հավատարմությունն է «Մեր գործն արդար է» կարգախոսին:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ