«ԾԻՐԱՆ» -ապտույտ


Ջավախքում և Արցախում Արտափառատոնային «Փառատոն անիվների վրա» ծրագրի շրջանակներում «Ոսկե ծիրանը» երկրորդ անգամ հյուրկնկալվեց Ախալքալաքում: Անցյալ տարի հայ-վրացական յուրատիպ այս կինոկամուրջի «շինարարությանն» անդամագրված վրացական ազգային կինոկենտրոնին միացած Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի համատեղ ցուցադրությունները մշակույթի կենտրոնում ջավախեցիների հոգևոր քաղցի մասնակի հագեցման արժեք ստանալուց զատ, հասարակական-քաղաքական կնճռոտ խնդիրների հաղթահարմանը անուղղակիորեն նպաստավոր եղան: - Ջավախքը կարող է ոչ թե թշնամանքի ջրբաժան, այլ բարեկամության կամուրջ լինել Հայաստանի և Վրաստանի միջև,- ասում է ծրագրի հիմնական գործընկերներից ծնունդով ջավախեցի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:- Գործարարների մոտ հետաքրքրություն չառաջացնելով` մարեցին քանդակագործների մրցույթ ները: ՀԳՄ մասնակցությամբ անցկացվող ջիվանական և տերյանական օրերը ասուպի նման մարում են հոգևոր անապատում: Կայուն օազիս ունենալուն, անկասկած, լրացուցիչ ազդակ կլինի հայ-վրացական կինոարվեստի պրոպագանդան: ՀՀ 17-րդ խոշոր հարկատուն` «Sovrano» ընկերության հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը, ում անմիջական նախաձեռնությամբ 150-ամյա հոբելյանի նախօրեին Ախալցխայում բացվեց Վարդգես Սուրենյանցի հուշատախտակը` առաջին հայատառ վկայագիրը Վարպետի ծննդավայրում, սեփական հարակից կրթամշակութային գործունեությամբ ջանում է վարակիչ օրինակ ծառայել տեղի գործարարներին. - Գուցե նրանք շուտով հասկանան, որ ինքնությունը պահպանելու համար ոչ միայն եկեղեցիներ, այլև կինոթատրոններ է պետք կառուցել: Ի դեպ, նույնը անհրաժեշտություն է դարձել վաղուց ՀՀ տարածքում ևս: Հենց այդ իրավիճակի թելադրանքով «Ոսկե ծիրանը» տեղադրվեց անիվների վրա և սկսեց շրջել Հայաստանի մարզերով, ապա, պետական որոշակի աջակցությամբ, ընդլայնեց իր նախաձեռնած «կինոուղևորության» երթուղին: «Ծիրան»-ապտույտը, Ջավախքից տեղափոխվելով Արցախ, գեթ մասնակի մշակութային լիցքերով կգոտեպնդի Հայաստանի սահմաններից դուրս պատմականորեն բնավորված մեր հայրենակիցներին: Ասում են` բարի օրինակը վարակիչ է: Հավատանք, որ այս ծրագրի աջակից գործարարներին կհետևեն նորերը, և արվեստի մյուս ոլորտների հետ անմիջական հաղորդակցությունը համահայկական ընդգրկում կունենա շուտով` առանձին-առանձին երբեմն նախաձեռնվող մշակութային միջոցառումները մեկտեղելով մեկ համազգայինում և առավել բազմաբովանդակ դարձնելով սոցիալականի զորեղ գործոնով հետին պլան մղված հոգևոր կյանքը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ