Ոսկեզօծ մահճակալ իհարկե` բյուջեի հաշվին


Ռուսաստանի ներքին գործոց գերատեսչությունն իր կարիքների համար և Դաշնային բյուջեի հաշվին ծրագրել է կահույք ձեռք բերել, ինչի համար էլ մրցույթ է հայտարարվել պետգնումների պաշտոնական կայքում: Գույքը` գույք, բայց միլիցիայի գույքային կարիքների ցանկում նաև մահճակալի պահանջ է ներկայացված: Մահճակալ, որը մրցութային փաստաթղթերում նկարագրվում է հետևյալ կերպ. - Մահճակալ ոսկրաբուժական (օրթոպեդիկ) ներքնակով և ճաղավանդակով: Հիմքը և նրբատախտակը պետք է լինեն կաղնուց: Մահճակալի գլխամասում և ոտքերի մոտ զարդանախշերը պետք է պատված լինեն բարձրակարգ ոսկու նուրբ շերտով` 24 կարատի չափով (4,8 գրամ): Այդ նմուշում պետք է օգտագործվեն գերմանական, իտալական կամ համարժեք ձևավորման իրեր: Դրա գլխամասում պետք է լինի բաց դարչնագույն կաշվե շերտ: Այն բաղկացած պետք է լինի ոսկրաբուժական երկու վանդակներից` հաճարենու փայտից: Մահճակալը պետք է սարքավորված լինի ոսկրաբուժական ներքնակներով: Ընդհանուր չափսերը` 1800 x 2000 x 1260: Բացի այդ, մրցութային փաստաթղթերում առկա է ևս որոշ տարրերի պահանջ` ոսկյա դրվագումներով: ՆԳՆ հայտը իր այս պատվերի դիմաց առաջարկում է երկու չափանիշ. «կահույք և ներսի հարդարման առարկաներ»` 15 միլիոն ռուբլի արժողությամբ և «գրասենյակային կահույք»` 9,4 մլն արժեքով: