Այնուամենայնիվ կվճարի


Ինչպես հիշում ենք` անցյալ տարի մայիսին վրաց նախագահի թեթև ձեռամբ ընդամենը 1 լարիով (0,6 դոլար) Նինո Բուրջանաձեին էր «վաճառվել» Թբիլիսիի Ծկնեթի արվարձանում գտնվող ամառանոցը: Հետո, երբ զինակիցները հակառակորդներ դարձան, «պարզվեց», որ պետական սեփականություն հանդիսացող այդ նվերն արժե 12 միլիոն լարի (մոտ 7,7 մլն դոլար): Այս ամենը հիմնավորվել էր դատաքննությամբ: Բացի այդ, մինչև 2009 թ. ապրիլի 1-ը Բուրջանաձեն հարկային ծառայությանը հայտարարագիր չէր ներկայացրել և իր եկամուտներից համապատասխան հարկեր չէր վճարել: Ֆինանսների նախարարությունն էլ նրան պարտավորեցրել էր վճարել վերջը նշված գումարի հարկը: Ընդդիմադիր դարձած էքս խոսնակը, իհարկե, որոշել էր դատարանում վիճարկել պահանջը: Անցյալ շաբաթ Թբիլիսիի քաղաքային վարչական դատարանի կոլեգիան չի բավարարել «Դեմոկրատական շարժում` միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հայցն` ընդդեմ Վրաստանի ֆիննախարարության հարկային ծառայության: Ավելին, հայցորուհուն պարտավորեցրել են վճարել 1,25 միլիոն լարի (շուրջ 760 հազար դոլար)` որպես հարկային պարտականություն: Այս որոշումը նույնպես, իհարկե, կարող է վիճարկվել վճռաբեկ դատարանում` 14 օրյա ժամկետում: Սակայն գործող իշխանության կամքը հազիվ թե բեկանվի: Մանավանդ` օրինախախտն այս պարագայում ընդդիմության առաջնորդն է: