Էքս նախագահի քույրն ու նահանգապետի զոքանչը


Երբեմն նշանավոր մարդկանց հարազատների մահը նույնպես առիթ է դառնում լրացուցիչ մանրամասներ ներկայացնել հանգուցյալի հարազատների առօրյայից: Եվ ահա ծանուցելով 88-ամյա Ունիս Քենեդի Շրիվերի մահվան մասին, արևմտյան որոշ լրատվամիջոցներ նախ հիշեցրել են, որ վերջինս Միացյալ Նահանգների երբեմնի նախագահ Ջոն Քենեդիի քույրն է և Կալիֆոռնիայի նահանգապետ, աշխարհահռչակ Առնոլդ Շվարցենեգերի զոքանչը: Ի դեպ` հանրահայտ ազգական ունենալուց զատ տիկին Շրիվերը ճանաչված է եղել նաև իր մի ձեռնարկմամբ. պարզվում է` նա 1968-ին հիմնադրված` մտավոր թերզարգացած մարդկանց համար նախատեսված հատուկ օլիմպիական խաղերի հիմնադիրներից մեկն է եղել: 4 տարին մեկ անցկացվող այդ օլիմպիադայի նպատակն է դրանց մասնակիցներին հնարավորություն ընձեռել` զարգացնելու ֆիզիկական ունակությունները և մեծացնելու ինքնագնահատանքը: