ԻՍԿ ԵՐԲ ԸՆՏՐՈՂԴ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵ՞Ջ Է


Ինչպես ողջ ամսվա, այնպես էլ վերջին օրերի լրահոսի թոփ¬թեման Քաղաքապետարան-կրպակատերեր հակամարտությունն է շարունակում մնալ: Այս առումով սպասվածից հանդարտ ընթացքով ու անորոշ հեռանկարով շարունակվող Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը կորցրել է նախկին հետաքրքրությունը: Մինչև այս բանակցությունների առաջին արդյունքներն ի հայտ չգան, իշխանություն-ընդդիմություն համագործակցության թեման հազիվ թե նախկինի չափ կարևորվի: Առայժմ ընդհանուր լեզու չեն գտնում նաև տեղական իշխանություններն ու մանրածախ առևտրով զբաղվողները: Վերջին տարիներին քիչ չի պատահել, երբ կողմերից ամեն մեկն իր հերթին արդարացի է եղել (օրինակ` Հյուսիսային պողոտայի դեպքում), սակայն ընդհանուր հայտարարի գալ այդպես էլ չի հաջողվել: Ուշագրավ է, որ առաջին հայացքից բացառապես սոցիալական բովանդակությամբ ընդվզման ալիքը կարող էր նաև քաղաքական ուղղվածություն ունենալ, սակայն ակցիաներն առայժմ հեռու են կուսակցական ազդեցություններից: Ակնհայտ է ու բազմիցս է ապացուցվել, որ պարբերաբար անելանելի իրավիճակներում հայտնվող սոցիալական խմբերի անելիքն ու ապագան հայրենի քաղուժերին մեծ հաշվով քիչ է հետաքրքրում: Դիցուք, կրպակատերերի պայքարն արդեն քանի շաբաթ շարունակվում է, բայց վերջիններիս ցուցաբերվող քաղաքական աջակցությունը կարելի է զրոյականին մոտ համարել: Ենթադրենք, թե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ները որոշակի գրաֆիկով հայտնվում են միտինգավորների կողքին, մտահոգող դեմքերով երևում տեսախցիկների առաջ ու հեռանում... Ի՞նչ է շահում սրանից հուսահատ ու քաղաքական հոգեորսությունն այս պարագայում դժվարությամբ նկատող ընտրազանգվածը: Բացի մանդատի առավելությունը ցուցադրելուց, ո՞րն է նման ակցիաներին մասնակցող պատգամավորների առաքելությունը: Նկատենք, որ այս մարդիկ տեղի ունեցածը նաև խորհրդարանական ամբիոնից դատապարտող հայտարարություններից զատ` խնդրի լուծման որևէ տարբերակ չեն առաջարկում: Մինչդեռ ընտրություններին ու դրան նախորդող քարոզարշավին քիչ է մնացել, և կրպակատերերի կամ բողոքավոր այլ զանգվածների միջոցառումներին ձևական մասնակցություն¬ներկայություն ապահովող քաղուժերը շատ չանցած նույն այդ մարդկանց սկսելու են համոզել, թե իրենք բոլոր խնդիրների լուծման դեղատոմսերն ունեն: Այսինքն, ինչպես միշտ, ընտրողին հավաստիացվելու է, թե իր քվեն ստանալուն պես տվյալ քաղմիավորը միանգամից անհոգ ու երջանիկ է դարձնելու բոլորիս կյանքը: Բայց խոստումներ շռայլելն այնքան էլ անմեղ զբաղմունք չէ. սա շարքային ամեն մահկանացու արդեն գիտե. մնում է, որ ազգընտիրներն էլ գիտակցեն: Կուսակցություններին գրեթե մշտապես առատ որս պարգևած ուռկանն այս անգամ դատարկ է ջրից դուրս գալու: Այսինքն` թե´ տարբեր առիթներով տուժողի կարգավիճակում հայտնվող անպաշտպան խավերը, թե´ պարզապես շարքային քաղաքացիներն այլևս լավ են պատկերացնում, որ քաղաքական աջակցություն ասվածը հանուն քվեների կորզման մղվող էժանագին պայքար է: Ուստիև դեռ հարց է, թե ովքեր են ավելի ազնիվ. ոչ քաղաքական զարգացումներին ընդամենը հետևողնե՞րը, թե՞ բողոքավորներին ձևական աջակցություն ցուցաբերողները: