ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել ընդդեմ Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա պատվիրակություն ների: Այս անգամ նրանց անբարեհաճության հայտարարության թիրախ են դարձել ֆրանսիացի պատգամավորները, ովքեր այցելելով ԼՂՀ` ծանոթացել են որոշ քաղաքական մեկնաբանների կողմից ֆանտոմային (արհեստական, կեղծ) համարվող պետություններից մեկին: Ամենակարևորը` նրանք համոզվել են, որ Արցախում ձևավորվել է պետական կառույց, որն արդեն թևակոխել է կայացման դժվարություններն ու այժմ գնում է դեպի ձեռքբերումների հաստատումները: ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ համարվող այցը ֆրանսիացի պատգամավորների շրջանում գոյավորեց նոր պատկերացումներ Լեռնային Ղարաբաղի մասին և առավել ամրապնդեց այն տեսակետը, որ այս պետությունը երբեք չի կարող մաս կազմել մեկ այլ պետության` կորցնելով անկախությունը: Անպայմանորեն ֆրանսիացի պատգամավորների այցի հիմքում նաև ռազմական, ավելի ճիշտ` հրադադարի և կայունության պահպանման խնդիրներն էին: Պատահական չէր, որ այցը նախաձեռնել ու կազմակերպել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Գի Տիսյեն: Ընդծենք` այցը ճանաչողական էր ու «արհամարհում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»` ինչպես իր բողոքի նոտայում հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Այնուհանդերձ այդ երկիրն այս անգամ էլ հավատարիմ մնաց ինքն իրեն ու շարունակեց շանտաժի քաղաքականությունը, որից երբեմն վախեցողներ լինում են: Սակայն մեծավմասամբ Ղարաբաղ այցելող օտարերկրյա քաղաքական գործիչներն արհամարհում ու անտարբերության են մատնում Բաքվից հնչող հայտարարությունները` գիտակցելով, որ գործ ունեն մի պետության հետ, որի համար զրպարտությունն ու քաղաքական դեմագոգիան շատ վաղուց պետական մարտավարության բաղադրիչներն են դարձել: Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պարտականություններն այս անգամ ստանձնել է Ֆրանսիայում ԱՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Էլչին Ակբերովը` հանրությանը ներկայացնելով մի այնպիսի մեկնաբանություն, որը վկայում է պաշտոնական Բաքվի դիվանագիտության սնանկության և քաղաքական հավկուրության մասին: Հակադրվելով Ֆրանսիայի ԱԺ-ի տարածած պաշտոնական այն տեղեկատվությանը, թե Ղարաբաղ կատարած այցը եղել է մի հանձնաժողովի որոշում ու ցանկություն, Ադրբեջանի դեսպանն, այդուհանդերձ, միայն հավանաբար կարողացել է հասկանալ, որ այդ բացատրությունը ոչինչ չի ասում իր երկրի քաղաքացիներին: Սակայն նրանց համար կարևորը ոչ թե բառերն են, այլ` իրողությունը, որ ֆրանսիացի պատգամավորները եղել են Ստեփանակերտում և պաշտոնական հանդիպումներ ունեցել ԼՂՀ ԱԺ-ում: Եվ ոչ միայն խորհրդարանում. Գի Տիսյեն հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Եվ հենց սա էլ դարձել է ադրբեջանական հերթական վայնասունի պատճառը: Այդ երկրի դեսպանն իր երկրի հանրության համար «բացահայտել է» մի հանգամանք, իբր, լինելով Մարսելի երկու թաղամասերի թաղապետ, Գի Տիսյեն 2012 թվականի խորհրդարանական ընտրություներից առաջ հայերով բնակեցված Մարսելի ընտրողների համակրանքն է ուզում շահել: Սա, իհարկե, տիպիկ ադրբեջանական մտածողութ յուն է, որովհետև խորասիականության մեջ խրված և տակավին սուլթանական պետության հայեցակարգերով առաջնորդվող Ադրբեջանում մտածում են, թե Եվրոպայի առաջադեմ երկրում կարելի է ընտրողների ձայներ առնել, համակրանքներ շահել… Ժողովուրդն ասում է` ամեն մեկն իր արշինով է չափում դիմացինին: Ահա այստեղ է, որ ադրբեջանական դիվանագիտությունն իր հերթական սխալն է թույլ տալիս` ծաղրի առարկա դառնալով ողջ Եվրոպայում: Լինելով Եվրախորհրդի անդամ պետություն, պաշտոնական Բաքուն պիտի գիտենար, որ այդ կազմակերպության անդամ բոլոր երկրների պատգամավորներն ազատորեն կարող են այցելել մյուս անդամ երկրներ` հաճախ նաև իրենց այցերը չհամաձայնեցնելով տվյալ երկրի իշխանությունների հետ: Եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն համարում է իր տարածքի մի մասը, ապա առնվազն ծիծաղելի է, որ բողոքում է «իր երկիր» այցելած ֆրանսիացի պատգամավորների դեմ: Այստեղ ահա Ադրբեջանը բացահայտում է իր դիվանագիտական մերկութ յունն ու խեղճուկրակությունը: Եվրախորհրդի Կանոնակարգը չի արգելում պատգամավորական պատվիրակությունների այցերը անդամ պետություններ: Պատգամավոր ներն անձեռնմխելի են և ազատ իրենց գործողությունների մեջ: Սակայն որերորդ անգամ բողոքելով Լեռնային Ղարաբաղ այցելած պետական և խորհրդարանական պատվիրակությունների դեմ` Ադրբեջանն ի լուր աշխարհի բացահայտ ասում է, որ ինքը վարում է «փակ սահմանների» քաղաքականություն, որ իր համար ընդունելի չեն ժողովրդավարական արժեքները: Ավելին, աշխարհում շատերը ԼՂՀ-ն համարում են անկախություն հռչակած և չճանաչված երկիր, հետևաբար նրանց համար նշանակութ յուն չունի ադրբեջանական կողմից հնչող ցանկացած բողոքի նոտա: Իրենց այցերով շատերը նաև հաստատում են, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը` այսպես հակահարված տալով ադրբեջանական մերժողականությանը և գերտերությունների կիրառած երկակի ստանդարտներին: Երկու դեպքում էլ Ադրբեջանը դառնում է խոցելի ու ավելի խորացնում իր հանդեպ ձևավորված բացասական պատկերացումները: Հնչող հայտարարություններն այլ պատճառներ ևս ունեն: Պատճառներ, որոնք ալիևյան Ադրբեջանը կամենում է պարտակել համաշխարհային հանրության տեսադաշտից: Հատկապես վերջին շրջանում չափազանց սրվել է իրավիճակը Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Պատմական Հայաստանի կենտրոնական գավառներից մեկում այժմ սոցիալական ճգնաժամ է, բնակչությունը կանգնած է խորացող խնդիրների առջև` չունենալով ապրուստի տարրական միջոցներ: Աստիճանաբար դատարկվում է Նախիջևանը: Այս ամենի հետևանքով Նախիջևանում ձևավորվում են անջատողական տրամադրություններ: Թուրքիան, օգտվելով Բաթումիի պայմանագրով իրեն տրված մանդատի լիազորություններից, պաշտոնական Բաքվին անընդհատ պարտադրում է հոգ տանել Նախիջևանում ապրողների մասին, փոխել այստեղ իրականացվող սոցիալական քաղաքականությունը, սակայն Ալիևի վարչակարգը չի կամենում գումարներ ծախսել Նախիջևանում` հազիվ կարողանալով լուծել երկրի գլխավոր շրջանների սոցիալական խնդիրները: Սոցիալական դժգոհության ալիքներ են բարձրանում նաև թալիշաբնակ Լենքորանում: Բաքվում շանթահարված են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխական իրադարձություններից` քաջ գիտակցելով, որ վաղ թե ուշ Ադրբեջանում ևս կրկնվելու են մերձավորարևելյան սցենարները: Պատահական չէ, որ օրերս ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ տասնմեկ տարի առաջ մահացած Ադրբեջանի` օրինական ճանապարհով ընտրված միակ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին սպանել են ամերիկյան հետախուզության գործակալները… Այսպիսով ընդդիմադիր լրատվամիջոցները կարծես զգուշացնում են Իլհամ Ալիևին, որ նույնը կարող է կատարվել նաև իր հետ… Եվ որքան շատ են հայտնվում նման հրապարակումները, այնքան մեծանում են սոցիալական դժգոհությունները Ադրբեջանի տարբեր տարածքներում: Հենց այս ամենը թաքցնելու, միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար էլ պաշտոնական Բաքուն ժամանակ առ ժամանակ վայնասուն է բարձրացնում, բողոքում Ստեփանակերտ ժամանող օտարերկրյա պաշտոնյաների և դիվանագետների այցերի դեմ;

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ