Խնդիրները լուծելի են, եթե...


Նախորդ օրը հաճելի սպասումով էր համակված Արշակունյաց 2ա հասցեում գտնվող Մամուլի տունը: Մեկ շաբաթ առաջ այդ շենքում տեղակայված լրատվամիջոցների ղեկավարների հետ անկաշկանդ մթնոլորտում զրուցելուց հետո, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանն անձամբ էր այցելում` տեղում ճշգրտելու այստեղ առկա հիմնախնդիրները: Իսկ կենցաղային խնդիրներ, իսկապես կան շուրջ 30 տարի շահագործվող շենքում, ուր այս ընթացքում հիմնանորոգում չի կատարվել: Լրատվամիջոցներն, իհարկե, հնարավորություն ունեն բարձրաձայնել նաև իրենց անհանգստացնող հարցերը, սակայն պետական պաշտոնյայի այցը նախևառաջ նրա մտահոգության վկայությունն էր: Կա՞ մտահոգություն, ուրեմն բոլոր խնդիրները լուծելի են: Ուսումնասիրելով շենքային պայմանները, հանգամանորեն ծանոթանալով այնտեղ գործող կազմակերպությունների կենցաղին, ուշադրությամբ լսելով «տեղաբնակների» առաջարկություններն ու նկատառումները, Ա. Սահակյանը խոստացավ հնարավորինն անել` բարվոքելու վիճակը: Առաջին լուրջ անելիքը, թերևս, շենքի բազմաչարչար վերելակները նորացնելն է, ջրագծերը նորոգելը… Դե, իսկ ջեռուցման համակարգ ունենալն ու վարձակալների կողմից չնորոգված մանրահատակի նորոգումն իրական նվեր կլինեն ոչ միայն այստեղ աշխատողների, այլև խմբագրությունների այցելուների համար: Ազատ խոսքի խոսափող լրատվամիջոցների ներկայացուցիչները քաղաքակիրթ պայմաններում պետք է ստեղծագործեն. այս խնդրին է հետամուտ Պետգույքի կառավարման վարչության պետը: