Գոյապայքարի մեկ էջը
Մեր նորագույն պատմության էջերը փառավորվեցին Արցախյան գոյապայքարում կերտած հաղթանակով: Դա վճռական մի ցնցում էր, հայի կռիվն էր` հանուն այսօրվա ազատ Արցախի: Հայ մարտիկների զորեղ բազկով ու երկաթե կամքով ետ շպրտվեցին ադրբեջանական ոհմակները, քաշվեցին իրենց որջը, խուճապահար փախան, քանի որ մեր` արյունով սրբացած հողը չէր կարող քոչվորի հայրենիք դառնալ: 1993-ին ռազմական գործողություններն ամբողջ ճակատով նոր փուլ թևակոխեցին: Տարին մեզ համար նշանավորվեց փառահեղ հաղթանակներով: Ադրբեջանն էլ ավելի հզորացրեց իր սպառազինությունը` լայնածավալ հարձակումներ սկսելով նաև օդուժով, ծանր տեխնիկայով: Այնուամենայնիվ, լուրջ հաջողություններ չկարողացավ արձանագրել: Մարտակերտի ազատագրման փայլուն գործողություններից հետո հերթական տապալումը կարծես թե սթափեցրեց հակառակորդին. ոսոխն ավելի ակտիվորեն սկսեց գործել` սակայն ամենուր հանդիպելով հայ մարտիկների հզոր դիմադրությանը և ետ նետվելով իրենց նախնական դիրքերը: Այնուամենայնիվ, մայրաքաղաք Ստեփանակերտը վտանգված էր` Աղդամի հենակետից մշտական ռմբակոծության պատճառով: Այստեղ էր տեղակայված ադրբեջանցիների ամենահզոր ռազմական հենակետը: Ավելին, ժամանակին տիրացել էին նաև Խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին: Խնդիրը հստակ էր. անհրաժեշտ էր չեզոքացնել Աղդամից սպառնացող վտանգը: Կազմակերպված գործողությունների շնորհիվ դա ևս իրականություն դարձավ: Սա հակառակորդի համար չափազանց լուրջ հարված էր, քանի որ այստեղ էին հատվում կարևոր նշանակության մի քանի ավտոճանապարհներ: Այստեղ էր գտնվում նաև օդանավակայանը: Ահա թե ինչու այս ձախողումից հետո Ադրբեջանը հարկադրված էր հրադադար խնդրել, ինչը չուշացավ: - Ազատագրելով այդ տարածքները` մենք լուրջ առավելություն ունեինք: Պարզապես պետք է ավելի կենտրոնացնեինք ուժերն ու միջոցները և հետագայում ևս հաջողություն կապահովեինք: Բայց հակառակորդը խնդրեց դադարեցնել գործողությունները, և նրանց խնդրանքը բավարարվեց: Մեր կողմը դադարեցրեց հարձակումը: Նախկինում ևս մի քանի անգամ նման փորձեր արվել էին, ու սա ադրբեջանցիների հերթական խաղն էր: Անգամ, երբ նրանք հաջողության էին հասնում, ներկայացնում էին այնպես, իբր իրենք են տուժողը: Իսկ այս դեպքում իսկապես այդպես էր: Բայց դա լավ մտածված խաղ էր,- ասում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Ադրբեջանցիներն իրենց հատուկ խարդախությամբ խախտել են երկկողմ համաձայնագիրը և հարձակման անցել` այս անգամ ռազմագործողությունները տեղափոխելով հարավային սահման` Ֆիզուլիի (Վարանդա), Ջաբրայիլի(Ջրական), Կուբաթլուի (Սանասար) և Զանգելանի(Կովսական) ուղղությամբ: - Ֆիզուլին, Ջաբրայիլը և Կուբաթլին այն վայրերն են, որտեղ հակառակորդը մեծ ուժեր և տեխնիկա էր կենտրոնացրել: Այստեղից էլ վարում էին իրենց ռազմագոր ծողությունները: Այսինքն` երբ մենք ազատագրեցինք Շուշին, ապա հասանք Լաչին, նրանք անցան հարավային շրջաններ: Այստեղ էլ մեծ ուժեր կուտակեցին: Նպատակ ունեին ամբողջովին անջատել Հադրութի շրջանը: Խնդիրն այն է, որ դեռ շարժման սկզբից այս շրջանի մեծ թվով գյուղեր նվաճվել էին ադրբեջանցիների կողմից: Եվ հարավային շրջաններից ռազմական գործողություններն սկսելու վտանգը միշտ մեծ է եղել: Պաշտպանության բանակն իր առջև հստակ նպատակ էր դրել` մաքրել այս շրջանները, ազատագրել և անվտանգության գոտի ստեղծել Արաքս գետի և Ղարաբաղի միջև ընկած հատվածում: Տարածքների ազատագրումով դադարեցվեցին գործողությունները` մեզ համար նպաստավոր դիրքերով,- շարունակում է լեգենդար Կոմանդոսը: Չափազանց մեծ էր այս տարածքների կրակակետերի ճնշման ռազմաքաղաքական նշանակությունը: Այս մեծ հաջողության շնորհիվ հնարավոր դարձավ չեզոքացնել ԼՂՀ արևելյան ու հարավային սահմանների վրա կախված վտանգը: Արցախի շուրջ ընդլայնվեց անվտանգության գոտին և հաստատվեցին նպաստավոր բնագծեր: Այս փայլուն հաղթանակները ևս հարստացրին Արցախյան տարեգրության էջերը` նախանշելով հետագա հաղթանակների փառահեղ ուղին: