Նոր շունչ է պետք
Ժամանակներ առաջ նշանավոր կինովավերագրող, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը հրապարակավ այն միտքը հայտնեց, որ մեզանում ստեղծվում են ֆիլմեր, պատրաստվում են կինոկադրեր, սակայն չունենք կինեմատոգրաֆիական մթնոլորտ, ասել է թե` կինեմատոգրաֆ: Ոմանք փորձեցին հակադրվել` մատնացույց անելով մի քանի ֆիլմեր, մեր մասնակցությունը տարբեր կինոփառատոների, իսկ հետո էլ, որպես գլխավոր հաղթաթուղթ, ներկայացրեցին «Ոսկե ծիրանի» փաստը: Անտարակույս, ոչ ոք չի ժխտում այս փաստերը, ոչ ոք չի հակադրվում «Ոսկե ծիրանի» գոյությանը, մանավանդ որ այդ փառատոնը նպաստում է, որպեսզի ավելի շատ երիտասարդ կինոբեմադրիչներ ցուցադրվելու և հայտնի դառնալու հնարավորությունն ունենան: Միայն 2011 թվականին կազմակերպված կինոփառատոնի ժամանակ երիտասարդ բեմադրիչների մոտ մեկ տասնյակ ֆիլմեր ցուցադրվեցին, որոնցից իրապես հաջողված և հետաքրքիր աշխատանքներից մի քանիսն էլ արժանացան հանձնախմբի ուշադրությանը: Ցավալի էր, իհարկե, բայց այդ փառատոնին ներկայացված չէին մեր ավագ ու միջին սերնդի բեմադրիչների աշխատանքները, սակայն երիտասարդների մասնակցությունն արդեն գրավականն էր այն իրողության, որ մեզանում ձևավորվում է մի նոր ու երիտասարդ կինո` խիզախ լուծումներով, համարձակ մտահղացումներով: Մասնավորաբար Հարութ Շատյանի «Բեռնելով իմ կյանքը» ֆիլմը աչքի ընկավ թեմայի և արտահայտչաձևերի թարմությամբ, կինեմատոգրաֆիական ուշագրավ հղացումներով: Սակայն այս ամենը կորցնում է իր արժեքն ու նշանակությունը, երբ բախվում ենք այդ ֆիլմերի միջազգայնացման, միջազգային կինոշուկայում դրանց ներկայացման խնդիրներին: Անկախության հռչակումից հետո կազմաքանդելով բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում էին պրոկատի և կինոշուկայի հարցերով, մենք, ըստ էության, չստեղծեցինք համարժեք կառույցներ և պրոդյուսերական կենտրոններ, արտմենեջմենտով զբաղվող ծառայություններ, որոնք էլ պիտի խթանեին ֆիլմերի ցուցադրմանն ու դրանց միջազգայնացմանը, կինոշուկաներին մասնակցությանը: Ստեղծելով ընդամենը Ազգային կինոկենտրոն, որը տակավին անհասկանալի, սակայն պետական բյուջեից սնվող և այդ միջոցները սեփական հայեցողությամբ ծախսող կառույց է, ուրիշ այլ բանի մասին մեզ մոտ չմտածեցին: Պատճառներից մեկն այն էր, որ կինոկենտրոնին տրվեց մոնոպոլ կարգավիճակ, այստեղ կենտրոնացան բոլոր պետական միջոցները, որոնց անահավասար բաշխումն էլ խոչընդոտ եղավ ազգային կինեմատոգրաֆի նոր ժամանակների ձևավորմանը: Կինեմատոգրաֆը միայն նկարահանվող ֆիլմերը չեն, այլ նաև դրանց ձևավորած մթնոլորտը, ինչն էլ բացահայտորեն չկա մեզանում: Ինչպես նշում են շատ երիտասարդ կինոբեմադրիչներ` ամենաչնչին միջոցներով նկարահանում են ֆիլմեր, մասնակցում «Ոսկե ծիրանին» կամ էլ այլ փառատոների` եթե, իհարկե, հաջողվում է: Հետո այդ ֆիլմերը տեղավորում են դարակներում ու մոռանում դրանց մասին: Մինչդեռ ցանկացած ֆիլմ գեղարվեստական արժեք է, որոշակի ստեղծագործական հղացման արտահայտություն և պետք է ունենան ցուցադրվելու հնարավորություն: Ցուցադրումները ենթադրում են ինչպես գումարների ներդրում, այնպես էլ եկամուտներ: Այս ամենի գրագետ կազմակերպումը, գործակալական ցանցի ձևավորումը կարող է ապահովել ֆինանսական մուտքեր և´ բեմադրիչների ու պրոդյուսերների, և´ պետության համար: Մեր շատ կինոբեմադրիչներ մեզ հետ ունեցած զրույցների ժամանակ հենց այս հանգամանքն էին նշում, որ Հայաստանում դեռևս չկա արհեստավարժ պրոդյուսերական դպրոց, թատրոնի և կինոյի ինստիտուտի համապատասխան բաժնում չեն պատրաստում կինոմարկետինգի մասնագետներ, շուկայագետներ: Ամեն ինչ հենվում է սիրողականության վրա, ինչն էլ խոչընդոտում է ազգային կինոյի զարգացմանը: Ուրեմն, ժամանակն է, որ կազմակերպվող քննարկումներն ու խորհրդակցությունները կրեն գործնական բնույթ և զերծ մնան ձևականությունից: Իսկ առայժմ ամեն ինչ մնում է ձևականության շրջանակներում: ՀՀ վարչապետի կողմից Մշակույթի նախարարությանը հանձնարարվել է մշակել հայկական կինոյի զարգացման հայեցակարգը: Ծանոթանալով այս առնչությամբ քննարկումներին, կարելի է վստահորեն ասել, որ էականորեն ոչինչ չի փոխվի, որովհետև կինոխորհրդում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ տնօրինում են հայ կինոյի ճակատագիրն ու ամեն ինչ դարձնում իրենց առանցքների շուրջ: Մինչդեռ անհրաժեշտ են երիտասարդ, նոր մտածողությամբ մարդիկ, ովքեր քաջածանոթ են միջազգային կինոշուկայի առանձնահատկություններին և նրբություններին: