Պակիստանում` գերության մեջ


Երբեմնի թիվ 1 ահաբեկչի սիրելի կնոջն ու նրանց 5 զավակներին արդեն երեք ամիս է` ապօրինաբար տնային կալանքի են ենթարկել մի փոքրիկ սենյակում: Բեն Լադենի 5¬րդ կինը` Ամալ Ահմեդ Աբդուլը, ոտքից վիրավորվել էր, երբ ամերիկյան հատուկ ծառայություններն իրագործում էին ահաբեկչի ոչնչացման ծրագիրը: Կինը նետվել էր «ծովաշներ» հատուկ ստորաբաժանման մարտիկների վրա` փորձելով իրենով ծածկել ամուսնուն, սակայն չէր կարողացել փրկել նրա կյանքը: 28-ամյա Ամալը տնային կալանքը կրում է պակիստանյան մերձքաղաքային Աբոտաբադայում` ոչ հեռու այն վայրից, որտեղ սպանվել է նրա ամուսինը: Ամալի հարազատ եղբայր Զաքարիան անգամ չգիտե իր քրոջ գտնվելու վայրը: Ի նշան բողոքի` Ամալը հրաժարվել է բժշկական օգնություն ընդունել: - Մենք շատ էինք վախենում նրա ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Ախր նա ոտքի լուրջ վնասվածք ունի,¬ ասել է Զաքարիան:¬ Իմ քույրը պետք է ազատության մեջ լինի: Եղբոր խոսքերով` Ամալի միակ մեղքն այն է, որ նա բեն Լադենի կինն էր ու նրա երեխաների մայրը: Զաքարիան օգնության խնդրանքով արդեն բազմիցս դիմել է իր երկրի` Եմենի իշխանություններին, սակայն բոլոր դիմումներն անարձագանք են մնացել: - Հուսով եմ, որ քրոջս ամենամոտ ժամանակներում ազատ կարձակեն: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք դիմել միջազգային դատարան,¬ նշել է Զաքարիան: