ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ


Հերթական թանկացումը նույն խոնարհությամբ չընդունվեց որպես «ի գիտություն». այն հանրային համբերության` պռնկեպռունկ լցված բաժակի վերջին կաթիլը դարձավ: Բարեբախտաբար, քաղաքական ուժերը քաղաքացիական ինքնաբուխ շարժումից առաջ չընկան, որպեսզի հերթական ինչ-որ շահափայ փախցնեն ու հետո իրենց հավատ ընծայած ժողովրդին հորդորեն, թե «Դե գնա, «պապի», դու հանգիստ քնի, ես աչքի լույսը կհանեմ գողի»:

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորելու կոչված հանձնաժողովը «լավամարդ» դառնալու ցանկացողի շողոմությամբ փորձում էր համոզել, թե` «ի˜նչ 17 դրամ, բայց 6,93 դրամը «վիզ» անհրաժեշտ է ՀԷՑ-ին, մի խումբ ջահելներ պոռթկացին` «Էլեկտրաէներգիայի թանկացում չի´ լինելու»: Եվ ազնիվ, իսկապես ժողովրդաշահ այդ պոռթկումը Ազատության հրապարակ, ապա` Բաղրամյան պողոտա տարավ սոցիալական բեռի ծանրությանն այլևս չդիմացող հասարակությանը: Ու հնչեց ձայն բազմացը` քաղաքացիական հասարակության շուրթերից: Եվ ոչ թե ինքնամեծար, այլ այնքան ինքնավստահ է հնչում այդ ձայնը, որ որևէ ջրցան մեքենա, որևէ սադրանք անկարող են այն լռեցնել: Գիտակցված պահանջատիրություն է, որի հետ պետք է հաշվի նստել և բիբինակերպ բոլոր արարածներին հասկացնել, որ Հայաստանը խոպան չէ, ու ամեն փոդրաչի իր կամքը չի´ կարող թելադրել: Սթափ մտածելու պարագայում` ի պաշտոնե լռող պաշտոնյաներն էլ պետք է հասկանան, որ նաև իրենց օգտին է այս պայքարը: Վաղը-մյուս օրը իրենք էլ անպաշտոն են դառնալու և վիրավորանք են զգալու, որ իրենց օրվա հացը հափշտակելով` ինչ-որ բիբիններ շքեղության նոր ռեկորդներ են ուզում սահմանել: Եթե նույնիսկ շա˜տ են կուտակել, միևնույն է` դա էլ չի բավարարելու:

Հանրապետության նախագահը ճիշտ ընկալեց այս ընդվզումը: Բայց տղաները, երևի անակնկալի եկած, հրաժարվեցին հանդիպել նրան: Իհարկե, սա կորսված հնարավորություն չէ:

Որ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտի փոդրաթչիների ախորժակն ի վերջո պետք է փակվի` անտարակույս է: Բայց ամենակարևորը չանտեսենք. մեզանում քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, որի առաջին ծիլերն ի հայտ եկան հանրային տրանսպորտի թանկացման օրերին: Քաղաքացիական հասարակություն` ասել է թե` սեփական իրավունքները պաշտպանված տեսնելու պահանջատեր: Ասել է թե` ձայն բազմաց, որը ձայնն է Աստծո:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Ափսո´ս միայն, որ ինքնանորոգման ճամփան ընտրած ոստիկանության որոշ ներկայացուցիչներ մի պահ նորից մոռացան, որ իրենց համազգեստների տակ մարդկային սիրտ է բաբախում: Ճիշտ այնպիսին, ինչպիսին այն քաղաքացիների, որոնց անշունչ առարկայի նման դեպի իրենց մեքենաներն էին քարշ տալիս: Ու երբ մի խումբ մտավորականներ և պատգամավորներ «կենդանի պատ» դարձան ոստիկանների ու երիտասարդների միջև, հասկանալի էր, թե ումից ում էին պաշտպանում: