Հանելուկային հիվանդությունը


- Ամիսներ առաջ Մոսկվայում` Կրեմլից ոչ հեռու, գնդակահարեցին Բորիս Նեմցովին` ընդդիմադիր առաջատար գործիչներից մեկին: Այնպես որ, լիովին հասկանալի է, թե ինչու ակտիվիստ Վլադիմիր Կարա-Մուրզայի ընկերները սկսեցին տագնապ հնչեցնել, երբ մոսկովյան իր գրասենյակում նա անսպասելիորեն կորցրեց գիտակցությունը և շուտափույթ հիվանդանոց հասցվեց,- օրերս գրել է The WΖshington Post-ը` խմբագրական հոդվածում:

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ 33-ամյա Կարա-Մուրզան հիվանդանոց ընկավ հաջորդ օրն այն դեպքից հետո, երբ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Օտկրիտայա Ռոսիա» հիմնադրամն իր կայքում հրապարակել էր Ռազան Կադիրովի մասին ֆիլմը:

- Չեչնիայի հանրապետության չարագործ ղեկավար և Պուտինի մտերիմ զինակից Կադիրովը կասկածվում է քաղաքական մի շարք սպանությունների մասնակցության մեջ,- նշված է հոդվածում:

Կարա-Մուրզայի կինն ասել է, թե հավանական է, որ դա թունավորում է:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ֆոնին կարելի է հասկանալ, որ ամերիկացի հեղինակների կտրուկ որակումները ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների տրամաբանական շարունակությունն են:

- Եթե հաշվի չառնենք Հյուսիսային Կորեան, ապա դժվար է ուրիշ երկիր նշել, որտեղ քաղաքական սպանությունների վտանգը նույնքան բարձր լինի, որքան այսօրվա Ռուսաստանում է: Բայց արևմտյան առաջնորդները շարունակում են Պուտինին վերաբերվել որպես քաղաքակիրթ պետական գործչի և հնարավոր գործընկերոջ` այնպիսի խնդիր լուծելու համար, ինչպիսին Սիրիայի պատերազմն է: