Հայրենաճանաչության 7-րդ համահավաք


- Արի տուն,- Սփյուռքի նախարարության ձայնով կրկին կանչում է Հայաստանը աշխարհասփյուռ հայ զավակներին: Եվ խորիմաստ տունդարձի այդ կանչն արդեն 7-րդ տարին է` արձագանքվում է աշխարհի բոլոր ծագերում և հայրենաճանաչության այբուբենը բացում դեռևս օտար ափերում դեգերող հայ պատանիների առջև:

Որ ծրագիրը ծառայում է իր նպատակին` փաստել է ժամանակը. տարեցտարի ստվարանում է իրենց հայրենիքը մոտիկից ճանաչել ցանկացողների բանակը: Իսկ մեկնողները խորին ափսոսանք են ապրում, որ երկրորդ անգամ չեն կարող Հայաստան վերադառնալ Սփյուռքի նախարարության «Արի տուն» կանչով: Ափսոսում են, սակայն հեռանում են` նորից հետ գալու որոշմամբ, հետագայում գուցե նաև Հայաստանում հաստատվելու հեռագնա ցանկությամբ:

Եթե 2009 թ. աշխարհի 14 երկրներից Հայաստան էին այցելել 14-25 տարեկան 317 երիտասարդ, ապա 2014-ին այդ թիվը գրեթե եռապատկվել էր` 1071: Այս տարի նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդների այց` հունիսի 14 - օգոստոսի 29-ը տևելիք 8 փուլերի ընթացքում: Ի դեպ, ծրագրի առաջին փուլի 58 մասնակիցներից 28-ը Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 20-ը` Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած 13-18 տարեկան պարմանիներ ու պարմանուհիներ:

Անցյալ տարվա ծրագիրը նախորդներից առանձնանում էր թուրքական Դիարբեքիրից 50 հոգիանոց խմբի այցով: Իսկ այս տարին կնշանավորվի Դերսիմից 5 տասնյակ իսլամացած հայերի մասնակցությամբ:

Ինչպես ամեն ամ, «Արի տուն - 2015»-ի մեկնարկը նույնպես տոնի էր նման: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ ողջույնը, Երևան քաղաքի վարչական շրջանների և այս ծրագրի համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների ոգևորող հայացքները մեկեն ցրեցին պատանիների աչքերում ծվարած շփոթմունքը: Լեցուն դահլիճում իրենց «Բարի գալուստ» մաղթելու համար հավաքվածները հին ծանոթների պես էին վերաբերվում բոլորին:

Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը` Սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ, հավատարիմ ձևավորված ավանդույթին, ամենակրտսեր մասնակցին անձամբ հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը, հանձնեց պայուսակը: Իսկ ամենակրտսերն, այս անգամ ՌԴ-ից եկած Ռայմոնդ Նազարյանն էր:

- …Այն ապրումները, զգացողությունները, որոնք դուք ստանում կամ ապրում եք հայրենիքում, դառնում են անփոխարինելի և ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքում: Անցած 7 տարիների ընթացքում հազարավոր երիտասարդներ են այցելել Հայաստան. ճանաչել, սիրել ու կապվել են Մայր Հայրենիքին: Շատերը ուսումը շարունակել են Հայրենիքում, հարյուրավոր մասնակից երեխաների հորդորներով նրանց ընտանիքներն իրենց հանգիստը կազմակերպել են Հայաստանում, տասնյակ երիտասարդներ էլ ընտանիք են կազմել:

Բեթթին` Էլիզաբեթ Դանիելյանը, սփյուռքահայ չէ: Նրա աշխույժ ներկայությունն աննկատ չի մնում դահլիճում: Աղջկան բոլորն են ճանաչում «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթից, ուր 2014-ին Հայաստանն էր ներկայացնում:

- Ես հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում, որ ունեմ այսպիսի ընկերներ: Շատ ուրախ կլինեմ, որ իմ արտասահմանցի հասակակիցները նույնպես գան Հայաստան, որովհետև նրանցից շատերը հայ են: Շատ եմ սիրում «Արի տուն» ծրագիրը, շատ եմ սիրում տիկին Հակոբյանին: Այսօր պետք է երգ նվիրեմ այստեղ գտնվող ընկերներիս, որը ներկայացրել եմ մանկական եվրատեսիլում, բայց մի քանի օր հետո ունենալու եմ մի նոր երգ, նոր հաղորդում և հույս ունեմ, որ այդ ամեն ինչը, նորությունները դուր կգան նոր ընկերներիս,- գեղեցիկ հայերենով ասում է Էլիզաբեթը:

Իսկ չելյաբինսկցի Արմեն և Արտյոմ եղբայրները դեռևս չէին թոթափել անծանոթ շրջապատում հայտնված մանկանց վարանումը:

- Մենք տանը հայերեն ենք խոսում,- ասում է Արմենը և պատմում, որ անցյալ տարի նույնպես եղել են Հայաստանում:- Այս անգամ եկել ենք` «Արի տուն» ծրագրին մասնակցելու: Ուզում ենք ամեն ինչ իմանալ մեր հայրենիքի մասին, լինել տեսարժան վայրերում, ուրիշ երկրներում ապրող նոր ընկերներ ունենալ: Նկարներով տեսել ենք Հայաստանը, հիմա ուզում ենք մոտիկից ճանաչել մեր հայրենիքը:

Կրտսեր եղբայրը` 12-ամյա Արտյոմը մեկ այլ ցանկություն էլ ունի.

- Ուզում եմ ավելի լավ իմանալ հայոց լեզուն, մեր ժողովրդի պատմությունը և սովորել հայերեն տառերը:

Կհասցնեն, իհարկե. գոնե` որոշ չափով, որպեսզի հետո ինքնուրույն կամ ծնողների օգնությամբ խորամուխ լինեն մայրենիի ոսկեդարանում և հայրենյաց պատմության բավիղներում:

Հայրենաճանաչության 7-րդ համահավաքի մեկնարկը տրված է:

Մեկնարկել է նաև «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում է 104 երիտասարդ աշխարհի 7 երկրից` ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Լիտվայից, Սիրիայից և ԱՄՆ-ից, նաև` Հայաստան տեղափոխված 13 սիրիահայ պատանիներ ու աղջիկներ: