«ԽԱՎԱՐԻ ԵՎ ԿԻԶՄԱՆ ԱՐԵԳԱԿՆԵՐԸ»

«Բալետ 2021»

«Գեներալի» առաջին «զինվորական» բեմելը

Որպես Հայաստանի ազգային բալետի մենապարող Ռուդոլֆ Խառատյանը ճանաչում գտավ 1967-1991 թթ.` «Սովետական բալետի աստղեր» խմբի կազմում միջազգային բեմելներով: Որպես բեմադրող-խորեոգրաֆ մասնագիտացավ Մոսկվայի թատերարվեստի համալսարանում և Սանկտ-Պետերբուրգի Վագանովայի բալետի ակադեմիայում: Բալետային արվեստի գեղագիտական առաջնորդության պատկառելի փորձառություն կուտակեց Հայաստանի կամերային բալետի (1979-1991 թթ.) գեղարվեստական ղեկավարությամբ: Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայի, ապա դպրոցի 16-ամյա աշխատանքային փորձառություն ուներ, երբ 2009-ին հրավիրվեց ստանձնելու Հայաստանի ազգային բալետի գեղարվեստական ղեկավարությունը:

Որպես մեր բալետային խմբի «գեներալ» 5 թատերաշրջանում նա հաջողեց բեմ հանել իր հետ բերած 36 նոր անունների մի մասը միայն: Դասականից մինչև ավանգարդ փորձարարական ավելի քան 100 ներկայացումների բեմադրական փորձառությամբ, զինվորագրվեց հայկական արդի բալետային արվեստը համաշխար հային չափորոշիչներին մերձեցնելու գործին: Համաշխարհային մշակութային անցուդարձից տևականորեն օտարված մեր օպերայի և բալետի ազգային թատրոնի վարչակազմի և պարախմբի հետ լիարժեք փոխըմբռնումն այդպես էլ չկայացավ: Այդուհանդերձ Վաշինգտոնի «Առկա» բալետի հիմնադիր գեղարվեստական ղեկավարը և Կիրովի բալետային ակադեմիայի հրավիրյալ մասնագետը չլքեց հայրենի բեմը: Հայրենիքում կազմակերպեց իր գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Բալետային արտահայտչալեզվի նրբությունները արհեստավարժ պարողներին և պարի հարյուրավոր սիրահարներին փոխանցելու համար օգտագործեց իրեն ընձեռված սուղ հնարավորությունները:

Ապավինելով արվեստի կառավարման, գրահրատարակության, զբոսաշրջութ յան ոլորտներում Լիլիթ Պետրոսյանի մասնագիտական հմտություններին` նրա հուսալի գործընկերությամբ 2012-ին նախաձեռնեց Հայաստանում բալետային արվեստի զարգացմանն աջակցելու կոչված «Բալետ 2021» հիմնադրամը: Մանրախնամ նախապատրաստական ու բեմադրական գործընթացների առաջին խոշորագույն միջազգային նախագիծը` «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետը, մայրաքաղաքային արվեստասեր հանրության դատին հանձնվեց օրերս: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումնե րը համակարգող հանձնախմբի, «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմի ներշնչանքով մտահղացված իր նոր բեմադրությունը: Հատկանշական է, որ տարիներով ամբողջացման բարեբախտության չարժանացող այս մտահղացման գլխավոր ասելիքն ու թատերային կերպավորումը հստակվում էին արդեն, երբ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագելիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանրայնացրեց Հայ եկեղեցու մեծագույն սրբերից մեկին` Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը շնորհելու Վատիկանի որոշումը:

Նարեկի հրաշագործ ներուժով

Առնո Բաբաջանյանի թիվ 3 կվարտետի հնչյունների ներքո, «պիտեր բրուքյան դատարկ բեմատարածքում», բալետային շարժումների նրբահյուս իմաստավոր մամբ, շուտով հանդիսասրահ է փոխանցվում տիեզերական անսահմանության անմեկնելի մի զգացողություն: Հետնաբեմի պաստառին բացված «հայ աշխարհիկ պատուհանից» բեմահարթակ է իջնում ու հողագնդի «արարչական անցուդարձին» միախառնվում Նարեկա վանքի Սուրբը: «Զույգ արեգակներ» բալետային ներկայաց ման առաջնախաղի հանդիսատեսի մտասևեռումն ուղղորդվում է երաժշտական մոտիվներին համադրվող խոսքով` քաղված Նարեկացու «Մատյանից».

- Զույգ արեգակներ երկու ծագերից,

Մեկը` խավարի, մյուսը` կիզման:

Ներկան անգո է, անցյալն անորոշ,

Գալիքն` անստույգ:

Վերևից, որպես երկնառաք մունետիկներ, Նարեկացու կայացման ճանապարհին հայտնվում են 4 Ավետարանիչները (բեմի և զգեստների ձևավորումը` Աստղիկ Ստեփանյանի):

«Թեև համագոյ, բայց ներհակատարր` մոլեկան մարմնով» մարդ արարածի բազմաբազում մեղքերի համար անկեղծորեն ապաշխարող Նարեկացին անցնում է հոգևոր մաքրագործման 7 աստիճանները, հասնում Պատմիչին: Վերջինիս մուտքով աներևույթ կապ է հաստատվում մեր պատմական անցյալի ու ներկայի միջև: Խորեոգրաֆիկ ժամանակակից արտահայտչալեզվով մասամբ հստակվում են Նարեկի խորքերի գաղտնազերծմանը միտված բեմադրական հնարքները: Մոտ 2 տասնյակ տարազգի պարողների համակարգված բեմական վարքագծով առանձին տեսարաններ գեղագիտական հարաճուն վայելքին համընթաց տրտմաթախիծ խոհեր են արթնացնում:

Աշոտ Արիյանի «Տոկատայի», Նարեկացու «Ծովի պես աչքերի», Ավետ Տերտարյանի 2-րդ սիմֆոնիայից ընտրված հատվածի ներդաշնակ միահյուսմամբ անկարկատ նախապատրաստվում է անցումը մաշտոցյան շարականներին: Թանձրանում է միստիկ մթնոլորտը բեմադրական կառուցիկ պատկերներով, որոնցում զգալի է Թորոս Ռոսլինի մանրանկարչության ակնահաճո հետագիծը: Ժամանակի և Տարածության սահմաններից դուրս է հորդում Հայ հանճարի կոնկրետ, անշփոթելի դերակատարությունը Երկիր մոլորակի բյուրադար անկանգ ընթացքում: Ասկետիկ միջավայրում հայտնվում է հոգևոր փրկության արևածագի Աքաղաղը: Որպես Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդ արարածի հոգեկերտվածքի կատարելության գլխավոր նախապայման, Պատմիչը մատուցում է Թավջութակը` բարձրարվեստ ստեղծագործության խորհրդանիշը:

Ստվարանում են տարվա գլխավոր ասելիքը կրող կերպարներն ու խորհրդանիշները: 1915-ի Մեծ Եղեռնի ազգակործան ներուժը խորացվում է Արշիլ Գորկու բնութագրական մարմնավորմամբ: Հետնաբեմի «հայ աշխարհիկ պատուհանին» երևում է նրա մոր պատկերը` որպես գեղարվեստական խոսուն ընդհանրացում վավերագրական սեղմ տեսանյութի: Տիրամոր սքանչելի տեսիլքով Պատմիչն, ասես, վերարժևորում է Ռոսլինի, Նարեկացու և Արշիլ Գորկու փոխկապակցված ստեղծագործ մտքի հավաքական հզոր ներուժը: Դյուրընկալ է դառնում բեմադրիչի դիրքորոշումը. համամարդկային մշակութային արժեհամակարգում հաստատված մեր խոշոր անհատականությունների արարչագործության կենսական ակունքներից զատվելով ենք հոգեպես ուժասպառվել: Անխոհեմաբար դիմազրկվել ենք, հեռացել մեր ինքնությունից: Տուրք տալով ներքին հակամարտություններին` ջլատվել ենք երբեմն այնչափ, որ դարձրել ենք հայրենի ոստանը տարատեսակ բաշիբոզուկների չարաղետ նկրտումների գոհացման թատերաբեմ: Հայոց պատմության շրջափուլա յին քառուղիների ներքին կապակցվածության աչալուրջ որոնումներում առկա է ազգային ողբերգությունների նախադրյալների բացահայտման ճիգը: «Զույգ արեգակների» «Հույս-Հավատ-Սեր-Ժողովուրդ» լուսաշող մտորումների ներգործությունը խորացվում է Ալան Հովհաննեսի երաժշտության ծաղկաքաղով: Գյուրջիևյան մտածողության հիմնարար շերտերն են ներկայացվում Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրած «Հիպ-հոպ» դասական պարերի անթերի կատարմամբ: Նարեկացու «Հավիկին» հաջորդում է Արամ Խաչատրյանի առաջին սիմֆոնիայից ընտրված հատվածը, որով միանգամայն հաստատվում է հայկական երաժշտական մտածողութ յան անշփոթելի հմայքն ու ամբողջանում ներկայացման տարաժանր հենքը: Զույգ արեգակների ստեղծարար կրակի մաքրագործող աներևույթ հուրն ուղղորդվում է դեպի հանդիսասրահ:

Անշուշտ ժամանակավրեպ է առաջնախաղով դատել պարախմբի կողմից Նարեկի առեղծվածային էության լիարժեք յուրացման մասին: Այս առումով դեռ ինքնահղկման ճանապարհ ունեն անցնելու հմուտ մենապարող մեր հայրենակիցներ Արման Զազյանն ու Սոնա Խառատյանը, ովքեր 11-15 թատերաշրջան հանդես են գալիս Շտուտգարդի և Վաշինգտոնի հանրահայտ բալետային խմբերի կազմում: Ինքներս ենք հեոացել մեր ինքնության ակունքներից... Կարևորը նրանք իրենց ճապոնացի, հույն, ֆրանսիացի, ամերիկացի, հայաստանցի խաղընկերների հետ բեմադրական 8 ամիսների աշխատանքային փորձառությամբ և Ռուդոլֆ Խառատյանի խորագիտությամբ բացառիկ հնարավորություն ունեցան բացահայտելու ինչպես Նարեկացու, այնպես էլ Հայ քանքարի մի շարք վառ անհատների ստեղծած մնայուն արժեքները: Եվ, որ պակաս կարևոր չէ, այդ արժեքների, ոմանց պարագայում նաև Հայաստան աշխարհի հնամենի մշակույթի մասին լուրը կտարածեն ՀՀ սահմաններից դուրս` մինչև «Երկու արեգակների» միջազգային բեմելը:

Հիմա արդեն վստահաբար կարելի է խոսել հաջորդ «ճակատամարտում»` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ամեն» միջազգային հեղինակավոր նախագծում ներգրավված Հայաստանի ազգային բալետի «զինվորի» մարտունակության մասին: Ասենք միայն, որ բազմաթիվ ժանրեր, լեզուներ և մշակույթ ներ միավորող «Ամենի» առաջնախաղը կկայանա ս.թ. սեպտեմբերի 29-ին` Իտալիայի «Արենա դի Վերոնա» բացօթյա սրահում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ