Ինքը` երգից, երգն` իրենից անբաժան

ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾԱՆԱՆՔ

Երգն անբաժան էր Վարդուհուց` դպրոցական տարիներից ի վեր: Երգը, որի թե´ երաժշտության, թե´ տեքստերի հեղինակը ու երբեմն էլ` կատարողն էր ինքը: Դպրոցում կազմակերպվող միջոցառումների սցենարներն ու երգերն էին հանձնարարում նրան, և բազմաշնորհ աշակերտուհին, ով սովորում էր նաև Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, միշտ գոհացնում-հիացնում էր ուսուցիչներին, աշակերտներին: Չէր էլ մտածում, որ ինքը ստեղծագործում է, երգեր հեղինակում: Չէր մտածում, բայց զգում էր, որ երգի ու պոեզիայի հանդեպ սերը հետզհետե տիրական է դառնում հոգում: Ո´չ միայն որպես ընթերցող ու ունկնդիր, այլ` որպես երգահան:

Մասնագիտությամբ բանասեր է Վարդուհի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. գիտական հոդվածների հեղինակ: Հընթացս աշակերտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանին` ժողովրդական վոկալի դասեր առնելով: Հետո երգել է «Շիրխանի» ավանդական երգի-պարի համույթում, այնուհետև իր երգերն է ձայնագրել «Արձագանք» ստուդիայում: Ունի հեղինակային ձայնասկավառակ և տեսահոլովակ, որոնցում իր երգերի կատարողը հենց ինքն է:

Ո՞րն է Վ. Խաչատրյանի երգերի հիմնական թեման: Հայրենասիրությո´ւնը: Իսկ ի՞նչ է հայրենասիրությունը Վարդուհու համար:

- Հայրենիքն այն միակ վայրն է, որտեղ դու լիարժեքության զգացում ունես ու, ամենակարևորը` քեզ պաշտպանված ես զգում: Սոցիալական անարդարությունների համար հայրենիքը չէ մեղավոր: Հայրենիքն այն օդն է, այն ջուրը, որոնցով զորանում ենք և այն հողն է, որի վրա մեզ ամուր ենք զգում: Վերջին ժամանակներում նախանձն ու չարությունն են բույն դրել մարդկանց հոգիներում, բայց դա հարիր չէ մեր ազգային էությանը: Մեր դժբախտությունների պատճառը մեծավ մասամբ հենց ինքներս ենք. միասնական չենք: Մինչդեռ միակամ լինելու դեպքում` մեր ձայնն ավելի լսելի կլինի: Քննադատենք, բայց չհեռանանք մեր երկրից, մեր արմատներից,- ասում է Վարդուհին:

- Իսկ ի՞նչ հոգեվիճակում են ծնվում հայրենասիրական երգերդ:

- Հիմնականում` երկրիս հանդեպ ցավ զգալիս:

Երգերը Վարդուհու զավակներն են, և նա դժվարանում է առանձնացնել մի քանիսը` որպես առավել հոգեմոտ, առավել հաջողված: Բայց ունկնդրին ավելի ծանոթ ու սիրված են, թերևս «Հայաստանը», «Իմ քոչարին», «Հայ զինվոր»-ը, «Հայոց բանակը»… Երգահանի «մուսաներից» են «Հայոց բանակը» և «հայ զինվորը»:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Կյանքում դժվար պահեր շատ են լինում: Ինձ համար ամենադժվարը եղել և մնում է ինքնահաստատվելը: Խոստովանեմ նաև իմ կյանքում ոչինչ դեռ հեշտ չի եղել: Ես միշտ դժվարությամբ եմ հասել այն ամենին, ինչն ունեմ: Լինում են պահեր, որ դժվարությամբ ձեռք բերածն ավելի քաղցր է, և ավելի է մարդը գիտակցում ձեռք բերածի կարևորությունը:

- Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Ես չեմ պատկերացնում, որ կարող եմ ուրիշ ազգից լինել: Ես եղել և մնում եմ հայ: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ և իմ հայրենիքի հանդեպ ունեցած սերը այնքան մեծ է, որ իմ երգերի գերակշռող մասը հայի, Հայաստանի ու հայրենիքի մասին են:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ի՞նչն այժմ կբարձրաձայնեիք…

- Գաղտնիքներ, որպես այդպիսիք, չունեմ, բայց անցյալում երբեք չէի ասի «Ինչու է կյանքն այսքան անարդար», իսկ հիմա ասում եմ:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Ինձ համար առեղծվածային եղել և մնում է մարդու կյանքը և ճակատագիրը, որն ինձ համար անբացատրելի ու առեղծվածային է:

- Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Զավեշտալի դեպքեր եղել են, բայց ես իմ սիրելի անկեդոտը կպատմեմ:

Ընկերներով հրավիրված են լինում խնջույքի: Նրանցից մեկը գինով լի բաժակը ձեռքին ասում է,

- Հայրենիքիս համար արյունս կտամ: Նրանց մեջ միամիտ մարդ է լինում: Նրան հարցնում են, թե դու ի՞նչ կտաս հայրենիքիդ համար: Նա ասում է,- տղերք ջան, ես էլ մնացած անալիզները կտամ: