ՄԵՆՔ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ

կամ` շրջագայություն հին Երևանով


«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ հանդիպման առիթը Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շուրջ ծավալված իրադարձություններն էին: Մշակութային արժեք հանդիսացող այդ շինության ճակատագիրը վտանգված է. այն ուզում են քանդել: Եվ մեզանում ձևավորվել է հերթական ինքնաբուխ քաղաքացիական նախաձեռնությունը. այս անգամ` ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի:

Ս. Բաղդասարյանի հետ զրուցեցինք Երևանի կենտրոնում` հընթացս հիշելով ժամանակին այստեղ գտնվող ճարտարապետական հուշարձանների ու դրանց առնչվող պատմությունների մասին: Զրուցակիցս հարցադրումներ էր անում, որոնց հետ չհամաձայնել չէր լինի.

- Երևանը շուտով կդառնա երեք հազար տարեկան. մեկը գա հարցնի` 3 հազար տարվա պատմություն ունեք, իսկ հին թատրոն ունե՞ք. ի՞նչ ենք ասելու:

Իր գործին քաջատեղյակ էքսկուրսավարի նման, ինքն էլ տալիս է հարցի բացատրությունը`

- Երկու թատրոն ենք ունեցել. Բունիաթյանի (ներկայիս Պարոնյանի) թատրոնը, որը վերանորոգվեց և Ջանփոլադյանի թատրոնը, որը հետագայում դարձել էր Սպայի տուն: Այդ թատրոնում առաջին անգամ բեմադրվեց «Անուշը»: Առ այսօր կառավարության հաստատած` պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում են Սպայի տունը և Գիլանյանցի լիմոնադի գործարանը...

Այստեղ Սեդրակ Բաղդասարյանը մի պահ լռում է, հետո չգիտես ինչից նեղվելով, ասում է.

- Հեռուստատեսությամբ գովազդվում է ամբողջ աշխարհում հայտնի վրացական լիմոնադը... Գիլանյանցի լիմոնադի գործարանը Անդրկովկասի կեսին լիմոնադ է մատակարարել: Գործարանի հարևանությամբ ամառային տնակներից մեկում 6 տարի ապրել է Խաչատուր Աբովյանը: Նա այս տնից է դուրս եկել ու չի վերադարձել: Բակում մի կաղնի կար, իսկ ցուցատախտակը հուշում էր` «այս ծառը տնկել է Խ. Աբովյանը»:

Մտքումս օրինական հարց է ծագում` ի՞նչ եղան այդ ամենը:

Ու կարծես միտքս կարդալով` Սեդրակը ընթերցում է հատված ժամանակին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակից:

- «Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց լիազորությունները միտումնավոր կերպով չկատարելու և գերատեսչական ակտը ՀՀ Արդարադատության նախարարությունում չգրանցելու, այնուհետև այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու հետևանքով ավելի քան 4 տարի Երևան քաղաքը չի ունեցել պատմության և հուշարձանների ցանկ և պահպանական գոտիներ»: Նամակը թվագրված է 18.05.2006թ., ստորագրված` ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյան: Նամակը մեզ հիշեցրեց Քոչարյանի այցը Երևանի քաղաքապետարան, երբ քաղաքապետը Ալբերտ Բազեյանն էր: Այն ժամանակ ՀՀ նախագահն ասել էր` փողի տակառի վրա նստած` ինձնից փող եք ուզում: Դրանից շատ չանցած` Երևանում սկսեց ամեն ինչ քանդվել...

Էքսկուրսավարի դեր ստանձնած զրուցակիցս առանց սխալվելու թվարկում է. քանդվեց Երևանի քաղաքային դումայի շենքը` տեղում կառուցվեց «Կոնգրես» հյուրանոցը, վաճառվեց ճարտարապետ Բունիաթյանի կառուցած «Սևան» հյուրանոցը...

Սեդրակ Բաղդասարյանը հանդիպման էր եկել «զինված». թևի տակ փաստաթղթերի տրցակ կար. ինչպես երևում է` չի սիրում առանց փաստերի խոսել: Ցույց է տալիս դարձյալ դատախազությունից ստացած հերթական տեղեկանքը.

- «Երևան քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձան-շենքերի քանդումը քաղաքապետարանի պատասխանատուները հիմնավորում են նրանով, որ ներդնողների կողմից ձեռք բերված տարածքներում լայնազանգված շինարարական աշխատանքներ կատարելուն խոչընդոտում է հուշարձանի առկայությունը»: Իսկ պետական սեփականության վաճառքի ոչ ենթակա գույքերի ցանկում նշված է միայն Մատենադարանի շենքը... Ըստ այս տրամաբանության ստացվում է, որ կարելի է վաճառել մնացած ամեն ինչը` առանց բացառությա՞ն...

Մտովի հին Երևանում շրջագայելով` հասնում ենք Հյուսիսային պողոտայի սկզբնամասին: Այստեղ ժամանակին եղած ճարտարապետական հուշարձաններից ոչինչ չի մնացել: Տեղափոխվել է նաև Հանրապետական կուսակցության գրասենյակի շենքը: Իսկ այդ շինության մասին տեղեկություն ստանալու հարցում օգնության է հասնում Սեդրակ Բաղդասարյանը:

- ՀՀԿ նախկին գրասենյակը տեղակայված էր հայտնի գինեգործ Սողոմոնյանի տանը: Սողոմոնյանը բացի գինուց նաև կոնյակ էր արտադրում. 1893թ. Սողոմոնյանի պատրաստած կոնյակը Չիկագոյում արժանացել է ոսկե մեդալի... Հավանաբար այս մասին մեր հայրենակիցներից քչերը գիտեն: Մենք հպարտացել ու հպարտանում ենք, որ հայկական կոնյակի ստեղծող Շուստովը գործարանը Երևանում է հիմնադրել, բայց մոռացության ենք մատնել մեր հայրենակից Սողոմոնյանին, և նրա մասին հիշեցնող մի հուշատախտակն անգամ շատ ենք համարել, էլ ո˜ւր մնաց` նրա ապրած տան շենքը պահպանեինք:

Երբ խոսք գնաց հուշատախտակի մասին, զրուցակիցս նկատեց, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի վրա տեղադրված հուշատախտակը անցորդներին տեղեկացնում է` այս տանն ապրել է պետական գործիչ Մամիկոն Գեղամյանը: Խնդիր չկա, նրա ժամանակակիցները հավանաբար համարում են, որ մեր պատմության համար շատ կարևոր է հիշել Մամիկոն Գեղամյանին, բայց մի՞թե երևանցիների համար կարևոր չէ, որ ժամանակին Աֆրիկյանները խմելու ջուր են հասցրել քաղաք, որպեսզի երևանցիները Զանգվի ջուր չխմեն: Այսօր ինչո՞ւ են ուզում քանդել Աֆրիկյանների ակումբը:

Ասում եմ` հիմա հուշարձան-շենքերի քարերը համարակալում են, որ հետո մի ուրիշ տեղ վերականգնեն: Զրուցակիցս չի հավատում վերականգնելուն`

- Մինչև հիմա քանի՞ էդպիսի կառույց են վերականգնել: Շատ անգամ քարերը կորչում են, տեղն էլ չեն հիշում:

Հակադրվելը դժվար է. մարդը փաստեր ունի:

Սեդրակ Բաղդասարյանի հետ երկար մտովի շրջագայեցինք հին Երևանում, հիշեցինք քաղաքում գոյություն ունեցած ճարտարապետական հուշարձաններն ու դրանց առնչվող պատմությունները, որոնք հուշարձանների քանդվելու հետ միասին կկորչեն երևի: Ստացվում է, որ մենք մեր ձեռքով քանդում ենք մեր պատմությունը...

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԸ