Վստահության պակասը

- Սա բոլորիս երկիրն է,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ


Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում, խոսելով իշխանություններին ընդդիմության ներկայացրած պահանջների մասին, ասել եք, որ ժողովուրդը ակտիվ չէ. մասնավորապես էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ լինելու հարցում չկա նրանից ակնկալվող օժանդակությունը:

- Ժողովուրդը դժգոհում է, բայց անհրաժեշտ ակտիվությունը չկա: Ժողովրդի մի մասը վախեցած է, մի մասը տանն է դժգոհում, մի մասը` փողոցում…

Իսկ ինչո՞վ եք բացատրում Ձեր նշած պասիվությունը. կուսակցություններին չի՞ վստահում:

Արտագաղթն այնպիսի չափերի է հասել, որ երկրում ժողովուրդ չի մնում. ապուշը կարող է ուրախ լինել իր հոսանքի, գազի թանկացումից, ոստիկանական տեռորից: Եթե մարդուն մորթում են, ու ինքը ձայն չի հանում, ուրեմն վիճակը վատ է, ուրեմն ավելի վատից է վախենում… Եթե ձեզ էլ 15 տարի վախի մեջ պահեն, վախեցնեն աշխատանքից զրկելով, հետապնդումների ենթարկելով, բանտեր նետելով` դուք էլ այդպիսին կլինեք: Շանտաժներն ու ճնշումն ազդում են մարդկանց վրա: Յուրաքանչյուրին վախեցնելու մի ձև են գտնում… Ռեժիմ կոչվածը հենց սա է. ռեժիմ, որտեղ չկան ո´չ քաղաքական ուժեր, ո´չ բացախոսություն ու ժողովրդավարություն:

Բայց կան քաղաքացիական նախաձեռնություններ, որոնցում հիմնականում երիտասարդությունն է հանդես գալիս, և նրանց ոչնչով չես վախեցնի:

- Էս պահին մոտ 50 երիտասարդների ոստիկանությունը բերման է ենթարկում… (մեր զրույցը ՀԾԿՀ շենքի մոտ ոստիկանության և ակտիվիստների միջև բախումների պահին էր-Ա. Դ.) Դուք լրագրող եք, ժողովրդին կոչ արեք ակտիվանալ, իշխանություններին կոչ արեք օրենքի շրջանակներում գործել… Դուք էլ պասիվ մի մնացեք` ձեր ընթերցողներով, ձեզ լսողներով գործուն մասնակցություն ունեցեք: Վերջապես միայն լրագրող չեք, ձեր ընթերցողներն էլ միայն ընթերցող չեն… չէ՞ որ սա բոլորիս երկիրն է վերջին հաշվով:

Լևոն Զուրաբյանը վերջին նստաշրջանին հաջորդող ասուլիսում ասաց, որ սեպտեմբերին ընդդիմադիր քառյակի դիքորոշումը շատ ավելի կոշտ է լինելու: Ի՞նչ է նշանակում ավելի կոշտ լինել:

- Մենք 12 կետից բաղկացած կոնկրետ պահանջներ ենք ներկայացրել իշխանությանը: Դրանց դրական արձագանք չստանալու դեպքում մենք մեր առաջին քայլը ասել ենք` հանրապետական հանրահավաք: Հանրահավաքին կտեսնենք` ինչ զանգված կհավաքվի, ինչ ուժեր կմիանան, ըմբոստության ինչ աստիճան կլինի, քաղաքական ուժերն ինչ տրամադրվածություն կունենան... Ցանկացած տարբերակ ես չեմ բացառում: Ժողովուրդն իրավունք ունի սահմանադրորեն արտահայտելու իր կամքը և որոշելու իր ապրելու ու պայքարելու ցանկացած ձևը: Եթե երկիր է կործանվում, եթե մի ողջ ժողովրդի ոչխարի տեղ են դնում, ապա ժողովուրդն իրավունք ունի ցանկացած պատասխանի:

Դուք հույս ունե՞ք, որ նշած ժամանակամիջոցում անհրաժեշտ կրիտիկական զանգվածը կհավաքվի:

- Ես ոչ թե հույս ունեմ, որ կրիտիկական զանգված կհավաքվի, այլ ուզում եմ, որ իշխանությունը խելքի գա և կատարի այն պահանջները, որ ներկայացրել ենք: Այդ պահանջներն իշխանության կամ ընդդիմության համար չեն. դրանք ժողովրդի համար են: Եթե այդ պահանջները կատարվում են, հայը չի արտագաղթում Հայաստանից, իսկ մեր խնդիրը մեկն է: Մեր նպատակը բարի է, կառուցողական: Եթե իրենք դրականորեն չեն արձագանքում կառուցողականին, ուրեմն պետք է աշխատենք կրիտիկական զանգված հավաքել: Իսկ թե որն է այդ կրիտիկականը` չգիտեմ… Հավաքում ենք այնքան, ինչքան կարողանում ենք, հավաքում ենք այնքան, ինչքան ժողովուրդը կամենում է: Ստանդարտներից դուրս վիճակ է, աննորմալ իրավիճակ է, որը կարող է նույնքան աննորմալ դրսևորումներ ունենալ: Այնպես որ, ձեր հարցերի պատասխանը ես բազմապատկման աղյուսակի գծած պատրաստի կանոններով չունեմ:

- Գառնիկ Իսագուլյանը վերջերս հեռուստատեսությամբ ընդդիմությանը խորհուրդ էր տալիս ամռանն այցելել մարզեր և 12 պահանջները բացատրել ժողովրդին, որպեսզի վերջինս էլ միանա դրանց: Ըստ Գ. Իսագուլյանի` այդ դեպքում 12 պահանջները կդառնան ժողովրդի առաջադրած պահանջներ:

- Գառնիկը չի, որ պիտի խորհուրդ տա: Մենք լուրջ քաղաքական ուժ ենք և մշտապես առնչվում ենք մեր տարածքային կառույցների հետ: Բնականաբար, հարկ եղած դեպքում կպատրաստվենք նաև սեպտեմբերին: Եթե իշխանությունները կոպիտ քայլերը շարունակեն, ես չեմ բացառում, որ սեպտեմբերը կարող է նաև ավելի շուտ գալ:

Կան կարծիքներ, որ Հայաստանին հատկապես հիմա խիստ անհրաժեշտ է ներքին կայունությունը: Գիտեք, որ միշտ խաղաղ համարվող Նախիջևանի սահմանում վերջերս բախումներ են տեղի ունեցել: Ներքին ապակայունացումն արդյո՞ք վտանգավոր չի լինի մեր Հանրապետության համար:

- Իշխանությունն այսօր հետևողականորեն գնում է ամենակայուն վիճակ ստեղծելու` Հայաստանից մարդկանց տարհանելու ճանապարհով: Եթե Հայաստանում մարդ չի լինի, բնականաբար ոչ մի բողոքող էլ չի լինի, ոչ մի դժգոհող էլ չի լինի: Իրենք են տարածում, թե ներքին կայունություն պետք է լինի, որ դրսում խնդիրներ չունենանք: Ես էլ ասում եմ` ներսում վստահություն պետք է լինի, որ դրսում խնդիրներ չունենանք: Մենք չունենք այդ վստահությունը: Մենք ուզում ենք լինի իշխանություն, որին ժողովուրդը վստահում է. մենք դրա պակասը ունենք:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ